UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար, Հայաստանը ներկայացնող Արման Ծառուկյանը բացել է փակագծերն իր ապագայի և կարիերայի հնարավոր զարգացումների վերաբերյալ։
Բրազիլացի Մաուրիսիո Ռուֆիի դեմ սպասվող կարևորագույն մենամարտին ընդառաջ՝ Ծառուկյանը հստակեցրել է, թե ինչ է իրեն սպասվում հավանական հաղթանակից հետո։
«Матч ТВ»-ին տված հարցազրույցում հայ մարզիկը հաստատել է, որ հաջողության հասնելու դեպքում իր հաջորդ քայլը լինելու է տիտղոսային մենամարտը.
«100 տոկոսով վստահ եմ, որ այս մենամարտից հետո պայքարելու եմ չեմպիոնական գոտու համար։ UFC-ի ղեկավարության հետ արդեն իսկ ունեցել ենք նման խոսակցություն»,- ընդգծել է Ծառուկյանը։
Անդրադառնալով շրջանառվող այն լուրերին, թե Ջասթին Գեյջիի հնարավոր հեռանալուց հետո գոտին կարող է թափուր մնալ, Արմանը նշել է, որ այս պահին չի ցանկանում կենտրոնանալ նման մանրամասների վրա։ Նրա գլխավոր նպատակն առաջիկա հանգստյան օրերին կայանալիք դիմակայությունն է։
«Անկեղծ ասած, հիմա այդ մասին չեմ մտածում, քանի որ ինձ շատ լուրջ փորձություն է սպասվում։ Կենտրոնացած եմ բացառապես Ռուֆիի վրա, իսկ թե ինչ կլինի հետո, այս պահին ինձ համար միևնույնն է։ Նախ պետք է գործն անել, նոր միայն խոսել ապագայի մասին»,- նշել է մարտիկը։
Արմանը նաև հավելել է, որ տիտղոսային մենամարտը նախատեսվում է 2027 թվականի սկզբին, և ինքը լիովին վստահում է կազմակերպության խոստմանը՝ չունենալով որևէ մտավախություն։
Հիշեցնենք, որ Արման Ծառուկյանի և Մաուրիսիո Ռուֆիի դիմակայությունը կկայանա սեպտեմբերի 19-ին ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում։ Այն կլինի UFC 331 մրցաշարի երկրորդ գլխավոր (co-main event) իրադարձությունը։
Armsport