Եմենի կառավարական ուժերի և հութիների ավելի քան 140 մարտիկ զոհվել են երկրի հարավ-արևմուտքում շաբաթ օրվա կեսօրից մինչև կիրակի վաղ առավոտ տեղի ունեցած կատաղի բախումների ընթացքում, հաղորդում է AFP-ն՝ հղում անելով ռազմական աղբյուրներին։
Սա դարձել է Եմենում ռազմական գործողությունների ամենաարյունալի դրվագը 2022 թվականի հրադադարի ձախողումից հետո։
Սաուդյան Արաբիայի կողմից աջակցվող կառավարական ուժերի ներկայացուցիչների տվյալներով, զոհվել է 84 զինծառայող, որոնց մեծ մասը՝ հրթիռային հարվածների հետևանքով։ Հութիների շրջանակներից չորս աղբյուր հայտնել են իրենց 57 մարտիկների զոհվելու մասին։
Հութիների հարձակումը սկսվել է հինգշաբթի օրը։ Նրանք փորձում են կտրել կառավարական ուժերի վերահսկողության տակ գտնվող նավահանգստային Մոխա քաղաքի ճանապարհները և առաջ շարժվել դեպի Բաբ էլ-Մանդեբի նեղուցի հարակից շրջաններ՝ Կարմիր ծովի և Ադենի ծոցի միջև գտնվող ռազմավարական անցուղի։
AFP-ի հաշվարկներով,որը հիմնվել է երկու կողմերի ռազմական և բժշկական աղբյուրների տվյալների վրա, հարձակման սկզբից ի վեր արդեն զոհվել է ավելի քան 300 մարտիկ, ինչպես նաև մի քանի խաղաղ բնակիչ։ Շաբաթ օրը Թաիզ քաղաքում ավտոբուսի վրա հրթիռային հարվածը հանգեցրել է վեց խաղաղ բնակչի մահվան, ևս յոթ մարդ ստացել է վնասվածքներ։
Կառավարական ուժերը հայտնել են, որ կարողացել են ամրապնդվել Հայսից հյուսիս՝ այդ շրջանում առաջխաղացում գրանցելուց հետո։ Միաժամանակ հութիները առաջ են եկել Թաիզից արևմուտք և Հայսից հարավ՝ շարունակելով հարձակումը Բաբ էլ-Մանդեբի ուղղությամբ։ Կիրակի առավոտվա դրությամբ մարտերի ինտենսիվությունը նվազել էր։