Բիշքեկում անցկացվում են Քոչվորական համաշխարհային խաղերը, որոնց մասնակցում են նաև հայ մարզիկներ։ Միջոցառման բացման արարողությանը ներկա է գտնվել նաև Նիկոլ Փաշինյանը։ Մրցումներն ընդգրկում են ավանդական սպորտաձևեր, այդ թվում՝ ձիասպորտ։
Oragir.News-ը Երևանի փողոցներում քաղաքացիներից հետաքրքրվել է՝ ինչպե՞ս են վերաբերվում հայ մարզիկների՝ Քոչվորական համաշխարհային խաղերին մասնակցությանը։
Քաղաքացիների մի մասը դրական է գնահատել մասնակցությունը։
«Շատ լավ է։ Նորմալ եմ համարում, որ մեր մարզիկները մասնակցում են»,- ասաց քաղաքացիներից մեկը։
Մեկ այլ քաղաքացի նշեց, որ մարզիկների մասնակցության հարցում խնդիր չի տեսնում, սակայն նախընտրում է եվրոպական մրցաշարերը։
«Մարզիկների համար նորմալ եմ համարում, որ ամեն տեղ կարող են մասնակցել։ Բայց, ճիշտն ասած, կուզեի՝ ավելի շատ Եվրոպայում մասնակցեին, քան Բիշքեկում»,– ասաց նա։
Միևնույն ժամանակ, քաղաքացիներից շատերը խոստովանեցին, որ Քոչվորական խաղերի մասին առաջին անգամ են լսում։
«Քոչվորական խաղե՞ր։ Առաջին անգամ ենք լսում»,– ասացին քաղաքացիները։
Մեկ այլ քաղաքացի էլ կարծիք հայտնեց, որ քոչվորական մշակույթը հայկական արմատների հետ կապ չունի։
«Ես չեմ կարծում, որ մեր արմատներում քոչվորներ կան»,– ասաց նա։
Քաղաքացիներից մեկը մասնակցությունը պայմանավորեց միջոցառման ձևաչափով։
«Եթե պետական մակարդակով է այդ ամենը կազմակերպվում, նորմալ եմ համարում, բայց ոչ քոչվորական խաղերը»,– ասաց նա։
Մեկ այլ քաղաքացի էլ նշեց, որ ինքը դեմ չէ նման միջոցառումներին, եթե դրանք մարզիկների համար հնարավորություն են։
«Ես նորմալ եմ համարում։ Ինձ համար կյանքում նորմալ է ամեն ինչ, եթե հնարավորություն ունես մասնակցելու»,– ասաց նա։
Քաղաքացիներից մեկը, անդրադառնալով խաղերի անվանմանը, կատակով ասաց․
«Քոչվոր են դարձրել, բա ի՞նչ եք ուզում»,– ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
Մերի Հակոբյան