Արտաքին 3 ամիս առաջ - 23:54 30-07-2026

Վենսը Նեթանյահուի հետ կոշտ զրույց է ունեցել պատերազմի և Իրանի մասին. Axios

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն երեքշաբթի Վաշինգտոնում անձնական հանդիպում են անցկացրել, որի ընթացքում քննարկել են տարաձայնությունները պատերազմի և Մերձավոր Արևելքում քաղաքականության հարցերի շուրջ։

Ամերիկացի և իսրայելցի պաշտոնյաները զրույցը բնութագրել են որպես «ուղիղ» և «անկեղծ», հայտնում է Axios-ը։

Հանդիպումը տեղի է ունեցել Blair House նստավայրում՝ երկու քաղաքական գործիչների միջև պահպանվող լարվածության ֆոնին։ Պատերազմի սկզբից ի վեր Վենսը համարվում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մերձավոր շրջապատում Նեթանյահուի նկատմամբ առավել կասկածամիտ տրամադրված ներկայացուցիչներից մեկը։

Քանի որ հակամարտությունը ձգձգվում էր, փոխնախագահն ուժեղացնում էր իր դերը պատերազմի և Իրանի հետ բանակցությունների վերաբերյալ ամերիկյան քաղաքականության ձևավորման մեջ։ Նա հանդես էր գալիս որպես ամերիկա-իրանական փոխըմբռնման հուշագրի գլխավոր պաշտպաններից մեկը, որին դեմ էր Նեթանյահուն, թեև Իսրայելի վարչապետը հրապարակայնորեն բացահայտ հանդես չեկավ հուշագրի դեմ՝ հույս ունենալով, որ այն կտապալվի։ Ի վերջո պայմանավորվածությունները դադարեցին գործել մի քանի շաբաթ անց։

Վենսի և Նեթանյահուի միջև տարաձայնություններն աստիճանաբար խորանում էին։ Իսրայելի վարչապետը դժգոհ էր փոխնախագահի հրապարակային քննադատությունից. վերջինս իսրայելական առաջնորդին մեղադրում էր Իրանի շուրջ դիվանագիտական նախաձեռնությունները տապալելու փորձերի և Թրամփին անբավարար հավատարմության մեջ։ Իր հերթին, Վենսը կարծում էր, որ Նեթանյահուի կողմնակիցները Իսրայելում և ԱՄՆ-ում նրա հետ կապված լրատվամիջոցների միջոցով փորձում են քաղաքականապես հարվածել իրեն և թուլացնել իր ազդեցությունը։

Ըստ իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյայի՝ հանդիպման ընթացքում Նեթանյահուն բարձրացրել է Իսրայելի կառավարության հասցեին Վենսի վերջին հայտարարությունների և Հանրապետական կուսակցության ներսում Իսրայելի նկատմամբ վերաբերմունքի վերաբերյալ մտահոգությունների հարցը։
«Դա անկեղծ և ուղիղ զրույց էր»,- հայտարարել է իսրայելցի ներկայացուցիչը:

Ամերիկացի պաշտոնյան նույնպես հաստատել է, որ զրույցը «ուղիղ» էր, սակայն նշել է, որ հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում։ Նրա տվյալներով՝ Վենսը և Նեթանյահուն քննարկել են երկու երկրների համար կարևոր Մերձավոր Արևելքի հարցեր և պայմանավորվել շարունակել համագործակցությունը ընդհանուր հետաքրքրությունների ոլորտներում։

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում