Ներքին 49 րոպե առաջ - 17:15 23-10-2026

Մի օր վարորդները տանից դուրս են գալու և այլևս չեն վերադառնալու. խցանումների մասին

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Երևանում տրանսպորտային ճգնաժամն ու խցանումները տարեցտարի հասնում են մտահոգիչ չափերի, իսկ պատասխանատու մարմինների կողմից առաջարկվող լուծումները հաճախ սահմանափակվում են միայն պատժիչ գործիքակազմով: Վերջին շրջանում հանրային ակտիվ քննարկումների առիթ է դարձել խցանված խաչմերուկ մուտք գործող վարորդներին 5,000 դրամով տուգանելու և 1 տուգանային միավոր (բալ) կիրառելու նախաձեռնությունը:

Ճանապարհային երթևեկության փորձագետ Արտակ Խաչատուրովի խոսքով՝ խաչմերուկի ներսում խցանում առաջացնելու համար տուգանելու կանոնը երթևեկության կանոններում նորություն չէ, պարզապես այժմ ցանկանում են շեշտադրել դրա լայն կիրառումը: Սակայն որոշումն ունի լուրջ իրավական և գործնական խնդիրներ:

«Նախ՝ մարդը չգիտի այդ խաչմերուկը որ մուտք գործես, դիմացինը ինչ վարքագիծ է դրսևորում, ու ինքը իր կամքից անկախ կկարողանա՞ ազատել, թե՞ չէ։ Երկրորդ՝ այստեղ նայեք ինչ նրբություն կա. օրենքը բոլորի համար է գրված, բայց, ըստ էության, շատ դժվար կլինի տուգանել այն վարորդներին, որոնք հենց այդ տվյալ հոսքով են մուտք գործել ու խցանման մեջ հայտնվել։ Ըստ երևույթին, առավելագույնը կկարողանան կիրառել էն մյուս վարորդներին, որոնք արդեն իսկ նոր բացվող կանաչով մուտք պիտի գործեն»,- նշեց բանախոսը։

Փորձագետը հավելեց, որ պետությունը նախկինում էլ է փորձել կիրառել այս տուգանքները, սակայն դրանք անընդհատ վիճարկվել ու բողոքարկվել են վարորդների կողմից, և վերջնական ձևավորված իրավական դաշտ դեռևս չկա. «Եթե սկսեն տուգանել, ահագին էլի բողոք կլինի: Տուգանքի համար նախ և առաջ միջավայր է պետք, ճիշտ պայմաններ»։

Վարորդների շրջանում հայտնի դեղին անկյունաձև նշագծումները («վաֆլիները»), որոնք պետք է ֆիքսեին արգելված գոտին, Երևանում ժամանակին փորձարկվեցին, սակայն համակարգը չաշխատեց: Փորձագետի կարծիքով՝ խցանումները թեթևացնելու համար քաղաքային իշխանությունները նախ պետք է կիրառեն զարգացած երկրներում վաղուց ընդունված տարրական տրանսպորտային մոդելները:

«Բոլոր զարգացած երկրներում կիրառվում է պարզ մի մեթոդ. առավոտյան լուսացույցների ռեժիմը կարգավորվում է մի ուղղությամբ, իսկ երեկոյան՝ աշխատանքային ժամից հետո, ենթադրենք՝ 18:00-ից 20:00-ն, ռեժիմը փոխվում է հակառակ ուղղությամբ: Այսինքն՝ երեկոյան ժամերին քաղաքից դուրս եկող հոսքի կանաչ լույսը պետք է ավելի երկար վառվի, որպեսզի կենտրոնում գտնվող մեքենաները կարողանան արագ հեռանալ և ազատել փողոցները: Նախ այս տարրական քայլերը պետք է արվեն ու պահպանվեն, նոր միայն անցնեն մնացածին»,- նշեց մեր զրուցակիցը:

Եթե որևէ համալիր քայլ չձեռնարկվի և խնդրի ողջ ծանրությունը թողնվի միայն վարորդին պատժելու վրա, իրավիճակը կդառնա անկառավարելի:
«Ես ասել եմ, ժամկետն էլ եմ ասել՝ առավելագույնը մի տարուց տանից դուրս են գալու, այլևս տուն չեն վերադառնալու, ուղղակի կանգնելու են, մնան։ Ամբողջ երթևեկությունը էդ օրն է ընկնելու»,- կանխատեսեց Արտակ Խաչատուրովը։

Անդրադառնալով երկրորդ շարքում կայանելու համար պատիժների խստացմանը (որտեղ նախկինում մինչև մեկ րոպե կանգառը թույլատրվում էր), Արտակ Խաչատուրովը նշեց, որ կողմ է խստացումներին, սակայն ցանկացած արգելք պետք է ունենա նախապայմաններ:

«Պետք է կառուցվեին համապատասխան կայանատեղեր՝ վերգետնյա, ստորգետնյա, ինչպես նաև մետրոյի կայարանների հարակից տարածքներում, ինչի մասին բոլորն են խոսում։ Այսինքն՝ նախ պետք է ստեղծվեին այդ նախադրյալները, որպեսզի դրան զուգահեռ կարողանայիր քաղաքացուց պահանջել օգտվել դրանցից, այլ ոչ թե ամեն ինչ թողնվեր բացիթողի վիճակում։ Առանց այլընտրանք ապահովելու նման պահանջներ ներկայացնելը տեղին չէ։ Գործը ճիշտ կողմից չի բռնվում, և վերջնարդյունքում ունենալու ենք նախկին տարիների պատկերը՝ անվերջ տուգանքներ՝ առանց որևէ նպատակաուղղված փոփոխության»,-եզրափակեց փորձագետը։


Հասմիկ Մովսիսյան