Ներքին 5 տարի առաջ - 23:21 20-07-2021

Արմեն Սարգսյանն ընդունել է Նատալի Լուազոյին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անվտանգության, պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ Նատալի Լուազոյին, որը պատգամավոր է ընտրված Ֆրանսիայից և Եվրոպական խորհրդարանում «La République en Marche» կուսակցության պատվիրակության ղեկավարն է: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոթը:

Նատալի Լուազոն նախագահ Սարգսյանին տեղեկացրել է, որ ցանկանում է անձամբ ծանոթանալ իրավիճակին, խնդիրներին՝ հասկանալու Եվրոպական միության, Ֆրանսիայի աջակցության հնարավոր ուղղությունները Հայաստանին և Արցախին:

Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել եվրոպացի պատգամավորին՝ Հայաստան այցի, ինչպես նաև Հայաստանի ու Արցախի խնդիրների նկատմամբ մշտապես ցուցաբերվող ուշադրության համար:

Նախագահ Սարգսյանն անդրադարձել է պատերազմից հետո ստեղծված իրավիճակին և իր դիտարկումները ներկայացրել Հայաստանի ապագա զարգացման ուղղությունների վերաբերյալ՝ ընդգծելով, որ մեր երկրի հզորացման գործում կարևորում է թե՛ Եվրամիության, թե՛ Ֆրանսիայի աջակցությունը և թիրախային ոլորտներում համագործակցության խորացումը: