Ուղիղ եթեր
Ներքին 2 ժամ առաջ - 13:50 24-11-2026

ԹՐԻՓՓ նախագիծը՝ քննարկման օրակարգում․ Կոստանյանը հանդիպել է Նիկլաս Վագներին

ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է ԳԴՀ ԱԳ նախարարության Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով քաղաքական տնօրեն Նիկլաս Վագներին, ինչպես նաև տարածաշրջանում Գերմանիայի դեսպաններ Կլաուդիա Բուշին (Հայաստան), Բարբարա Ֆոսին (Վրաստան) և Դիրկ Լյոլկեին (Ադրբեջան)։ Տարածաշրջանային դեսպանները Երևանում էին գտնվում՝ մասնակցելու Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչության տարեկան տարածաշրջանային խորհրդակցություններին:

Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են Հայաստան-Գերմանիա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, ինչի վկայությունն են վերջին շրջանում իրականացված բարձրաստիճան փոխայցելություններն ու հանդիպումները։

Ընդգծվել է Հայաստան-Գերմանիա երկկողմ գործընկերության ռազմավարական օրակարգի վերաբերյալ համատեղ հռչակագրով նախանշված առաջնահերթությունների կյանքի կոչման և երկկողմ համագործակցության հետագա խորացման կարևորությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են առևտրատնտեսական կապերի զարգացման և փոխշահավետ համագործակցության ընդլայնման հնարավորությունները։

Անդրադարձ է կատարվել նաև էներգետիկ անվտանգության ամրապնդման, էներգետիկ աղբյուրների բազմազանեցման ուղղություններով համագործակցության խորացման հնարավորություններին։

Վահան Կոստանյանը ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի կյանքի կոչման ընթացքը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային վերջին զարգացումների և Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների վերաբերյալ:

Ամենից շատ դիտված