Միտք 4 տարի առաջ - 13:37 25-02-2022

Թուրքիան ռազմագործողության ընթացքում չի զինի Ուկրաինային

Ուկրաինայում ռուսական հատուկ ռազմագործողության մեկնարկից հետո Թուրքիան ակնհայտորեն հայտնվել է բարդ կացության մեջ։ Նախ Անկարայում Ուկրաինայի դեսպանատունը կոչ է արել ռազմավարական դաշնակից Թուրքիային և բարեկամ թուրք ժողովրդին աջակցել այս բարդ ժամանակաշրջանում, ապա արտակարգ և լիազոր դեսպան Վասիլի Բոդնարը հայտարարություն է տարածել՝ պահանջելով ռուսական ռազմանավերի համար փակել Բոսֆորի և Դարդանելի նեղուցները։ Տեսականորեն Թուրքիան, իհարկե, ունի այդ իրավունքը։ Մասնավորապես՝ սևծովյան նեղուցների ռեժիմը սահմանող Մոնտրյոյի կոնվեցիայի համաձայն՝ բոլոր այն դեպքերում, երբ Թուրքիան պատերազմի կմասնակցի կամ կգտնի, որ անմիջականորեն իրեն պատերազմ է սպառնում, իրավունք է վերապահված թույլատրել կամ չթույլատրել նեղուցներով ցանկացած տեսակի ռազմանավերի անցումը։ Իսկ բոլոր այն պատերազմի ժամանակ, որոնց Թուրքիան չի մասնակցի, նեղուցները պետք է փակ լինեն պատերազմող պետության ռազմանավերի համար։ Գործնականում Թուրքիան այս ուղղությամբ որևէ քայլ չի կատարել և անգամ հանդես չի եկել պաշտոնական հայտարարությամբ։ Ակնհայտ է, որ Թուրքիան խորապես անհանգստացած է ռուսական կողմի հաջողություններով, բայց սպասում է դեպքերի զարգացմանը, քանի որ բեկման բացակայության դեպքում բացառվում է, որ նման արկածախնդրության գնա՝ կասեցնելով ռուսական ռազմանավերի շարժը։ Փորձը ցույց է տալիս, որ Թուրքիան նախընտրում է ոչ թե ուղիղ առճակատման մեջ մտնել ռուսների հետ՝ փակելով նեղուցները, այլ բացել դրանք՝ երրորդ ուժի, այն է՝ Միացյալ Նահանգների համար։ Որպես օրինակ նման դեպքեր արձանագրվել են 2008-ին, երբ թուրքական իշխանությունների հավանությամբ սևծովյան ակվատորիայի մուտքի թույլտվություն ստացավ ամերիկյան ռազմանավ, կամ 2014-ին ուկրաինական Մայդանի ամենաթեժ շրջանում, երբ ամերիկյան մեկ այլ՝ «Թեյլոր» ռազմանավը մուտք գործեց ջրային ավազան և կոնվենցիայի խախտմամբ 11 օր ավելի մնաց Սև ծովում։ Մոսկվայում, անշուշտ, այս մասին չեն մոռացել, և բացառված չէ, որ Պուտինը հավելյալ հիշեցրած և նախազգուշացրած լինի Թուրքիայի նախագահ Էրդողանին։

Ավելին, Թուրքիան կբացառի նաև զենքի և զինամթերքի մատակարարումը, որովհետև դա Կրեմլում կընկալվի որպես քայլ մեջքից։ Հանուն արդարության պետք է նկատել, որ Թուրքիան վերջին տարիներին առաջատարներից է Ուկրաինային զենք մատակարարելու տեսանկյունից։ Բավական է նշել, որ միայն 2018-2020 թվականների ընթացքում Ուկրաինան 74 միլիոն դոլար է ծախսել՝ ձեռք բերելու թուրքական արտադրության «Bayraktar TB2» տեսակի ԱԹՍ-ներ։ 2020 թվականի փետրվարի 3-ին Կիևի և Անկարայի միջև կնքված ռազմաֆինանսական համագործակցության միջկառավարական պայմանագրով Թուրքիան պարտավորվել է 36 միլիոն դոլարի ռազմական օգնություն ցուցաբերել, սակայն այն պայմանով, որ Կիևն այդ գումարով հենց թուրքական արտադրության զենք և կրկնակի նշանակությամբ ապրանքներ գնի։ Օրինակ Ուկրաինայի պաշտպանության նախարար Անդրեյ Զագորոդնյուկի կարծիքով՝ Կիևի և Անկարայի համագործակցությունը նախատեսում է գործակցություն 5 ուղղությամբ, այն է՝ հակատանկային գերճշգրիտ միջոցների համատեղ արտադրություն, ուղղաթիռների վերանորոգում և տեխնիկական աջակցություն, ավիացիոն շարժիչների մատակարարում, համագործակցություն անօդաչու թռչող սարքերի հակազդման, ինչպես նաև տրանսպորտային ավիացիայի և վարժահամալիրների ոլորտում։ Հարկ է նկատել, որ ՊՆ կողմից թվարկված ուղղություններն ամբողջական չեն, քանի որ Ուկրաինան մասնակցում է նաև Թուրքիայի կողմից «Akıncı» տեսակի ծանր անօդաչուի մշակման աշխատանքներին։ Ուկրաինայում թուրքական արտադրության անօդաչուները հատկապես մեծ համբավ են վայելում Արցախյան 44-օրյա պատերազմից հետո, երբ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի ընթացքում վճռորոշ ելք կարողացան ապահովել։ Ուկրաինայում թուրքական այս տեխնիկայի գործարկումը ուշադրության կենտրոնում է Անկարայում, որովհետև թուրքերն ուշադրությամբ հետևում են ՀՕՊ-ի հակազդեցության պայմաններում դրանց մարտական աշխատանքի արդյունավետությանը, հանգամանք, որի ուսումնասիրության հնարավորությունը չունեին Արցախում։ Ըստ ուկրաինական և ռուսական պաշտոնական աղբյուրների՝ հատուկ ռազմագործողության առաջին օրվա ընթացքում Ուկրաինայի երկնքում ռուսական ՀՕՊ-ը «Bayraktar TB2» տեսակի չորս ԱԹՍ է զգետնել։


Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել