Միտք Ներքին 4 տարի առաջ - 09:15 07-06-2022

Երկու տարբեր Երևան

Երկու տարբեր՝ ընդհանուր ոչինչ չունեցող, զուգահեռ ու բոլորովին անհաղորդ ժամանակ՝ որպես երևանյան իրականություն: Մի կողմում՝ Մաշտոցի պողոտան խաչող Ֆրանսիայի հրապարակում հանրահավաք է, որովհետև Արցախից մնացած պատառը և մի պատառ Հայսատանը կորցնելու տագնապ կա, որ գալիս է խրամատներից և բանակցային սեղանին օր օրի ծանրացող ու հույսը հատող պայմաններից: Իսկ զուգահեռ Սարյան փողոցում գինու փառատոն է, շար-շար ձգվող տաղավարներ, ուր մարդիկ դանդաղ ու կում-կում համտեսում են տարբեր գինիներ և ճաշակում ընդեղեն: Ուրախ են ու զվարթ, ցնծում են և ուրախանում:

Փողոցներում երթ է, երգում են «Զարթնի՛ր, լաո»: Բռունցքները վեր պարզած՝ պատգամում են. «Արցախը մերն է», «Առանց թուրքի Հայաստան»: Ծածանում են Արցախի և Հայաստանի դրոշները՝ գլխից վերև, ուսերին փռած: Իսկ մայթեզրին ձգվող, մեկը մյուսին հաջորդող սրճարաններում տարեց ու երիտասարդ՝ մեր ապահով ապագան, վայելում են խմիչք ու ըմպելիք, տեսակ-տեսակ խորտիկներ՝ անտարբեր, անհաղորդ, կույր ու խուլ՝ վտանգված ապագայի տագնապին: Կյանքը այնպես անհոգ է ու թեթև, զարմանալի անտարբեր, և որևէ մեկի մտքով չի էլ անցնում, որ այս ամենը տարօրինակ է:

Այս մարդիկ հոգով ու սրտով, իրենց չքնաղ երազներով շվեյցարիաներում են, փարիզներում ու հռոմներում, վարդագույն ու փափուկ տեսիլքի մեջ: Բայց մոռանում են, որ մարմնով, իրենց տուն ու ունեցվածքով, իրականության մեջ Երևանում են, որ իերեց քաղաքը Երևանն է: Իսկ թշնամին Երևանին ասում է Իրեվան ու համարում է իր քաղաքը և հոխորտում, որ գալու է: Արդեն եկել է Արցախ, Սյունիք ու Գեղարքունիք և ասում է՝ գալիս ենք Երևան: Իսկ Երևանը մոտ է, շատ է մոտիկ: Եթե կասկածում եք, նայեք քարտեզին. մոտիկ է շուտ հասնելու չափ:

Երկու տարբեր քաղաքներ՝ մեկ քաղաքի մեջ, երկու տարբեր ժամանակներ մեկ ժամանակի մեջ, որ ասում ենք աբսուրդ՝ այդ անսովորն ու կանոնից դուրսը առանձնացնելու համար: Երկու քաղաք՝ մեկ քաղաքում. մեզնից մեկը ներկան է վայելում, իսկ մյուսն ուզում է ապագան վայելել:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին