Շուրջ մեկ ամիս է՝ ինչ
Oragir.News-ը պաշտոնական գրավոր հարցումներ է ուղարկել Վանաձորի պետական համալսարանի ռեկտոր Արմեն Ծատուրյանին և ՎՊՀ Հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսի Սվաջյանին։ Չնայած նրան, որ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված 5-օրյա ժամկետը վաղուց լրացել է, պաշտոնյաները մինչ օրս չեն պատասխանել հարցումներին, ինչն ակնհայտ և կոպիտ օրինախախտում է։
Ամենազարմանալին այն է, որ նախորդ հրապարակման ժամանակ հենց Արաքսի Սվաջյանն էր համառորեն հորդորում հարցերը ներկայացնել գրավոր՝ վստահեցնելով, թե միայն այդ տարբերակով կտրամադրվի սպառիչ պատասխան։ Սակայն, երբ ժամկետների խախտման պատճառները պարզելու նպատակով
Oragir.News-ը կրկին փորձեց կապ հաստատել պատասխանատուների հետ, պաշտոնյաներն անպատասխան թողեցին զանգերը. Արաքսի Սվաջյանն ընդհանրապես չպատասխանեց մեր հեռախոսազանգերին, իսկ ռեկտոր Արմեն Ծատուրյանը մի քանի զանգից հետո պարզապես անջատեց հեռախոսը։
Ստեղծված իրավիճակն էլ ավելի է ամրապնդում ողջամիտ կասկածներն առ այն, որ թե՛ համալսարանի ղեկավարությունը, և թե՛ Հոգաբարձուների խորհրդի նախագահը պարզապես վախենում են դուրս գալ նախկին ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի կողմից նշանակված նախկին ռեկտոր Ռուստամ Սահակյանի դեմ՝ փորձելով ամեն գնով կոծկել նրա գործունեության հետևանքով բուհին պատճառված խոշոր վնասները։
Հիշեցնենք՝ խնդիրը վերաբերում է ՎՊՀ նախկին ռեկտոր Ռուստամ Սահակյանի կայացրած կամայական ու ապօրինի որոշումներին, որոնց հետևանքով համալսարանի բյուջեից դատական վճիռներով արտահոսել է շուրջ 30 միլիոն դրամ։
Հասմիկ Մովսիսյան