Միտք 4 տարի առաջ - 20:31 08-12-2021

Ազգային անվտանգությունը նաև մշակութային անվտանգությունն է

Մաս 2

(սկիզբ` https://oragir.news/hy/material/2021/12/02/24759/ )

Մշակույթի մասին տարածված պատկերացումն այն է, որ մշակույթ ասելով պետք է հասկանալ արվեստ, արհեստ, ինչպես նաև կրոն, ավանդույթներ ու սովորույթներ: Բայց մշակույթն ավելի լայն հասկացություն է և վերաբերում է առաջին հերթին տվյալ ժողովրդի կամ ազգի կյանքի կազմակերպման ձևերին: Այն է` մշակույթը տվյալ մարդկանց ապրելակերպն է, կյանքի կազմակերպման մեխանիզմները, որոնք ձևավորվել են պատմության ընթացքում և ապացուցել իրենց կենսունակությունը: Մշակույթի այսպիսի ընկալումը թույլ է տալիս հասկանալ, որ մշակույթում, որով կազմակերպվում է մարդկանց համատեղ կյանքը, մեծ նշանակություն ունեն իդեալները և խորհրդանիշները:

Պատմությունը և պատմական կարևոր իրադարձությունները, անցյալի և ներկայի նշանակալի դեպքերը և դրանց հիմնական դերակատարներն ազգային մշակույթում հանդես են գալիս իդեալների և սիմվոլների (այս դեպքում` հերոսների) տեսքով: Դրանք դառնում են ընդօրինակման մոդելներ և կյանքի ուղենիշներ: Օրինակ՝ քրիստոնեական մշակույթում այդ իդեալը դրախտային կյանքն է, իսկ հերոսը` Հիսուսը, որի կյանքի և գործունեության ինչ-ինչ դրվագներ ընդօրինակվում են հավատացյալների կողմից: Արդեն կոնկրետ հասարակության ազգային մշակույթում քրիստոնեական մշակույթի հաստատությունը, ներկայացուցիչը դառնում է եկեղեցին, որն այդքանով հանդերձ ձեռք է բերում իդեալի և հերոսի հետ առնչվող խորհրդանշանակ նշանակություն: Նույն տրամաբանությամբ կարելի է խոսել պատերազմի հերոսների մասին, որոնց կյանքը և գործունեությունը դառնում են ընդօրինակման առարկա շնորհիվ նրա, որ ազգային մշակույթում ձեռք են բերում իդեալներին (այս դեպքում` հաղթանակին) հասնելու և ազգային համախմբման ու դիմադրողականության ոգին բարձրացնելու ներուժ:

Հետևաբար, որևէ մշակույթ քանդելու, ապակայունացնելու, դրա համախմբող ուժը թուլացնելու համար նախ անհրաժեշտ է արժեզրկել իդեալները և հերոսներին, օրինակ, զինվորին ներկայացնել ոչ թե խաղաղության և հաղթանակի խորհրդանիշի, այլ դավաճանի, վախկոտի կամ դասալիքի, իսկ պատերազմը հաղթած հրամանատարին` հանցագործի տեսքով, եկեղեցու առաջնորդին դիմել և ներկայացնել որպես շարքային քաղաքացի, իսկ կրոնական արժեքները մեկնաբանել որպես հնացած և անպիտան: Ազգային մշակույթի վրա հարձակումների ժամանակակից հնարքներից են նաև միասնական անցյալի մասին պատկերացումների քննադատությունը, հայրենիքի գաղափարի արժեզրկումը և դրա փոխարինումը զուտ տարածքով, ազգային-մշակութային մարդու փոխարեն շարքային սպառողի կերպարի տարածումը, մշակութային արգելքներին և այլ պարտադիր նորմերին ազատության և հարմարավետության անհատական ընկալումների հակադրումը: Դժվար չէ նկատել, որ ազգային մշակույթը խարսխված է հավաքական «մենք»-ի վրա, մինչդեռ ազգային-լոկալ մշակույթներին հակադրվող և փոխարինելու հավակնություններ ունեցող մշակույթը հիմնված է «ես»-ի` անհատի գերակայության սկզբունքի վրա: Երբ հասարակական գիտակցության մեջ արժեզրկվում է հավաքական «մենք»-ը, մարդ դադարում է գործել հանուն այդ «մենք»-ի` ժողովրդի, ազգի:

Հետևաբար, ազգային-մշակութային իդեալներն ու խորհրդանիշները արժեզրկելու միջոցով հնարավոր է դառնում զրկել մարդկանց որևէ մեծ մշակութային հավաքական «մենք»-ին պատկանելու գիտակցությունից և հանուն այդ «մենք»-ի գործելու մոտիվացիայից: Սա ուղիղ ճանապարհ է հարթում ազգային դիմադրողականությունը հաղթահարելու և, ըստ էության, ցանկացած այլ մշակույթ (բարոյական նորմեր, արժեքներ և իդեալներ) տվյալ հասարակության մեջ տարածելու համար:

Մինչդեռ, որքան ավելի մեծ իմաստ են տեսնում մարդիկ իրենց ազգային իդեալներին ու խորհրդանիշներին ձգտելու և դրանք սեփական կյանքում իրացնելու մեջ, այդքան ավելի ամուր է ազգային մշակույթը և ապահովված է հասարակության հոգևոր-մշակութային անվտանգությունը:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով