Արտաքին 11 րոպե առաջ - 12:48 27-11-2026

80 տարեկանում մահացել է ԱՄՆ նախկին պետքարտուղարի տեղակալ Սթրոբ Թելբոթը

80 տարեկանում մահացել է ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի վարչակազմի առանցքային պաշտոնյաներից Սթրոբ Թելբոթը։

Սթրոբ Թելբոթն ամերիկացի դիվանագետ, լրագրող և արտաքին քաղաքականության փորձագետ էր, որը կարևոր դեր է ունեցել Բիլ Քլինթոնի վարչակազմի արտաքին քաղաքականության, մասնավորապես՝ Ռուսաստանի և նախկին Խորհրդային Միության երկրների նկատմամբ ԱՄՆ մոտեցումների ձևավորման գործում։

Ծնվել է 1946 թվականի ապրիլի 25-ին, Օհայո նահանգի Դեյթոն քաղաքում։ Ավարտել է Յեյլի համալսարանը, ապա՝ Օքսֆորդի համալսարանում ուսումը շարունակել որպես Ռոդսի կրթաթոշակառու։ Օքսֆորդում սովորելու տարիներին մտերմացել է ապագա ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնի հետ։

Թելբոթի գործունեության կարևոր ուղղություններից էր Հարավային Կովկասը։ Նա մասնակցել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման շուրջ դիվանագիտական գործընթացներին և 1990-ականներին այցելել Հայաստան։

Նա 1990-ականներին ԱՄՆ-ի՝ Հարավային Կովկասի քաղաքականության առանցքային դեմքերից էր և անմիջականորեն ներգրավված էր ղարաբաղյան հակամարտության կարգավորման դիվանագիտական գործընթացում։ Մասնավորապես, 1997 թվականին նա ամերիկյան պատվիրակության կազմում այցելել է Հայաստան և Ադրբեջան՝ Ռուսաստանի և Ֆրանսիայի ներկայացուցիչների հետ միասին։ Այդ ժամանակ ԱՄՆ-ը, Ռուսաստանը և Ֆրանսիան համանախագահում էին ԵԱՀԿ Մինսկի խումբը։

1998 թվականի մարտին Թելբոթը ներկայացրել է ԱՄՆ-ի քաղաքականության հիմնական ուղղությունները Հարավային Կովկասում՝ առանձնացնելով տարածաշրջանային հակամարտությունների կարգավորումը, տնտեսական զարգացումը, ժողովրդավարական բարեփոխումներն ու Կասպից ծովի էներգետիկ պաշարների արտահանման ուղիների զարգացումը։

Թելբոթի՝ Հայաստան կատարած այցերից առանձնահատուկ նշանակություն ունեցավ 1999 թվականի հոկտեմբերի 27-ը։ Այդ օրը նա Երևանում բանակցություններ էր վարել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և վարչապետ Վազգեն Սարգսյանի հետ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով։

Ըստ The Washington Post-ի 1999 թվականի հոկտեմբերի 28-ի հրապարակման` Վազգեն Սարգսյանն անձամբ ճանապարհել էր նրան օդանավակայան։

Մոտ մեկ ժամ անց Հայաստանի խորհրդարանում տեղի ունեցավ ահաբեկչությունը, որի հետևանքով սպանվեցին վարչապետ Վազգեն Սարգսյանը, Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը և այլ պետական գործիչներ։ Այդ ժամանակ Թելբոթն արդեն լքել էր Հայաստանը։ ԱՄՆ պաշտոնյաները հայտարարել էին, որ հիմքեր չկան ենթադրելու, թե հարձակումն առնչություն ուներ նրա հետ ունեցած բանակցությունների հետ։

Ամենից շատ դիտված

15:00 Ինչո՞ւ ես կեղծում, եղբայր․ կարելի՞ է անձնագրում նշել «Արցախ»
17:30 Վատ նորություն՝ հաջողակ գործարարների համար․ Աննա Հակոբյանը նոր ծախս է մտածել
14:55 Ես ՀՀ առաջին ղեկավարն եմ, ում կառավարման շրջանում 2 տարի 8 ամիս Եռաբլուրի ընդլայնում տեղի չի ունեցել. Փաշինյան
21:43 Մեռնեք էլ, «ալիևյան սահմանադրությունը» Հայաստանում չի գործելու. Ռուբեն Մխիթարյանը՝ Միրզոյանին
16:08 10 ամսական երեխայի առևանգման դեպք՝ Արմավիրում․ կասկածյալ 18-ամյա աղջիկը ձերբակալվել է
14:38 Էն ժամանակ, որ իրենք ծնվել են, Արցախ երկիր եղել ա՞. Սիմոնյանը՝ արցախցիների անձնագրում Ադրբեջան գրելու մասին
17:11 Կարեն Գրիգորյանն ազատվել է ԶՈւ ԳՇ պետի տեղակալի պաշտոնից
21:37 Իտալիայում հայկական թոնիր է հայտնաբերվել․ հնագետները նոր բացահայտումներ են արել
18:15 Ինչու է դպրոցներում աճում ագրեսիան. անվերահսկելի սմարթֆոններ
13:13 Կներեք, ճամփեզրերում չիչխան ու սունկ վաճառողից սկսած ցանկացած առևտուր պիտի հարկ գեներացնի. Փաշինյան