Գյումրիում միայնակ ապրող 75-ամյա Աշոտ Գաբրիելյանն իր ծերությունն անցկացնում է ծանր սոցիալական պայմաններում։ Տարեց տղամարդու տունը կիսախարխուլ վիճակում է, զուրկ՝ տարրական կենցաղային պայմաններից։
Աշոտ Գաբրիելյանը թոշակառու է։ Նրա ստացած գումարով պետք է հոգա ամենօրյա կարիքները, սնունդ գնի և կարողանա հաղթահարել ձմռան ցուրտը։ Սակայն 45 հազար դրամով մի ամբողջ ամիս ապրելը տարեց տղամարդու համար լուրջ խնդիր է։
Տունը ջեռուցելու համար Աշոտն օգտագործում է փայտ, որը հայթայթում է ծառերից։ Այսպես է փորձում հաղթահարել ցուրտը՝ սեփական ուժերով լուծելով մի խնդիր, որը նրա պայմաններում տարեցտարի ավելի դժվար է դառնում։
Կիսախարխուլ տուն, կենցաղային տարրական պայմանների բացակայություն և սահմանափակ միջոցներ․ սա է 75-ամյա գյումրեցու առօրյան։ Տարեց տղամարդու պատմությունը ևս մեկ անգամ ուշադրություն է հրավիրում միայնակ թոշակառուների սոցիալական վիճակի վրա։
Երբ ամսական կենսաթոշակը հազիվ է բավարարում նվազագույն կարիքների համար, իսկ բնակարանն անգամ ապահով ու տաք պահելը դժվարություն է, հարց է առաջանում՝ ինչպե՞ս պետք է ապրի տարեց մարդը, եթե իր միակ եկամուտը 45 հազար դրամն է։
Պետության սոցիալական քաղաքականության մասին հայտարարություններից անդին մնում է իրական կյանքը՝ մարդկանց առօրյա հոգսերով, չլուծված խնդիրներով ու ծերությունը մարդկային արժանապատվությամբ ապրելու պայքարով։
Մանրամասները` տեսանյութում։
Անահիտ Չալիկյան