Ներքին 56 րոպե առաջ - 21:38 27-08-2026

Գյումրիի ոչ բոլոր դպրոցներում է հիմնանորոգումն ավարտվել․ թիվ 18 դպրոցը տեղափոխվում է

Անահիտ Չալիկյան

Լրագրող

ՀՀ կառավարության «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում Շիրակի մարզում լայնածավալ շինարարական աշխատանքներ են իրականացվում։ Մարզում նախատեսվում է կառուցել 12 նոր դպրոց, իսկ 28 ուսումնական հաստատություն՝ հիմնանորոգել։ Սակայն ծրագրի իրականացման ընթացքը ցույց է տալիս, որ բոլոր աշխատանքները չեն ընթանում նույն տեմպով։

Կարճ ասած` Գյումրիի ոչ բոլոր դպրոցներում է հիմնանորոգումն ավարտվել։ Գյումրիի թիվ 18 միջնակարգ դպրոցում նոր ուսումնական տարին կսկսվի ոչ թե սեփական շենքում, այլ՝ այլ դպրոցի հարկի տակ։ Սեպտեմբերի 1-ից դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները ժամանակավորապես տեղափոխվելու են Գյումրիի թիվ 10 հիմնական դպրոց, քանի որ թիվ 18 դպրոցի երկհարկանի շենքում հիմնանորոգման աշխատանքներ են մեկնարկելու։

Աշխատանքները նախատեսվում են իրականացնել սեպտեմբերից, իսկ այս օրերին դպրոցում արդեն նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում․ գույքը պահեստավորվում է, որպեսզի շենքը հանձնվի շինարարին։ Նշենք, որ թիվ 18 միջնակարգ դպրոցը ներառված է կառավարության՝ «մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցների» ծրագրում։

Կառավարության հաստատած ցանկում այն նշված է որպես հիմնանորոգման ենթակա դպրոց, պատվիրատուն էլ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամն է։ Սակայն փաստն այն է, որ 2026 թվականը գրեթե հասել է իր ավարտական փուլին, մինչդեռ Գյումրիի թիվ 18 դպրոցում հիմնանորոգումը դեռ նոր է մեկնարկում։

Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ դպրոցաշինության և հիմնանորոգման լայնածավալ ծրագրերի մասին պաշտոնական հայտարարություններից զատ՝ տեղերում աշխատանքների իրական ընթացքը կարող է բոլորովին այլ պատկեր ունենալ։ Այս դեպքում հարցն այլևս միայն շինարարությունը չէ։

Դպրոցի աշակերտներն ու մանկավարժները ստիպված են լինելու ամբողջ ուսումնական գործընթացը կազմակերպել այլ դպրոցում՝ հարմարվելով ժամանակավոր պայմաններին, դասասենյակների հնարավոր սղությանը և երկու կրթական հաստատությունների համատեղ գործունեության կազմակերպման բարդություններին։

Մինչ պաշտոնական մակարդակով շարունակվում են խոսել դպրոցաշինական ծրագրերի և նոր ու բարեկարգ կրթական միջավայրերի մասին, քաղաքում կան դպրոցներ, որտեղ հիմնանորոգումը սկսվում է միայն հիմա՝ ուսումնական տարվա մեկնարկից անմիջապես առաջ։

Նկատենք, որ սեպտեմբերի 1-ին Գյումրիի թիվ 18 միջնակարգ դպրոցի աշակերտների համար նոր ուսումնական տարին կսկսվի ոչ միայն նոր դասարանով, այլև նոր հասցեով։ Իսկ թե որքան կտևի հիմնանորոգումը և երբ դպրոցը կվերադառնա իր շենք, առայժմ պարզ չէ։

Անահիտ Չալիկյան