Ուղիղ եթեր
Ներքին 47 րոպե առաջ - 17:55 27-08-2026

Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի

Մերի Հակոբյան

Լրագրող

Վարդաշենի վթարային շենքի բնակիչները շարունակում են բարձրաձայնել իրենց բնակարանային խնդիրը։ Անցած շաբաթ կառավարության շենքի դիմաց տեղի ունեցած բողոքի ցույցի ընթացքում բնակիչներից մեկին ոստիկանները բիրտ ուժի կիրառմամբ հեռացրել էին տարածքից։ Այժմ նա գտնվում է տնային կալանքի տակ։

Oragir.News-ի հետ զրույցում Վարդաշենի բնակիչ Անահիտ Գրիգորյանը պատմել է տղամարդու ներկայիս վիճակի մասին։

«Տղային մինչև շաբաթ օրը պահել են։ Շաբաթ օրը դուրս է եկել և այժմ գտնվում է տնային կալանքի տակ։ Հիմա գլխի հետ կապված խնդիր ունի, նաև ատամը պետք է վիրահատեն։ Նա պետք է հիվանդանոցում պառկի։ Այս պահին տանն է»,- ասաց Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ տղամարդուն անհրաժեշտ է նաև ամբողջական բժշկական հետազոտություն։

«Կարծում եմ՝ նրան պետք է հիվանդանոցում ամբողջությամբ հետազոտեն, որ հասկանան՝ ինչ վիճակում է։ Մենք տեսել ենք, թե ինչպես նրան ավտոմեքենայով տարել։ Այդ ամենը ժողովուրդը տեսել է։ Այնտեղ, երբ նրան փաստաթուղթ են տվել և հետո տարել, մեր կարծիքով՝ նրա նկատմամբ բիրտ ուժ է կիրառվել»,- նշեց բնակչուհին։

Գրիգորյանը հավելեց, որ տղամարդու նկատմամբ երկամսյա տնային կալանք է սահմանվել, մինչդեռ նրա առողջական վիճակը, ըստ բնակիչների, բուժում է պահանջում։

Բնակիչը նաև անդրադարձավ վթարային շենքի վիճակին՝ նշելով, որ կառավարությունից դեռևս իրենց համար ընդունելի լուծում չեն ստացել։

«Բավարարող պատասխան դեռ չկա։ Շենքը շատ ահավոր վիճակում է։ Գիշերները վախենում ենք, ճարճատյուններ ենք լսում։ Վախենում ենք երեխաներին տանը թողնել։ Շենքում շարժ կա, և մենք վախենում ենք այնտեղ բնակվել»,- ասաց նա։

Գրիգորյանի խոսքով՝ խնդիր կա նաև բնակիչներին առաջարկվող փոխհատուցման չափի հետ կապված։

«Մեզ ասում են՝ շենքը զրո դրամ արժե, և մենք պարտավոր չենք օգնել։ Բայց ո՞նց կարելի է այդպես ասել։ Եթե մեզ բնակարանների փոխարեն գումար են առաջարկում, այդ գումարով մենք ի՞նչ պետք է անենք։ Օրինակ՝ 7 միլիոն դրամով մենք նույնիսկ հող չենք կարող գնել, էլ ուր մնաց՝ բնակարան»,- ասաց Վարդաշենի բնակիչը։

Նա նշեց, որ բնակիչների բարձրաձայնած խնդիրը հասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, և իրենք սպասում են կառավարության պատասխանին։

«Ասացին, որ մինչև ամսվա վերջ պատասխան կտան։ Հիմա սպասում ենք՝ տեսնենք՝ ինչ կլինի»,- եզրափակեց Անահիտ Գրիգորյանը։

Հիշեցնենք՝ անցած շաբաթ Վարդաշենի բնակիչները կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում՝ պահանջելով լուծում տալ իրենց վթարային շենքի և բնակարանների հարցին։ Ակցիայի ընթացքում բնակիչներից մեկի և ոստիկանների միջև միջադեպ էր տեղի ունեցել։ Իրավապահները տղամարդուն բիրտ ուժի կիրառմամբ հեռացրել էին տարածքից։


Մերի Հակոբյան

Ամենից շատ դիտված

09:04 Թարմ տվյալներ` ապօրինի ծագման գույքերից. այստեղ ոչ միլիարդներ կան, ոչ էլ անգամ միլիոններ
21:35 Բիլ Գեյթսը նախազգուշացրել է ԱԲ-ի 3 գլխավոր սպառնալիքների մասին
13:03 Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանն ամսի 1-ին պետք է հեռախոսը բացեն ու տեսնեն՝ թոշակը նստե՞լ է, թե՞ չէ
23:02 Մի օր անգիտակից վիճակում կմտնեն, իրենց տներում խուզարկություն կիրականացնեն․ Գեղամ Մանուկյան
19:05 Ի՞նչ փաստեր ունեք՝ մեր իրավապահ համակարգին նման մեղադրանք ներկայացնելու համար․ Արամ Քոչարյան
19:43 Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը վերադարձել են Մեծ Բրիտանիա
20:30 Եվրոպան այլ ակնկալիքներ ունի. ԹՐԻՓՓ-ը կարող է լղոզվել ՏՐԱՍԵԿԱ-ի մեջ
22:08 Ղազախական խոշոր նավթավերամշակման գործարանները հրաժարվում են բենզին մատակարարել Ռուսաստան
20:19 Նեթանյահուն հայտարարել է Արևմտյան ափին 100 բնակավայրի և 160 ֆերմայի ստեղծման մասին
10:07 Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանը