Երգչուհի Շերը պատմել է իր կարիերայի ամենահայտնի կերպարներից մեկի՝ 1974 թվականի Met Gala-ի ժամանակ կրած թափանցիկ զգեստի անսովոր պատմությունը։ Պարզվել է, որ զգեստի համար օգտագործված գործվածքն արգելված էր Միացյալ Նահանգներում, իսկ այն երկիր է հասցրել լեգենդար դերասանուհի Մարլեն Դիտրիխը։
Vogue-ին տված հարցազրույցում 80-ամյա երգչուհին վերհիշել է իր երկարամյա ստեղծագործական համագործակցությունը դիզայներ Բոբ Մաքիի հետ, որը տարիներ շարունակ ձևավորել է նրա բեմական և հասարակական կերպարները։ Շերի խոսքով՝ Մաքիի ստեղծագործություններն աչքի էին ընկնում անթերի կատարմամբ և մանրուքների նկատմամբ բացառիկ ուշադրությամբ։
«Նրա հագուստները կարելի էր կրել թե՛ ներսի, թե՛ դրսի կողմով․ դրանք այնքան գեղեցիկ էին կարված։ Շատերն էին պատճենում նրա զգեստները, բայց չէին կարողանում դրանք ստեղծել այնպես, ինչպես նա»,-ասել է երգչուհին։
Մաքիի ամենահայտնի աշխատանքներից մեկը Շերի՝ 1974 թվականի Met Gala-ի համար ընտրած թափանցիկ զգեստն էր։ Այն պատրաստված էր թափանցիկ ցանցավոր գործվածքից՝ ամբողջ մակերեսով ասեղնագործությամբ, իսկ եզրերն ու թևքերը զարդարված էին շարժման ընթացքում ծածանվող փետուրներով։
Շերի պատմելով՝ զգեստն ի սկզբանե նախատեսված էր նորաձևության տարբեր տասնամյակներին նվիրված ֆոտոշարքի համար։ Սակայն երբ եկավ գալա-երեկոյին մասնակցելու ժամանակը, երգչուհին չգիտեր՝ ինչ հագնել, և ինքն ու Մաքին որոշեցին ընտրել նկարահանման համար ստեղծված կերպարներից մեկը։
«Այս զգեստի գաղտնիքն այն է, որ այն պատրաստված էր սուֆլե կոչվող նյութից, որն արգելված էր Ամերիկայում»,-բացահայտել է Շերը։
Երգչուհու խոսքով՝ գործվածքը Մարլեն Դիտրիխը գաղտնի կերպով ԱՄՆ էր բերել՝ հատուկ Մաքիի համար։ Շերը հիշել է, որ մի հավաքույթի ժամանակ տեսել էր մի կնոջ, որը սառնարանից ինչ-որ բան էր հանում և նետում աղբարկղը։ Երբ նա հարցրել էր Մաքիին, թե ով է այդ կինը, դիզայները պատասխանել էր՝ Մարլեն Դիտրիխն է։ Ավելի ուշ Շերը հասկացել էր, որ դերասանուհին էր բերել զգեստի համար օգտագործված գործվածքը։
Շերը Մաքիին է վերագրում իր անհատական ոճի ձևավորման և նորաձևության խորհրդանիշ դառնալու գործում ունեցած կարևոր դերը։
«Առանց Բոբի ես նորաձևության խորհրդանիշ չէի դառնա։ Նա մեծ դեր է խաղացել իմ կերպարի ձևավորման գործում։ Ես ինքս էլ որոշ գաղափարներ ունեի, բայց հենց Բոբն էր ինձ մղում իսկապես հմայիչ կերպարանափոխությունների»,-ասել է երգչուհին։