Միտք 4 տարի առաջ - 19:17 12-11-2021

Ազգային ինքնության պահպանո՞ւմ, թե՞ արդիականացում

2020 թվականի արցախյան պատերազմից հետո Հայաստանում զգալիորեն ակտիվացան ազգային ինքնության, դրա պահպանման անհրաժեշտության և հարակից հարցերին առնչվող քննարկումները, որոնցում, կարծես, առանցքային է այն միտքը, որ հատկապես պարտությունից հետո, երբ մեծանում է զանգվածային արտագաղթը և հիասթափությունը, պետության նկատմամբ անվստահությունը, փոխվում են Հայաստանում ապրելու հեռանկարները և այլն, ավելի մեծ կարևորություն են ստանում ազգային ինքնության պահպանմանն ու ամրապնդմանն ուղղված միջոցառումները:

Եվ իրոք, ինքնության պահպանումից է մեծապես կախված, թե որքանով հայ հասարակությունը վաղը կկարողանա կազմակերպել իր կյանքը` սեփական պատկերացումներին, ազգային նպատակներին և բարոյական նորմերին համապատասխան: Հակառակ դեպքում՝ մեծ է վտանգը կյանքի հոգևոր ոլորտը զիջել գլոբալացման հզոր հոսանքների ներքո տարածվող ապազգային և սպառողական մշակութային գայթակղություններին:

Բայց խնդիրն առավել ամբողջական և համարժեք կերպով պատկերացնելու, ինչպես նաև ազգային ինքնությանն առնվող հարցերին առավել արդյունավետ լուծումներ գտնելու առումով շատ կարևոր է հասկանալ, թե որոնք են մեր ինքնության ամենախոցելի, չկայացած, թերի կողմերը, և արդյոք ազգային ինքնության պահպանումն այն «տեսքով», որով այն կար անցյալում կամ հասել է մեզ, լուծելու է հայ ժողովրդի և հայոց պետության առջև կանգնած լրջագույն հիմնախնդիրները:

Ինքնության համակարգը բաղկացած է երկու խոշոր մասերից` ավանդական-մշակութային և քաղաքական-մշակութային: Ավանդական-մշակութային ինքնությունը ձևավորվում է անցյալից մեզ հասած ավանդույթների, սովորույթների, բարոյական նորմերի, կրոնական պատկերացումների, ինչպես նաև լեզվական ընդհանրության և միասնական պատմության հիման վրա: Այս դեպքում հենց նշված երևույթներն են կազմակերպում մարդկանց կյանքը: Այդպես էր նաև հայոց պատմության երկարատև մի հատվածում, երբ պետության բացակայության ընթացքում հենց մշակույթն էր կազմակերպում և ծրագրում մարդկանց կյանքը: Ավանդական-մշակութային ինքնության մեջ առաջնային նշանակություն ունեն բարոյական նորմերը, հայրենիքի գաղափարը և անցյալի վերարտադրությունը:

Սակայն պետականության պայմաններում այլևս հնարավոր չէ հանրային կյանքի հիմքում դնել միայն ավանդույթները, կրոնը և անձնավորված հարաբերությունները: Պետությունը հանրային կյանքի կազմակերպման իրավական և քաղաքական ձև է, հետևաբար՝ այստեղ առաջնային դեր ունեն օրենքն ու իրավունքը` իրավական մասով, և միասնական շահերն ու նպատակները` քաղաքական մասով: Այս քաղաքական ինքնության մեջ առաջնային նշանակություն ունեն մարդու իրավունքը, պետությունը և ցանկալի ապագայի պատկերը:

Հիմա, եթե փորձենք հասկանալ, թե հայ ազգային ինքնության համակարգում նշված մասերից որն է առավել զարգացած և որը` թերի, կտեսնենք, որ ավանդական մշակույթի մասով մենք ունենք հարուստ փորձ և փորձառություն, քանի որ հենց դրա շնորհիվ ենք գոյատևել դարեր շարունակ առանց պետության և օտար մշակութային միջավայրերում: Սակայն խնդիր ունենք քաղաքական ինքնության առումով, որովհետև չնայած 30 տարի է, ինչ ունենք ազգային պետություն, բայց դեռևս չենք ձևավորել պետական հայրենասիրության հիմքեր ու ավանդույթներ, սեփական պետության նկատմամբ պատասխանատու քաղաքացու կերպար և բարոյականություն:

Հետևաբար, այդ ո՞ր ինքնությունն է, որ թվում է, թե պետք է այսօր պահպանենք: Եթե ավանդական, ապա այդ ճանապարհը կարող է տանել փակուղի, որովհետև ենթադրում է անցյալի, նախնիների փորձի վերարտադրություն, այնպիսի ապրելակերպի ու մտածելակերպի վերարտադրություն, որում չկա ազգային պետություն, իսկ հանրային կյանքի կազմակերպման ողջ բեռն ընկած է ավանդական մշակույթի վրա:

Ուստի այսօր մեզ համար առավել մեծ նշանակություն ունի ավանդական ինքնության ոչ թե պահպանումը, այլ արդիականացումը և դրա հիման վրա քաղաքական ինքնության ամրապնդումը: Ազգային պետության պայմաններում ոչ միայն մշակույթն է ապահովում ինքնության պահպանումը, այլև պետությունը, հետևաբար՝ մեզ այսօր ավելի շատ անհրաժեշտ է կայուն պետություն, պատասխանատու քաղաքացի և պետական հայրենասիրություն: Դրանք կգան լրացնելու մեր ազգային ինքնության համակարգում այն բացը, որը ձևավորվել է պատմության և խորացել վերջին 30 տարիների ընթացքում:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով