Ներքին Տեսանյութ 4 ամիս առաջ - 21:00 08-01-2026

Փաշինյանի համար միշտ նախկիններն են մեղավոր, էլի բենզին է գալիս, Սրբազանը ամոթանք տվեց․ Ամփոփ լուրեր

Oragir.News-ը ներկայացնում է հունվարի 8-ի ամփոփ լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:

Ադրբեջանից բենզինի նոր խմբաքանակ է ներկրվում Հայաստան։ Այս մասին նախօրեին ադրբեջանական լրատվամիջոցներն էին հայտնել, իսկ այսօր տեղեկությունը հաստատել է նաև Գևորգ Պապոյանը։ Վերջինիս պնդմամբ՝ ադրբեջանական բենզինի նոր խմբաքանակը նույն ընկերություններն են ներկրում, որոնք դեկտեմբերին առաջին խմբաքանակն էին ներմուծել։ Գևորգ Պապոյանը հայտնել էր, որ այս պահին մի քանի հազար տոննա վառելիք է ներկրվում՝ և՛ պրեմիում, և՛ ռեգուլյար տեսակի բենզին, ինչպես նաև դիզելային վառելիք: «Ով ուզի, կարող է գնալ, բերել, ազատ է», - հավաստիացրել է ադրբեջանցի պաշտոնյան։ Նիկոլ Փաշինյանն էլ կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ողջունել է այս գործընթացը՝ հավելելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը պոտենցիալ ապրանքների ցանկեր են փոխանակում, թե ինչ վաճառելու և գնելու հարցում են հետաքրքրված։ «Քննարկումներ կան, ցանկերը դեռևս ուսումնասիրության պրոցեսում են»,– ասաց նա։ Անդրադառնալով արդեն ձեռք բերված պայմանավորվածություններին` Փաշինյանը նշեց, որ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի հանդիպման ժամանակ Ադրբեջանի փոխվարչապետը նավթամթերք վաճառելու պատրաստակամություն է հայտնել, որից հետո կառավարությունը տեղեկացրել է հայկական մի քանի ընկերությունների այդ հնարավորության մասին։ «ՀՀ կառավարությունը, նախնական ուսումնասիրելով դաշտը, առաջարկել է այն գործարարներին, որոնք, մեր գնահատմամբ, հակված չեն լինի դրանից քաղաքական ակցիա սարքել, ասել, օրինակ՝ «կառավարությունը մեզ ստիպում է, որ Ադրբեջանից բենզին գնենք, իսկ մենք չեն գնում և այլն», ասել ենք, որ կա նման հնարավորություն, և, եթե չեմ սխալվում, Հայաստանի կողմից 2 ընկերություն կապ են հաստատել»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ բենզինի առաջին խմբաքանակի ներկրման ժամանակ բոյկոտի դրսևորում եղավ, որովհետև եղան ընկերություններ, որոնք հրաժարվեցին վաճառել այն։

Չնայած ՀԷՑ-ը ավելի քան 6 ամիս է կառավարում է ՔՊ-ական Ռոմանոս Պետրոսյանը, այնուամենայնիվ Նիկոլ Փաշինյանը Ամանորի գիշերը և տոնական օրերին հոսանքազրկումների համար մեղադրել է ՀԷՑ-ի նախկին կառավարիչներին։ «Այն փաստը, որ մարդիկ Ամանորի գիշերն անցկացրել են հոսանքազրկված բնակավայրերում, ցույց է տալիս այն կառավարման արդյունքները, որոնք նախորդիվ շրջանում իրականացվել է ՀԷՑ–ում, և այն պրոցեսները, որոնք դուք տեսել եք մայիսից, դա արդյունք է, որ ՀԷՑ–ը չի կատարել իր ներդրումային պարտավորությունները մասնավորապես մարզային բնակավայրերում»,– ասաց նա։ Փաշինյանը վստահություն է հայտնել, որ եթե ՀԷՑ–ի շուրջ վերջին 6 ամսվա պրոցեսները տեղի չունենային, հոսանքազրկված բնակավայրերի թիվը կլիներ 3 անգամ շատ։ «Ես շատ լուրջ կասկածներ ունեմ, որ այդ ամենն արվում էր երկար ժամանակ ՀՀ–ում քաղաքական դժգոհություններ գեներացնելու համար` այդ ամենը թաքցված լինելով ՀՀ առանցքային, կրիտիկական ենթակառուցվածքներից մեկի թիկունքում։ ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի և նրա գործընկերների աշխատանքի արդյունքում է պարզվել, որ ՀՀ–ում չկա գոնե մեկ ընտանիք, որից ՀԷՑ–ը նախորդող շրջանում փող չի գողացել` պետական հիմնարկներ, զորամասեր»,– նշել նա։ Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ ՀԷՑ–ի հարցում ճիշտ որոշում են կայացրել, ավելի շուտ պետք է կայացնեին։ Փաշինյանը վստահ է, որ այդ որոշումը ՀՀ կառավարությունը կարողանալու է պաշտպանել բոլոր ատյաններում։ Այս ընթացքում, ըստ Փաշինյանի, ՀԷՑ–ի բազմաթիվ աշխատողներ ուղղակի շահել են, քանի որ ի տարբերություն նախորդ վերնախավի`նրանք տարիներ շարունակ պարգևավճարներ ու հավելումներ չեն ստացել։ «Ռոմանոս Պետրոսյանի գործունեությունից հետո նրանք ստանում են այդ հավելումները, իսկ վերնախավը չի ստանում»,– վստահեցրեց Փաշինյանը՝ պնդելով՝ սուտ են այն տեղեկությունները, թե ՀԷՑ–ն աշխատում էր հիմնականում մասնավոր միջոցների հաշվին։

Կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշմամբ Նիկոլ Փաշինյանին սպասարկող ծառայողական մեքենայի համարանիշերը կփոխվեն։ Ներկայումս Փաշինյանին սպասարկող մեքենայի համարանիշը բաղկացած է ՀՀ եռագույնից և 001 ՍՍ հինգ նշաններից։ Ներքին գործերի նախարարությունն ուսումնասիրել է Շվեդիայի և Իսլանդիայի փորձը, եզրակացրել, որ «պետական բարձրաստիճան պաշտոնատար անձանց սպասարկող տրանսպորտային միջոցների դեպքում շատ հաճախ գործում է ստանդարտից հստակ տարբերվող կանոն»։ Նոր փոփոխությամբ համարանիշը բաղկացած կլինի եռագույնից և 1 թվից։ Ըստ որոշման հիմնավորման՝ փոփոխության նպատակն է վարչապետին սպասարկող տրանսպորտային միջոցի համարանիշը համապատասխանեցնել միջազգային արդի միտումներին։ Ավելի ուշ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում փորձել է հիմնավորել այս որոշումը։ «Համարանիշի փոփոխությունը տեղի է ունեցել հետևյալ տրամաբանությամբ, որ որոշակի ինդիկացիա է եղել, որ գործող համարանիշի վրա գրվող ՍՍ տառը արձանագրվել է որպես Սերժ Սարգսյանի անվանատառեր: Մենք կարծում ենք, որ այդ համարանիշը չպետք է որևէ մեկի անվանատառը կրի»,- Սերժ Սարգսյանի պաշտոնանկությունից շուրջ 8 տարի անց նկատել է Նիկոլ Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: