ՀՀ ԱԺ Հայաստան-Հունաստան բարեկամական խմբի ղեկավար Արուսյակ Մանավազյանը, խմբի անդամներ Հասմիկ Հակոբյանը, Լուսինե Բադալյանը և Սարիկ Մինասյանը նոյեմբերի 24-ին հանդիպել են Հայաստան այցելած Հունաստան-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Վասիլիոս Իկոնոմուի գլխավորած պատվիրակության հետ։
Հայաստան-Հունաստան բարեկամական խմբի ղեկավար Արուսյակ Մանավազյանը ողջույնի խոսքում ընդգծել է հայ և հույն ժողովուրդների միջև առկա ջերմ ու բարեկամական բազմադարյա հարաբերությունները։
«Հունաստանը Հայաստանի արժեքավոր և վստահելի գործընկերն է, և մենք շահագրգռված ենք Հունաստանի հետ հարաբերությունների առավել խորացմամբ և հետագա աշխատանքների ընդլայնմամբ։
Այս համատեքստում շատ կարևոր է օրենսդիր մարմիններում գործող բարեկամական խմբերի և միջխորհրդարանական համագործակցությունը, որը, կարծում եմ, պետք է ամրացնել և խորացնել փոխադարձ աշխատանքների շնորհիվ»,- ասել է բարեկամական խմբի ղեկավարը։
Հանդիպմանը զրուցակիցները կարևորել են երկու երկրների միջև առկա առևտրաշրջանառության ծավալի մեծացման անհրաժեշտությունը՝ համաձայնելով, որ չիրացված մեծ ներուժ կա այդ ոլորտում։
Նշվել է, որ այն տարեկան կազմում է շուրջ 28 մլն եվրո, ինչը, զրուցակիցների գնահատմամբ, բավական փոքր թիվ է։
Ըստ հայ և հույն գործընկերների՝ համագործակցության ընդլայնման մեծ և նոր հնարավորություններ կան զբոսաշրջության, կրթության և սոցիալական ոլորտներում։
Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ-ԵՄ կապերի ընդլայնմանը, այդ համատեքստում կարևորվել է Հունաստանի փորձը։
Գործընկերները խոսել են նաև տարածաշրջանային հարցերից, մասնավորապես՝ անդրադարձել Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացներին։
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Հունաստան-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Վասիլիոս Իկոնոմուն նշել է՝ Հայաստանը Հունաստանի համար, իսկապես, բարեկամական երկիր է, և Հունաստանը մշտապես Հայաստանի կողքին է։ «Աջակցելու ենք ԵՄ Հայաստանի մուտքին»,- նշել է պատվիրակության ղեկավարը։