Ներքին 4 տարի առաջ - 20:34 28-03-2022

Հավատի ճգնաժամ. մեզ բոլորը խաբում են, «անգամ» ռուսները

Ռուսները մեզ խաբեցին։ Երեկ ասացին, թե իրենց բանակցությունների արդյունքում ադրբեջանցիները հետ են քաշվել Փառուխից և վերադարձել ելման դիրքեր։ Հետո պարզվեց՝ սուտ էր, ոչ մի ադրբեջանցի էլ հետ չի քաշվել։ Հիմա մարդիկ չգիտեն՝ ում հավատան. բոլորը բոլորին խաբում են, բոլորը բոլորին՝ ստում։ Մեզ մոտ հավատի ճգնաժամ է, մենք այլևս չգիտենք՝ ում հավատալ։ Եվ սա ամենավտանգավորն է։

Իշխանությունները մեզ վաղուց էին խաբում, ավելի ճիշտ՝ իշխանությունները երբեք մեզ ճիշտը չեն ասել, և մենք արդեն սկսել ենք հավատալ, որ նրանք ստում են։ Նրանց միակ ճիշտ բանն այն է եղել, որ նրանք «լուծելու են» Արցախի հարցը և լուծում են ու չեն էլ թաքցնում՝ ինչպես են լուծում։ Այս հարցում մեր իշխանությունները առավել քան ազնիվ են՝ նրանք բացահայտ հասկացնում են, որ իրենց վրա պետք չէ հույս դնել, իրենք Արցախի հարցը լուծելու են ոչ հօգուտ արցախցու, ուստի, եթե կարող եք, ձեր հույսը ուրիշի վրա դրեք, օրինակ՝ Աստծու։ Բայց Աստծուն էլ ենք սկսել չհավատալ։

Մենք, լինելով աշխարհում առաջին քրիստոնյա ժողովուրդը, դարձել ենք անհավատ, քանզի հասկացանք, որ Աստված ևս երես է թեքել մեզանից, կամ գուցե Աստված մեռել է։ Մենք Աստծուն սպանեցինք այն ժամանակ, երբ սկսեցինք հավատալ Նիկոլին ու աստվածացնել նրան։ Աստված մեռավ, երբ հավատի այլ «օբյեկտներ» հայտնվեցին՝ փրկիչներ, քաղաքական գործիչներ, ամբիոնից ելույթ ունեցողներ։ Մենք սկսեցինք քննարկել՝ հավատա՞լ նրանց խոսքերին, թե՞ ոչ, և Աստված երևի մտածեց՝ պետք է նրանց զրկել հավատից, որովհետև նրանք, այսինքն՝ մենք, Աստծու ճշմարիտ խոսքը թողած՝ ուրիշների ստերին ենք ուզում հավատալ։ Մենք Աստծուն չհավատալուց զատ՝ նաև հույսներս կտրեցինք նրանից, քանի որ հասկացանք՝ պատերազմի դաշտում, երբ «Բայրաքթարը» հետապնդում է քեզ, որ ոչնչացնի, Աստծու վրա հույս դնելու փոխարեն ավելի արդյունավետ է ուղղակի արագ փախչել ու պատսպարվել որևէ անվտանգ տեղում, որ ԱԹՍ-ի թիրախ չդառնաս։

Երևի սա էլ է փորձություն մեզ համար, որ հույսներս ինքներս մեզ վրա դնենք միայն, բայց մենք մեզ էլ այլևս չենք հավատում, մենք չգիտենք՝ մեզ վրա հույս դնելն արդյոք կարդարացնի՞ մեր հույսերը, թե՞, ամեն դեպքում, ճիշտը ռուսների զորությանն ապավինելն է։ Իսկ ռուսներն էլ, ինչպես պարզվեց հիմա, և ինչպես ցույց է տալիս պատմությունը, գրեթե միշտ մեզ խաբել են։ Բայց այնպես են խաբել, որ դեռ իրենց հավատալու և իրենց վրա հույս դնելու տեղ ունենանք։

Ֆրիկ

Ամենից շատ դիտված

12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
13:02 Հնդիկ առաքիչի մահվան գործով մինչ օրս մեղադրյալ չկա