Ներքին 3 տարի առաջ - 18:52 14-02-2023

Արցախում սահմանադրական ճգնաժամ է․ Սամվել Բաբայան

Արցախում սահմանադրական ճգնաժամ է։ Այս մասին նշված է Սամվել Բաբայանի տարածած հայտարարությունում։

«Արցախում ներքաղաքական հնարավոր զարգացումների ֆոնին աճում է տեղեկատվական փոխհրաձգությունը: Քաղաքական վերադասավորումների արդյունքում իշխանության մեջ տեղավորվելու նպատակն, ինչ խոսք, արդարացնում է միջոցները։ Ինչևէ։

2020թ․ համապետական ընտրություններից առաջ և հետո մշտապես, այդ թվում՝ հրապարակավ, կարևորել եմ սահամանադրական բարեփոխումները։ Հարցն առանցքային էր նաև «Ազատ հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի և «Միասնական հայրենիք» կուսակցության միջև կնքված համագործակցության հուշագրի շրջանակում։ Սահմանադրության փոփոխության անհրաժեշտությունը սրվեց հետպատերազմականշրջանում։ Սահմանադրության փոփոխության նախաձեռնության՝ մեկ քայլ առաջ, երկուսը՝ հետ մարտավարությունը հանգեցրեց սահմանադրական ճգնաժամի, որը լուծելու փորձերը կապվեցին կադրային քաղաքականության և/կամ առանձին անձանց փոխատեղումների հետ։ Այս մոտեցումը ևս սոսկ իրավիճակային էր, որը, հավասարակշռելու փոխարեն, հակակշռեց իշխանությունը՝ իր հերթին առավել խորացնելով ճգնաժամը։

Արցախի «սուպերնախագահական» կառավարման մոդելում, կարծես թե, տարանջատվել են իշխանության թևերը, բայց ոչ հավասարակշռման գործնական մեխանիզմները․ ամեն բան սկսում է նախագահի ինստիտուտից և կրկին հանգում դրան։ Ասել է թե՝ բոլորը կարող են որոշում կայացնել, բայց այդ բոլոր որոշումների հետևանքների պատասխանատվությունը կրկին վերագրվում է նախագահին։ Ահա թե ինչու բոլորը իշխանություն են, բայց՝ անմեղսունակ, բոլորն օժտված են լիազորությամբ, բայց՝ ոչ պատասխանատվությամբ։ Ցանկության դեպքում իսկ չեն կարող այն ստանձնել, պատասխանատվության «մենաշնորհը» Սահմանադրությամբ վերապահվել է նախագահին։

Սահմանադրական նման կարգավորումների պայմաններում արդյո՞ք ինչ-որ մեկը ցանկություն կունենա իշխանություն լինել, արդյո՞ք ինչ-որ մեկը կարող է ձգտել պաշտոն զբաղեցնել։ Ինչ-որ մեկը՝ գուցե, բայց ո´չ ես։

Արցախում ստեղծված սահմանադրական ճգնաժամը՝ դրանից բխող բոլոր հետևանքներով Արցախի քաղաքական և հասարակական շրջանակների խղճին է, ովքեր տառապում են բացառապես պաշտոն զբաղեցնելու, պետական բյուջեից սնվելու, իշխանական շրջանակներին հնարավորինս մերձ հարելու մոլուցքով, բայց ոչ քաղաքական և հասարակական պատասխանատվություն կիսելու պատրաստակամությամբ։

Արցախում և նրա շուրջը ստեղծված իրավիճակը սահմանադրական ճգնաժամի ուղղակի հետևանք է, ուստի, փոխանակ զբաղվելու դրա հետևանքները մեղմելու պարապ գործով, բոլորիս ջանքերը պետք է ուղղվեն դրա պատճառների վերացմանը։

Կոչ եմ անում Արցախի սուբյեկտայնության վերջին փշրանքների պահպանմամբ մտահոգ շրջանակներին բոլոր հնարավոր ջանքերն ուղղել ճգնաժամի հանգուցալուծմանը, որը կարող է հնարավոր դառնալ բացառապես սահմանադրական փոփոխությունների եղանակով»,- նշել է Բաբայանը։

Ամենից շատ դիտված

15:47 Նախօրեին բանակում մահացած զինծառայողը 19 տարեկան էր, ապրում էր մեծ եղբոր ու մոր հետ․News.am
12:52 Իմ անցած ճանապարհն անցնելու համար ձեզնից 3 կենսաբանական կյանք կպահանջվի. Ղազարյանը-Անդրեասյան բանավեճ՝ ԱԺ-ում
16:06 Շնորհավոր ծնունդդ, ուժեղ տղա՛․ Առուշ Առուշանյանը շնորհավորել է հոր ծննդյան օրը
08:48 «Ինձ չհեռացրիք՝ ես եմ ձեզ հեռացնելու». Փաշինյան․ «Ժողովուրդ»
17:40 Անձնական հարց է, ավել բան չենք կարող ասել․ նոր մանրամասներ՝ Վարդենիսի ԲԿ-ի տնօրենին ծեծելու դեպքից
18:00 Կա՛մ «Գողականի մասին» օրենքն ընդունեք, կա՛մ ժարգոնից հրաժարվեք
09:00 Հերթը հասավ օդանավակայանին
14:11 Դուք եղկելի եք. Եռաբլուրը մանրադրամ սարքողներին սատկացնելու եմ. Փաշինյան
12:14 Երևանում օտարերկրացին ահազանգել է, որ ԲԿ-ներից մեկում առանց իր համաձայնության ամբողջությամբ հեռացրել են իր աջ ամորձին
21:20 Դատարանը տնային կալանք է կիրառել «Օշականցի Գևորիկի» և «Զապի» նկատմամբ