Հայաստանի մայրաքաղաք Երևանը այսօր դարձել է ոչ միայն բազմաթիվ հայերի, այլև օտարերկրացիների տունն ու հարազատ քաղաքը: Երևանը սիրում ենք բոլորս, բայց հոգ տանում ու խնամում, ցավոք, քչերը:
Մայրաքաղաքի բնակչության աճին զուգահեռ օրեցօր ավելանում են խնդիրները, որոնք կարծես ժամանակի ընթացքում դառնում են անլուծելի՝ քաղաքային իշխանությունների վատ կառավարման, հարցերին ոչ պրոֆեսիոնալ մոտեցման ու բազմաթիվ այլ պատճառներով. քաղաքը զարգանալու փոխարեն հետընթաց է ապրում:
Երևանում ապրող յուրաքանչյուր մարդ իր առօրյայում բախվում է բազմաթիվ խնդիրների՝ սկսած աղբահանության, տրանսպորտի, խցանումների, վերջացրած շինարարական բումի առաջացրած խնդիրներով:
Հարցերը բազմաթիվ են, պատասխանները՝ անորոշ, լուծումներ դեռևս չկան:
Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը և հասարակական գործիչ, Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանը երևանյան զբոսանք են կատարել՝ բարձրաձայնելով խնդիրները և լուծման ելքեր առաջարկելով փակուղի մտցրած խնդիրների համար:
Խոսելով Երևանի խցանումների մասին՝ նախկին թաղապետն առաջարկել է մի շարք ուշագրավ լուծումներ, որոնք կթեթևացնեն փողոցների ծանրաբեռնվածությունն ու կքչացնեն մեքենաների հոսքը. ճոպանուղի Աբովյան փողոցում՝ ժողովրդի լեզվով ասած «Պլանի գլխից» մինչև Նորքի զանգված, տրամվայի վերականգնում, թունելների կառուցում, որոնք նվազ ծախսատար կլինեն, քան մետրոյի նոր կայարանի կառուցումը:
Անդրադառնալով երթևեկության ևս մեկ խնդրի՝ կայանմանը, ինչը լրացուցիչ ծանրաբեռնվածություն է ստեղծում, Վիկտոր Մնացականյանը խնդրի լուծումը տեսնում է ներբակային կայանատեղիների ստեղծման մեջ, որոնք ավելի շատ մեքենաներ կայանելու հնարավորություն կտան. արդյունքում փողոցներում տասնյակներով մեքենաներ այլևս չեն կայանվի:
Զբոսանքի ընթացքում քննարկվել է այս բոլոր խնդիրների արդյունքում քաղաքապետ Տիգրան Ավինյանի՝ առաջիկայում ևս պաշտոնավարելու հավանականությունը. Վիկտոր Մնացականյանի կարծիքով՝ նա երկար «չի ձգի». ըստ հասարակական գործչի՝ ՔՊ-ն հավանաբար նիստ կգումարի՝ քննարկելու խցանումների և դրա պատասխանատուի հարցը:
Անդրադարձ է եղել նաև Երևանում մեծ թափ հավաքած նորակառույց շենքերի շինարարությանն ու այդ ամենի ստվերում քողարկվող կոռուպցիային. Վիկտոր Մնացականյանը կարծում է՝ Երևանը Հայաստանի ամենակոռումպացված քաղաքն է. իրական կաշառակերության դեմ պայքարելու փոխարեն իշխանությունները տարեկան մի քանի պաշտոնյայի են ձերբակալում՝ հասարակության մոտ ստեղծելով կոռուպցիայի դեմ պայքարելու իմիտացիա:
Կարծիք է հնչել, որ նորակառույց բազմահարկ շենքերը, որոնց կառուցման առաջին իսկ օրվանից բազմաթիվ խախտումներ ու չարաշահումներ են արվում, կոռուպցիայի շղթայի մի մասն են կազմում. շենքերը շահագործելու վերջնական թույլտվություններն առանց գումարի հնարավոր չէ ստանալ՝ հաշվի առնելով բազմաթիվ սխալներն ու խախտումները:
Վիկտոր Մնացականյանը խոսել է նաև Հանրային հեռուստատեսության եթերում Տիգրան Ավինյանի և Պետրոս Ղազարյանի հարցազույցի մասին, որտեղ վերջինս, առանց անուն հիշատակելու, քամահրանքով հիշատակել է ոմն ուրբանիստի՝ ակնհայտորեն նկատի ունենալով հենց Կենտրոնի նախկին թաղապետին. Մնացականյանը պատմել է իրենց հարաբերություններում առաջացած լարվածության մասին:
Երևանյան յուրօրինակ զբոսանքի մանրամասները՝ տեսանյութում:
Գևորգ Էմին-Տերյան