Ներքին 12 րոպե առաջ - 11:10 04-09-2026

Բնակարանների գներն այս տարի աճել են մինչև 20%․ մասնագետը՝ թանկացման պատճառների մասին

Մերի Հակոբյան

Լրագրող

Վերջին ամիսներին անշարժ գույքի շուկայում արձանագրվող գնաճը շարունակում է անհանգստացնել քաղաքացիներին։ Oragir.News-ը պարբերաբար ահազանգեր է ստանում բնակարանների թե՛ վաճառքի, թե՛ վարձակալության գների բարձրացման վերաբերյալ։ Քաղաքացիները դժգոհում են, որ բնակարանների վարձակալության արժեքը հաճախ չի համապատասխանում դրանց պայմաններին, իսկ գույքի ձեռքբերումը գնալով ավելի անհասանելի է դառնում հատկապես միջին և ցածր եկամուտ ունեցող ընտանիքների համար։

Քաղաքացիների խոսքով՝ անգամ նվազագույն կենցաղային պայմաններ ունեցող բնակարանները սեփականատերերը հաճախ առաջարկում են բավական բարձր գներով, ինչի հետևանքով մարդիկ ստիպված են լինում կա՛մ ավելի մեծ գումար հատկացնել բնակարանի վարձին, կա՛մ երկար ժամանակ փնտրել իրենց հնարավորություններին համապատասխան տարբերակ։

Անշարժ գույքի շուկայում գների աճին զուգահեռ հարց է առաջանում նաև այն մասին, թե ինչ գործոններով է պայմանավորված պահանջարկի ավելացումը, որքանով է այն կապված օտարերկրյա քաղաքացիների և արտերկրում բնակվող հայերի կողմից Հայաստանում անշարժ գույքի նկատմամբ հետաքրքրության աճի հետ, և արդյոք պետությունը կարող է որևէ մեխանիզմով զսպել գների կտրուկ բարձրացումը։

Թեմայի շուրջ Oragir.News-ը զրուցել է «Կալիբրի» անշարժ գույքի գործակալության տնօրեն Ռուստամ Գրիգորյանի հետ։

Նրա խոսքով՝ 2026 թվականի առաջին կիսամյակում առաջնային շուկայում գործարքների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է մոտ 2.5 անգամ, իսկ գնային ինդեքսների փոփոխությունը կազմել է մոտ 15 տոկոս։

«Վերջին շրջանում թե՛ վարձակալության, թե՛ վաճառքի շուկան բավականին մեծ աճի տեմպեր ունի։ Վերջին մեկ-երկու ամսում շուկան ավելի է ակտիվացել։ Ռուսաստանում հնարավոր մոբիլիզացիայի մասին շրջանառվող տեղեկությունների ֆոնին Ռուսաստանում բնակվող մեր հայրենակիցների շրջանում տրամադրությունների փոփոխություն կա, և շատերը տեղափոխվում են Հայաստան՝ կարճաժամկետ կամ երկարաժամկետ բնակվելու համար։

Առաջնային շուկայում պահանջարկը ավելի մեծ է, քան առաջարկը, ինչի հետևանքով դեֆիցիտ է ստեղծվում, և գները բարձրանում են։ Տարբեր գնահատականներով՝ այս տարվա սկզբից մոտ 20 տոկոս գնաճ կա թե՛ վաճառքի, թե՛ վարձակալության շուկայում։ 15-20 տոկոս գների աճը ութ ամսվա ընթացքում բավականին բարձր ցուցանիշ է»,- նշեց Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ շուկայում գների աճին նպաստում են նաև զբոսաշրջության աճը, Հայաստանի նկատմամբ դրական սպասումները, ինչպես նաև որոշ երկրներում ստեղծված անկայունությունը։

Գրիգորյանը միաժամանակ քաղաքացիներին զգուշացնում է անշարժ գույքի շուկայում ակտիվացած խարդախությունների մասին։

«Խարդախություններն այս ֆոնին բավականին շատացել են։ Մարդիկ պետք է ուշադիր լինեն։ Բնակարան վարձելիս պետք է օրենքով սահմանված կարգով պայմանագիր կնքել, այն նոտարապես վավերացնել և գրանցել Կադաստրի կոմիտեում, որ իրենց շահերը պաշտպանված լինեն»,– ասաց նա։

Գործակալության տնօրենի խոսքով՝ շուկայի գների աճը հնարավոր չէ ուղղակիորեն սահմանափակել՝ տարբերակելով տեղի և օտարերկրյա քաղաքացիներին, սակայն պետությունը կարող է կիրառել աջակցության այլ մեխանիզմներ։

«Կարող են ստեղծվել շենքեր, որոնք պետության կողմից սուբսիդավորվող ծրագրերով ավելի մատչելի պայմաններով կտրամադրվեն տեղի բնակիչներին կամ տեղահանված անձանց։ Տարբեր երկրներում նաև որոշակի ժամանակահատվածում և որոշակի տեսակի գույքի համար գնային առաստաղ է սահմանվում։

Մանրամասները` տեսանյութում:

Մերի Հակոբյան