«Հրապարակ» թերթը գրում է․ «Շաքիի միջադեպի աղմուկը դեռ չի դադարել, երեկ էլ Սյունիքի մարզի մեկ այլ համայնքից լուր տարածվեց երեք ադրբեջանցու ներթափանցման մասին։ Տարածված լուրերն այն մասին էին, որ նախօրեի ողջ գիշերը ԱԹՍ-ներով ադրբեջանցիներ են փնտրել Մեղրի համայնքի մաս կազմող Կուրիս բնակավայրում։ Բնակիչներից մեկն էր իրենց գյուղում երեք տղամարդ տեսել եւ ահազանգել է ոստիկանությանը՝ կասկածելով, որ ադրբեջանցիներ են։
Լուրերը տարածվելուց ժամեր անց ԱԱԾ-ն հարկ համարեց հերքել դրանք։ «Տարածված տեղեկությունները (ադրբեջանցիների ներթափանցման մասին) չեն համապատասխանում իրականությանը»,- ուշացումով հայտնեցին այս կառույցից։
Մեղրիի բնակիչներից մեկը մեզ պատմեց, որ իրենց համագյուղացին է երեք անծանոթ տղամարդ տեսել՝ ընկույզի ծառերի մոտ, նրանց հագին եղել է զինվորական համազգեստ, եւ դա է եղել պատճառը, որ կասկածել է, թե ադրբեջանցիներ են: «Հիմա էլ ասում են, թե ուրիշ գյուղերից են եղել` եկել են պոպոք գողանալու»,- ասաց մեր զրուցակիցը։
Կուրիսի գյուղապետ Դավիթ Օհանջանյանն էլ մինչեւ ԱԱԾ-ի հերքումը մեզ ասել էր, թե ինքն անձամբ ադրբեջանցիների չի տեսել, բայց իրավապահներն այդ հարցով զբաղվում են, իսկ ավելի ուշ այլեւս չպատասխանեց մեր զանգերին»։
Մանրամասները՝ թերթի ասյօրվա համարում։