Ուղիղ եթեր
Մամուլ Մամուլը՝ տեսանյութով 59 րոպե առաջ - 10:25 16-09-2026

Փաշինյանին մրցանակ կտան և 25 հազար եվրո․ վախեցնում են ընդդիմադիր թեկնածուներին․ Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Փաշինյանը սեպտեմբերի 18-ին կլինի Վիսբադենում, որտեղ ժամը 11:00-ին տեղի կունենա Հեսսենի խաղաղության մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը։ Գերմանական կողմի պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ մրցանակը վարչապետին կհանձնի Հեսսենի խորհրդարանի նախագահ Աստրիդ Վալմանը, իսկ պարգևաբանական խոսքը կասի Գերմանիայի արտաքին գործերի նախարարության պետական նախարար Սերապ Գյուլերը։

Հեսսենի խաղաղության մրցանակը Փաշինյանին շնորհվում է նրա՝ Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի, Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների զարգացման և Եվրոպական միության հետ մերձեցման քաղաքականության համար։ Գերմանական կողմը որպես Փաշինյանի «խաղաղարար» գործունեության հիմնավորում առանձնացնում է նաև 2018 թվականի Թավշյա հեղափոխությունը, Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացը և ոչ բռնի քաղաքականության շեշտադրումը։

Մրցանակը նաև ունի դրամական բաղադրիչ՝ 25 հազար եվրո։ Այն 1994 թվականից շնորհվում է Albert-Osswald-Stiftung-ի կողմից՝ պատերազմների, բռնության ու հակամարտությունների կանխարգելման և խաղաղության հաստատման գործում ներդրում ունեցած անձանց»։
--

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Ինչպես համապետական ընտրություններին էին ուժային կառույցները լծվել նախընտրական գործընթացներին՝ հօգուտ իշխանությունների, այնպես էլ՝ ՏԻՄ։

Համայնքներից ահազանգեր ենք ստացել, որ փորձում են վախեցնել ընդդիմադիր ուժերի ավագանու թեկնածուներին, նրանց համար անհարկի խոչընդոտներ ստեղծել։ Տեղեկանալով, որ որեւէ անձ մշտական բնակության տեղեկանք է վերցնում տեղի ոստիկանության բաժնից` թեկնածություն առաջադրելու համար, ՏԻՄ իշխանիկներն ու ուժայինների ներկայացուցիչները գործի են անցնում` բացատրական աշխատանքներով, ակնարկներով փորձում են հետ պահել առաջադրումից։ Մյուս կողմից, ինտենսիվ աշխատում են հեղինակություն ունեցող անձանց, լավ թեկնածուներին իրենցով անելու ուղղությամբ։

Թերեւս պատահականություն չէ, որ 4 հազար ընտրող ունեցող Թումանյան համայնքում ընտրություններն անցնելու են առանց ընդդիմության մասնակցության` ընտրություններին մեկ ուժ է մասնակցում` ՔՊ-ն, թեկնածուն էլ գործող համայնքապետ Սուրեն Թումանյանն է։ Նա 5 տարի առաջ Արամ Զավենիչի «Հանրապետություն» կուսակցությունով է առաջադրվել ու հաղթել, այժմ ՔՊ-ն նրան իրենով է արել»։
--

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2018 թվականին Նիկոլ Փաշինյանն իշխանության եկավ խոսքի ազատության, մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության և եվրոպական արժեքների մասին բարձրագոչ խոստումներով։ Քաղաքացին պետք է ազատ խոսեր, ընդդիմախոսը՝ չհետապնդվեր, իշխանությունը՝ հանդուրժեր ամենակոշտ քննադատությունը։

Ութ տարի անց այդ խոստումների իրական պատկերը կարելի է տեսնել ընդամենը մեկ մարդու՝ ընդդիմադիր պատգամավոր Էդգար Ղազարյանի շուրջ կատարվող գործընթացներով։

Վերջին շաբաթների Ազգային ժողովի նիստերը դիտելիս դժվար է չնկատել՝ Ղազարյանը դարձել է իշխող «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորների հիմնական թիրախներից մեկը։ Ով ինչ խոսում է, նախ Էդգար Ղազարյանին հայտարարում է պրոբլեմ, վիրավորում, քննադատում, նսեմացնում, նոր շարունակում»։
--

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ ««Ի՞նչ պատկեր ունի խտրականությունը Հայաստանում, եւ ի՞նչ են ցույց տալիս համապետական ուսումնասիրության արդյունքները» թեմայով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի եւ Մարդու իրավունքների դանիական ինստիտուտի համագործակցությամբ Հայաստանում առաջին անգամ իրականացվել է խտրականության վերաբերյալ համապետական ուսումնասիրություն, որի տվյալներն օրեր առաջ ցուցահանդեսի տեսքով ներկայացվեցին Սիրահարների այգում։

Միջոցառմանը ներկա էին նաեւ գործադիր եւ օրենսդիր մարմինների կանայք, որոնք սրտառուչ հայացքներով դատապարտում էին ներկայացված վիճակագրությունը, այն դեպքում, երբ նրանցից ոմանք խտրականության «աստվածներ» են` բառի բուն իմաստով․ օրինակ՝ արցախցիների նկատմամբ խտրական վերաբերմունքի իմաստով:

Ուսումնասիրության արդյունքներով՝ արցախցիներն արժանանում են հանրության 32.4 տոկոսի խտրական վերաբերմունքին, եւ արցախցիներին թիրախավորելն առաջին հերթին իրականացվում է Նիկոլ Փաշինյանի եւ նրա խմբակի կողմից ու խրախուսմամբ: 2023-ից սկսած, նրանց պարբերաբար մեղադրել են չկռվելու, հայրենիքը հանձնելու, փախուստի դիմելու եւ անգամ չզոհվելու մեջ, եւ հանրությունն էլ էստաֆետը սիրով վերցրել է»։
--

«Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ԱԺ նախկին նախագահ, ներկայումս արտգործնախարար Արարատ Միրզոյանի նկատմամբ բռնություն գործադրելու գործով 3,5 տարվա ազատազրկման դատապարտված Արա Բադոյանին առաջիկայում կկալանավորեն և կտեղափոխեն քրեակատարողական հիմնարկ՝ պատիժը կրելու։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Վերաքննիչ քրեական դատարանը մերժել էր ինչպես դատախազության, այնպես էլ պաշտպանական կողմի բողոքները՝ անփոփոխ թողնելով առաջին ատյանի դատարանի՝ Բադոյանին 3,5 տարվա ազատազրկման դատապարտելու որոշումը։

Դատախազությունը պահանջել էր առավել խիստ պատիժ սահմանել, իսկ պաշտպանական կողմը՝ մեղմացնել այն։ Երկու բողոքներն էլ մերժվել էին։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Վճռաբեկ դատարանն էլ անփոփոխ է թողել Վերաքննիչ դատարանի որոշումը։ Արդյունքում՝ մինչ այս ազատության մեջ գտնվող Արա Բադոյանին կկալանավորեն և կտեղափոխեն քրեակատարողական հիմնարկ։

Բադոյանը մեղադրվում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը՝ եռակողմ հայտարարության հրապարակումից հետո Երևանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ Արարատ Միրզոյանի նկատմամբ բռնություն գործադրելու համար»։
--

Ամենից շատ դիտված

21:03 Ցուցադրական այցեր և բացահայտ թափթփվածություն. ինչպես է օրինակ ծառայում Պապիկյանի թիկնապահը
19:25 Մոսկվայում երեկ սկսվել է «Սպայկա»-ի տնօրենի դեմ հարուցված քրեական գործով դատական նիստը
15:00 20 մլրդ դրամ Հայկ Սարգսյանի պատճառով չի մտնի պետբյուջե
14:25 Քրիստինե Վարդանյանը պետք է լինի վերջին դաշնակցականը. Եղոյանի նյարդային ելույթի ժամանակ իրավիճակն ԱԺ-ում լարվեց
18:08 Հայաստանը միտումնավոր մզկիթներում խոզեր, կովեր է պահել՝ մեզ վիրավորելու, նվաստացնելու համար. Ալիև
19:56 Ջրի միջոցով ինֆեկցիոն վարակներ ենք ունենալու, նախարարությունը պետք է մի կողմ դնի ամբիցիաներն ու գործով զբաղվի
13:00 Որ հզոր ուժերին է պարտվել Սերժ Սարգսյանը
18:35 Գառնիում եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց․ կասկածյալների մեջ են վարչական ղեկավարի ազգականները, ովքեր գործի են դրել շինարարական գործիքներ
18:48 Գյումրիում ՌԴ ռազմաբազային իրական այլընտրանք չկա․ Զախարովա
23:56 Շարմազանովը ցավակցել է «Արարատ-73»-ի լեգենդ Սերգեյ Պողոսյանի մահվան կապակցությամբ