Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհավորել է Ադրբեջանին Անկախության վերականգնման օրվա առթիվ՝ իր գրառման մեջ ևս մեկ անգամ ընդգծելով երկու երկրների «եղբայրական հարաբերությունները»։
«Մեր երկրի և ժողովրդի անունից սրտանց շնորհավորում եմ բարեկամ և եղբայրական Ադրբեջանին Անկախության վերականգնման օրվա առթիվ։ Ողջույններս եմ փոխանցում Ադրբեջանի նախագահ, իմ եղբայր Իլհամ Ալիևին և մեր ադրբեջանցի եղբայրներին ու քույրերին, որոնց հետ միշտ միասնական ենք թե՛ ուրախության, թե՛ տխրության պահերին»,- գրել է Էրդողանը։
Հիշեցնենք՝ 1991 թվականի հոկտեմբերի 18-ին Ադրբեջանի Գերագույն խորհուրդը ընդունեց «Ադրբեջանի Հանրապետության պետական անկախության վերականգնման մասին» սահմանադրական ակտը՝ հռչակելով անկախությունը ԽՍՀՄ-ից և իրեն հռչակելով 1918-1920 թվականների Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետության իրավահաջորդը: