Սևազգեստ մայրերից մեկը, որի որդին՝ կապիտան Անդրանիկ Մկրտչյանը, 2017 թվականին մահացել է Մեղրիի զորամասում, պնդում է, որ նրա մահը ինքնասպանություն չէ, այլ սպանություն։
«Ես կապիտան Անդրանիկ Մկրտչյանի մայրն եմ։ Իմ տղային սպանել են 2017 թվականին Մեղրիի զորամասում։ Գործը որակել են որպես ինքնասպանություն, սակայն մինչ օրս չեն ապացուցել իրենց առաջադրած վարկածը։ Թող ապացուցեն, որ նա ինքնասպան է եղել, և ես էլ կընդունեմ, որ այդպես է։
Հակառակը՝ կան բազմաթիվ փաստեր, որոնք վկայում են, որ իմ երեխային սպանել են հենց Մեղրիի զորամասում՝ իր առանձնասենյակում։ 2018-2020 թվականներին, երբ Նիկոլ Փաշինյանի կողմից ստեղծված հանձնաժողովը ուսումնասիրում էր մեր գործերը, Աննա Վարդապետյանն ասում էր, որ կարծում էր՝ ծնողները էմոցիոնալ են խոսում և կարող են սխալվել։
Սակայն գործերն ուսումնասիրելուց հետո նա տեսավ, որ ոչ մի գործ չի համապատասխանում առաջադրված հոդվածին։ Այդ ուսումնասիրությունների արդյունքում մեզ տվեցին փաստաթղթեր, սակայն, մեր պնդմամբ, մինչ օրս դրանց հիման վրա որևէ գործողություն չի իրականացվել։ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ ինքը մի կողմ է քաշվում և թողնում է, որ Վարդապետյանը գործերը տանի դատախազություն, քանի որ այնտեղ դրանք ավելի մանրակրկիտ կուսումնասիրվեն։ Սակայն փաստացի ոչ մի գործ առաջ չի գնում։ Ծնողներին այս կողմ են ուղարկում, այն կողմ են ուղարկում։
Ում դուռը ծեծում ես, մեկը ասում է՝ նախկիններն են մեղավոր, մյուսը՝ մեկ ուրիշն է մեղավոր։ Բայց ներկանե՞րը։ Չէ՞ որ ներկաներն էլ նախկինների ստեղծած համակարգի շարունակողներն են։ Թող իրենք մի բան անեն, որպեսզի նախկինների թույլ տված սխալները հիմա չկրկնվեն։ Ամեն օր զինվոր է մահանում, և ծնողը չի կարող վստահ լինել, որ իր երեխային բանակ տանելուց հետո նրա հետ որևէ վատ բան չի պատահի։
Պետական համակարգի բարքերն են խնդիրը։ Թող այնպես անեն, որ այդ բարքերը չլինեն զորամասերում, հետևեն կարգուկանոնին և ամեն ինչ իրականացնեն օրենքով ու կանոններով։ Ոչ թե անընդհատ ասեն՝ նախկիններն են մեղավոր։ Բանակը փակ համակարգ է, իրենք բոլորը միմյանցից տեղյակ են։ Բանակում եթե որևէ բան տեղի է ունենում, բոլորը գիտեն դրա մասին։ Թող այնպես անեն, որ այդ բարքերը չլինեն։ Հրամանատարներն ու սպաներն են այդ բարքերը ձևավորողներն ու պահպանողները։ Իսկ հետո, եթե զինվորը նրանց չի ենթարկվում, նրան վերացնում են»,– ասաց նա։
Տեսանյութ:
Մերի Հակոբյան