Վահե Սարուխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Նայեք առաջին նկարը. Կադաստրի կոմիտեի պաշտոնական քարտեզն է, որտեղ Տիգրանաշեն գյուղն է: Երեւացող թվերը հողամասերի կադաստրային կոդերն են. ՀՀ կադաստրային կոդեր. կուզեք՝ երրորդ հանրապետության, կուզեք չորրորդ, շատ կուզեք՝ հինգերորդ, վեցերորդ: Դրանց մեջ 03-ը Արարատի մարզի կոդն է, իսկ 078-ը Պարույր Սեւակ համայնքի: Ինչու՞: Որովհետեւ «Վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքով Տիգրանաշենը 2009-2021 թթ. ընդգրկված էր Պարույր Սեւակ համայնքի կազմում, հետեւաբար նրա հողամասերը Պարույր Սեւակի կոդերով էին: Այս կոդերը մինչ օրս կան, պաշտոնական են (կադաստրի քարտեզում այս կոդերն են, սակայն համայնքների խոշորացումից հետո տարածքային կոդերը փոխվել են, հիմա Տիգրանաշենի կոդը 03-002-132 է, որտեղ 002-ը Արարատ համայնքն է, իսկ 132-ը՝ հենց Տիգրանաշեն գյուղը):
Շարունակենք:
1998-ին Կառավարությունը հաստատել է ՀՀ սահմանամերձ համայնքների ցանկը, որում Տիգրանաշենը նշված է որպես Պարույր Սեւակ գյուղի թաղամաս (ոչ թե նույն համայնքի մաս կազմող մեկ այլ գյուղ, այլ պարզապես թաղամաս): Այս որոշումը մինչ օրս վավեր է՝ ուժի մեջ է, գործում է:
2001 թ. մեկ այլ որոշման մեջ Տիգրանաշենը նշված է իբրեւ առանձին գյուղ: Այս որոշումը եւս մինչ օրս ուժի մեջ է, գործում է:
Երբ 2021-ին համայնքները խոշորացվեցին, ու Պարույր Սեւակ համայնքը միացվեց Արարատ համայնքին, Պարույր Սեւակ ու Տիգրանաշեն գյուղերը դարձան Արարատ խոշորացված համայնքի բնակավայրեր:
Շեշտենք՝ բացի Տիգրանաշենից, ոչ մի այլ «անկլավային բնակավայր» (Վերին Ոսկեպար, Բարխուդարլու, Սոֆուլու) ներկա պահին առանձին նշված չէ «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքում (նախկինում Վ. Ոսկեպարն ու Բարխուդարլուն նշված էին): Իսկ Տիգրանաշենը որպես ՀՀ բնակավայր սեւով սպիտակի վրա նշված է երրորդ (կուզեք՝ չորրորդ, շատ կուզեք՝ հինգերորդ, վեցերորդ) հանրապետության վերոնշյալ օրենքում:
Զուգահեռ իրականությունում Փաշինյանը հայտարարում է, որ քարտեզներով «Քյարքին Հայաստանի տարածք չէ», իսկ նրա «կիրթ ու կառուցողական» կոլեգան ցուցամատ տնկելով, թերեւս, կասեր՝ Քյարքի Ազերբայջանդիր կամ էլ` Քյարքի բիզիմդիր:
Փաշինյանը օգոստոսի 24-ին ԱԺ-ում հայտարարում է. «Մեր պրոբլեմը գիտե՞ք որն է․ որ Արարատի մարզի Արարատ գյուղին ասում ենք Դավալու, իսկ Քյարքին ասում ենք Տիգրանաշեն»: Նույն օրը Փաշինյանն ասում է՝ Քյարքի եմ ասում (Տիգրանաշենի փոխարեն), որ էսկալացիան բացառվի (երեւի դրա համար հիմա պաշտոնյաների եւ նրանց քարոզիչ-պրոպագանդիստների բերաններում պլոմբված-կապարակնքված են Արցախ ու նույնիսկ Լեռնային Ղարաբաղ տերմինները, փոխարենը՝ բացառապես Ղարաբաղ: Բա խաղաղություն է, իսկ դրա համար պետք է գին վճարել. բայց էդ գինը, Կառլ, վճարում է մենակ պարտված-նվաստացածը, իսկ մյուսը շարունակում է մատ թափ տալ ու հաթաթա տալ, թե բա՝ էս ծառն իմն է, էս սարն իմն է, այ դու կկու, հիմար կկու):
Ֆիքսեք Փաշինյանի վերոնշյալ արտահայտությունների ամսաթիվը՝ օգոստոսի 24, 2026 թ.: Հիմա ցատկենք մեկ այլ զուգահեռ իրականություն:
Կառավարությունը, այսինքն՝ Փաշինյանի կառավարությունը, այսինքն՝ «Քյարքին Հայաստանի տարածք չէ» կամ «Քյարքիի փոխարեն Տիգրանաշեն ասելը պրոբլեմ է» կամ «Քյարքի եմ ասում, որ էսկալացիան բացառվի» ասող Փաշինյանի կառավարությունը «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություն անելու նախագիծ է ներկայացրել Ազգային ժողով բառացիորեն երեկ, այսինքն՝ օգոստոսի 24-ին, այսինքն՝ 2026 թ. օգոստոսի 24-ին, այսինքն՝ այն նույն օրը, երբ Փաշինյանն ասում էր «Քյարքին... Քյարքին... Քյարքին»:
Ուրեմն էս նախագծի համաձայն՝ պիտի միավորվեն Արարատ ու Վեդի համայնքները՝ դառնալով մեկ՝ Արարատ համայնք: Եվ էս համայնքի բնակավայրերի մեջ նշված է .... Տիգրանաշենը (տես երկրորդ նկարը):
Շախ ու մատ (!!!!!!!) Հեյդարի օղուլ Իլհամին, այսինքն՝ ամեն դեպքում՝ Տիգրանաշենը Հայաստան է ու վերջ: Մոտավորապես նույնկերպ, ինչկերպ որ ժամանակին «Արցախն էր Հայաստան ու վերջ» (բայց, Կառլ, տեսնես էն ժամանակ ինչի՞ էսկալացիա սկսվեց):
Այ սենց արտաքին քաղաքականություն ա պետք վարել. ասես մի բան, անես ուրիշ բան (իբր ոչ մեկ չի տեսնելու, իբր Կասպից ծովի ափին հայերեն կարդալ չգիտեն): Ինչպես դասականը կասեր ժամանակին. «էս կոնվեյերի վրայից թռնել, թռնել, ուրիշ տեղ հայտնվել։ Դա կլինի, կներեք արտահայտությանս համար, մի քիչ գժի տեղ դնելով, կլինի մի քիչ նեադեկվատ թվալով, բայց դա կլինի, պետք է այդ կոնվեյերի վրայից դուրս պրծնել»:
Բայց հետո երեւի զանգեն Կասպից ծովի ափից ու ընդամենը մի բառ շշնջան լսափողի մեջ՝ «էսքալացիա (!?)», ու սառը քրտինքը ճակատին տված ինչ-որ մեկը շատ շտապ զանգի ԱԺ, ասի՝ էդ օրենքի տեքստից հանեք-թափեք Տիգրանաշեն բառը, սրանից հետո՝ միայն Քյար-քիիիիիի: Իսկ մեկ այլ զանգով երեւի ԱԱԾ-ն ներխուժի Կադաստրի կոմիտե, որ աստվածահաճ էս խաղաղությունը տորպեդահարող սենց քարտեզ են համարձակվում հրամցնել հանրությանը:
