ՀՀ գլխավոր դատախազությունը պահանջում է Երևանի նախկին փոխքաղաքապետ Կարեն Դավթյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 20-ից ավելի անշարժ և շարժական գույք, ինչպես նաև շուրջ 230 մլն դրամ:
Այս մասին հայտնում է դատախազության մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:
Դատախազության հայցադիմումի համաձայն՝ գումարներն ու շարժական և անշարժ գույքը պետք է բռնագանձել նաև Կարեն Դավթյանին փոխկապակցված անձանցից:
Այսպիսով, պահանջվում է բռնագանձել.
14 անշարժ գույք, որոնցից 9-ը գտնվում են Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում,
Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող 1 անշարժ գույքի գնման իրավունք,
8 տրանսպորտային միջոց,
10 իրավաբանական անձանցում մասնակցություն,
105 միլիոն 171 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ,
124 միլիոն դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել։