Ուղիղ եթեր
Միտք 5 տարի առաջ - 20:09 16-07-2021

Արիստոտելը ճիշտ էր, մենք բոլորս՝ սխալ

Արիստոտելն ասում էր, որ գոյություն ունի կառավարման վեց ձև, որոնցից երեքն ընդունելի են, երեքը՝ անընդունելի։ Ընդունելի ձևերն են միապետությունը, արիստոկրատիան և պոլիթեան։ Այս ձևերն ընդունելի են, որովհետև գլխավոր նպատակը ընդհանուր բարիքի ստեղծումն է։ Բայց երբ իշխանությունը շեղվում է ընդհանուր բարիքի գաղափարից և տարվում է մասնավոր շահերով, առաջանում են այս ձևերի խեղաթյուրված տարբերակները, համապատասխանաբար՝ բռնապետություն, օլիգարխիա, դեմոկրատիա։

Ինչպես երևում է, Արիստոտելը համարում է, որ ժողովրդավարությունը կառավարման անընդունելի ձև է, որն առաջանում է, երբ խեղաթյուրվում է պոլիթեան։ Իսկ պոլիթեան, ըստ նրա, կառավարման այնպիսի եղանակ է, երբ կառավարման գործընթացներին մասնակցում են հնարավորինս շատ քաղաքացիներ, իսկ պաշտոններ տրվում են ըստ առաքինությունների, այլ ոչ թե երկրի ղեկավարին հավատարմության կամ մեկ այլ անընդունելի սկզբունքով։ Սրանով ապահովվում է պոլիթեայի երկրորդ կարևոր առավելությունը՝ արդարությունը։

Ի՞նչ կապ ունի այս ամենը մեր երկրի հետ։ Երբ Արիստոտելն ասում է, որ պոլիթեայի պայմաններում կառավարմանը մասնակցում է հնարավորինս շատ մարդ, նա նկատի ունի երկու բան․ նախ՝ տվյալ երկրի քաղաքացիների համար քաղաքական գործընթացներին մասնակցելը պարտադիր է, և երկրորդ, քանի որ պետությունն, ըստ Արիստոտելի, «հաղորդակցություն է հանուն ընդհանուր բարիքի», ապա հնարավորինս շատ մարդ շփվում է ոչ թե իր մասնավոր շահերն առաջ տանելու համար, այլ ընդհանուր բարիքի ստեղծման մեջ իր ներդրումը հստակեցնելու, իր տեղն ու դերը որոշելու համար։

Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական վերջին ընտրությունները ցույց տվեցին, որ կան ընտրություններին չմասնակցող մեծ թվով քաղաքացիներ, որոնց քվեն կարող էր որոշիչ լինել, եթե նրանք մասնակցեին։ Իսկ երբ նրանք չեն մասնակցում ընտրություններին և քաղաքական այլ գործընթացներին (հանրահավաք, ցույց, հանրաքվե և այլն), ստացվում է, որ որոշիչ է դառնում փոքրամասնությունը։ Դա էլ հենց այն է, ինչ ասում էր Արիստոտելը՝ պոլիթեայի խեղաթյուրում, որը կառավարման անընդունելի ձև է և կոչվում է ժողովրդավարություն։

Իսկ ինչո՞ւ քաղաքացիների մասնակցությունը քաղաքականությանը պետք է լինի պարտադիր։ Այն նույն տրամաբանությամբ, որով հանրային կյանքի մյուս գլխավոր ոլորտներում (տնտեսություն և կրթություն) քաղաքացիների մասնակցությունը ենթարկվում է ոչ թե իրավունքի սկզբունքին (կուզեմ՝ կանեմ, չեմ ուզի՝ չեմ անի), այլ պարտադրանքի սկզբունքին։ Բոլոր քաղաքացիների համար միջնակարգ կրթություն ստանալը պարտադիր է, և եկամուտ ունեցող բոլոր քաղաքացիների համար պարտադիր է հարկ վճարելը։ Ինչո՞ւ է այդպես․ որովհետև հանրային կյանքի գլխավոր ոլորտների գերագույն նպատակը հանրային բարիք ստեղծելն է։ Կրթություն ստանալով՝ մարդ իր ներդրումն է բերում ընդհանուր բարիքի ստեղծման գործում, նա ստանում է գիտելիքներ և հմտություններ, որոնք ծառայեցնելու է հասարակության և պետության զարգացման համար։ Նույն տրամաբանությամբ էլ՝ հարկ վճարելով է մարդ իր ներդրումն ունենում հանրային բարիքի ստեղծման մեջ։ Պատկերացրեք, թե ինչ կլիներ, եթե բոլորը ստանային եկամուտ, բայց հարկ չվճարեին․ պարզ է, որ այդ պետությունը մեկ-երկու ամիս անց կդադարեր գոյություն ունենալ, որովհետև չէր լինի ընդհանուր գումար, որը պետք է ծախսվեր ընդհանուր շահերի համար՝ անվտանգություն, բուժօգնություն, արդարադատություն և այլն։ Նույն ճանապարհով էլ գնում է այն պետությունը, որտեղ մարդիկ մտածում են, թե կարող են չհետաքրքրվել քաղաքականությամբ և չմասնակցել երկրի ճակատագրերի քննարկմանը և որոշումների ընդունմանը։ Հեռու գնալ պետք չէ․ Հայաստանի Հանրապետությունը դարձել է, Արիստոտելի ասած, կառավարման անընդունելի ձևի՝ ժողովրդավարության, տիպիկ օրինակը և զոհը, երբ ընտրություններին մեծ թվով քաղաքացիների չմասնակցության արդյունքում վերընտրվեց մի իշխանություն, որի օրակարգում չկա Արցախի հարց և չկա Հայաստանի Հանրապետության անվտանգության հարց։

Այնպես որ, իրոք, Արիստոտելը ճիշտ էր, իսկ մենք բոլորս՝ սխալ։

Մովսես Դեմիրճյան

Ամենից շատ դիտված

21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
22:17 Ստերջացում՝ առանց անզգայացման․ ինչպես են ծախսվում թափառող շների համար հատկացված միլիոնները․ Հետք