Դատավոր Սերժ Ռուշանյանը որոշեց Վեհափառ Հայրապետի ու վեց Սրբազանների գործն ուղարկել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան։
Դատավորը հայտարարեց, թե մտավախություն ունի, որ կարող է ենթարկվել կարգապահական պատասխանատվության, քանզի, ընդդատության խնդիր է տեսնում, ըստ այդմ, որոշեց գործն ուղարկել Երեւանի դատարան։
Դատական նիստը հետաձգվեց։
Հիշեցնենք՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վեց եպիսկոպոսներ մեղադրյալի կարգավիճակում են. նրանք մեղադրվում են դատական ակտի կատարմանը խոչընդոտելու համար, որով պահանջվում է, որ Արման Սարոյանը վերականգնվի Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում։
Քննչական կոմիտե էին հրավիրվել Մակար, Հովնան, Նաթան, Հայկազուն, Մուշեղ և Վահան Սրբազանները։ Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։
Ավելի ուշ՝ Ավստրիայում կայանալիք Եպիսկոպոսաց ժողովից երկու օր առաջ, քրեական գործ հարուցվեց նաև Վեհափառ Հայրապետի նկատմամբ ու արգելվեց Կաթողիկոսին լքել երկիրը:
Մարտի 13-ին Գերագույն հոգևոր խորհրդի անդամներին կրկին կանչել էին ՀՀ քննչական կոմիտե, որ լրացուցիչ ցուցմունք տան, իսկ դրանից մեկ օր առաջ էլ Գերագույն հոգևոր խորհրդի աշխարհիկ անդամներին էին Քննչական կոմիտե կանչել։
Հունվարի 27-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի էր ունեցել Գերագույն հոգևոր խորհրդի ժողով, որի ընթացքում Գերագույն հոգևոր խորհուրդը առաջարկ էր ներկայացրել Ամենայն Հայոց Կաթողիկոսին Գևորգ եպիսկոպոս Սարոյանին հռչակել կարգալույծ։ Ավելի ուշ Մայր Աթոռը հաղորդագրություն տարածեց, որ հայրապետական տնօրինությամբ՝ կարգալույծ է հռչակել Տ․ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը։