«Հրապարակ» թերթը գրում է. «2025 թվականի օգոստոսի 19-ին մեկնարկեց Բագրատ սրբազանի կամ «18 արդարների» գործի դատաքննությունը: Գրեթե ամեն հինգշաբթի գործով նիստ է նշանակվում, սակայն քննության ավարտը չի երեւում: Իսկ նախօրեին հերթական նիստը չի կայացել։
Կարծիք կա, որ գործն այնքան անհիմն է ու փաստազուրկ, որ չի բացառվում՝ դատական նիստերի հրավիրման ամենշաբաթյա պարբերականությունը խախտվի, եւ նիստերն ավելի ուշ-ուշ նշանակվեն։
Քննությունն ակնհայտորեն մտել է փակուղի, եւ պարզ չէ, թե դատարանն ինչ որոշում է կայացնելու, ինչպես է դուրս գալու այս շինծու գործի տակից, որ իշխանությունները չխայտառակվեն:
--
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Հայաստանի էլեկտրական ցանցերում տեղի ունեցած խոշոր վթարի հնարավոր պատճառներից մեկը կարող է լինել տասնամյակների վաղեմության տրանսֆորմատորը. համենայնդեպս, ազգային բարերար Սամվել Կարապետյանից վերցնելուց հետո այս կարծիքն է ՀԷՑ ներկայիս ղեկավարության մոտ։ Խոսքը, նախնական տվյալներով, 1969 թվականին արտադրված տրանսֆորմատորի մասին է, որը 2012 թվականին տեղադրվել է նորակառույց էլեկտրական ենթակայանում։ Եթե այս տվյալները հաստատվեն, ապա ստացվում է, որ ենթակայանում տեղադրվել է շուրջ 43 տարվա վաղեմության սարքավորում։
--
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հոկտեմբերի 13-ին Ազգային ժողովում Կառավարության մի շարք ներկայացուցիչներ հանդիպում կունենան արցախցիների հետ։ Թերթի տեղեկություններով՝ հանդիպումն ընդունելու է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։ Թերթը զրուցել է նաև օրերս Ազգային ժողովի դիմաց նստացույց իրականացրած արցախցի հասարակական գործիչ Անաստաս Իսրայելյանի հետ։ Վերջինս հաստատել է թերթի տեղեկությունը՝ նշելով, որ այս պահին հանդիպմանը մասնակցելու համար խումբ է ձևավորում, որ անվանացանկ ներկայացնի ԱԺ-ին։ Անաստաս Իսրայելյանն իր նստացույցը դադարեցրել է երեկ ժամը 18։00-ից հետո, երբ հայտնել են, որ ընդունելու են արցախցիներին։
--