Մշակույթ Միտք 4 տարի առաջ - 21:28 19-07-2022

Պարուհիների գեղանկարիչն ատում էր կանանց

1834 թ. հուլիսի 19-ին ծնվել է իմպրեսիոնիզմի վառ ներկայացուցիչ, գեղանկարիչ Էդգար Դեգան։ Հակասություններով լի այս արվեստագետը պաշտում էր նկարչությունը և ատում բնությունը: Լինելով կնատյաց՝ գրեթե միշտ նկարում էր կանանց։



Էդգար Դեգան չէր սիրում կանանց, երեխաներին, շներին, շատախոսություն ու ծաղիկներ։ Լսելով որևէ հավաքույթի կամ ճաշկերույթի մասին, որտեղ ինքը չէր եղել, Դեգան արհամարհանքով ասում էր. «Այնտեղ հաստատ նաև շատ ծաղիկներ եղած կլինեն»։

Դեգայի տարօրինակությունների մասին պատմում էին հենց իր բնորդուհիները։ Նրանցից մեկն ասում է. «Այս տարօրինակ պարոնը ինձ նկարելուց առաջ չորս ժամ մազերս էր սանրում», մյուսը խիստ հիասթափված, ավելացնում էր. «Նա հետաքրքրված չէ սիրով ու սիրախաղով»։



Դեգան հայտնի է իր բալետի պարուհիների շարքով։ Մոտ 1500 նկարներ նվիրված են բալետի պարուհիներին։ Դրանք առանձնանում են իրենց գեղեցկությամբ, նրբագեղությամբ, զգացմունքայնությամբ, կրքով ու թրթիռով։ Սակայն նկարիչն իրեն բնորոշ ցինիզմով, իր այս շարքի մասին գրում է. «Ինձ անվանում են պարուհիների գեղանկարիչ, չեն հասկանում, որ պարուհին ինձ համար առիթ է եղել նկարելու նրանց հագուստի գեղեցիկ գործվածքները և փոխանցելու նրանց շարժումները»։



Դեգան երբեք չի ամուսնացել և ոչ ոք տեղյակ չէր նրա անձնական կյանքի մասին։ Նրա կնատյացության ու երդվյալ ամուրիության պատճառները ամենալավը հասկացել ու բնորոշել է Վան Գոգը. «Դեգան ապրում է լուռ ու աննկատ, ինչպես գավառական նոտարիուսը և չի սիրում կանանց, նա գիտի, որ նրանց հետ հարաբերվելիս կդառնա հոգեպես անառողջ ու գեղանկարչության մեջ անկարող»։

Դեգան 36 տարեկան էր, երբ տեսողության հետ կապված խնդիրները սկսեցին գլուխ բարձրացնել։ Քառասուն տարեկանում նա արդեն շատ վատ էր տեսնում, իսկ 57-ում` այլևս չէր կարողանում կարդալ։ Թույլ տեսողությունը, անկասկած, ազդեց նրա աշխատանքի վրա։ Դեգայի ուշ շրջանի գործերը հենց տեսողության վատթարացման հետ կապված սկսեցին փոխվել։ Նրա կտավներում հայտնվեցին մեծ ու լայն վրձնահարվածներ, իսկ գույները դարձան ավելի համարձակ ու վառ։



Մահվանից 10 տարի առաջ նա ընդհանրապես դադարեց նկարել, քանի որ այլևս ոչինչ չէր տեսնում։ Դեգան մահացավ 83 տարեկանում։

Մահից առաջ նա մանրամասն գրել էր, թե ովքեր պիտի մասնակցեն իր հուղարկավորությանը, իսկ ընկերոջը հանձնարարել էր, թույլ չտալ ոչ ոքի մահախոսական ճառեր։ Նա խնդրել էր որպես դամբանաճառ հնչեցնել միայն մեկ նախադասություն. «Նա այնքան շատ էր սիրում նկարել»։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով