Ամիսներ առաջ 7or.am և Armat Media լրատվամիջոցները ենթարկվեցին խուզարկության, և իրավապահները առգրավեցին նրանց համակարգիչները, հեռախոսները, կրիչները, անգամ՝ բարձրախոսների պատվանդանները։
Տեխնիկայի երկարատև պահման պատճառով մինչ օրս խոչընդոտվում է կայքերի բնականոն աշխատանքը։
«Արմատ մեդիայի» գլխավոր խմբագիր Նելլի Ավետիսյանը
Oragir.News-ի հետ զրույցում նշեց, որ մինչ օրս չեն վերադարձվել նույնիսկ աշխատակիցների անձնական հեռախոսները, և դրանց վերադարձի վերաբերյալ բացարձակ ոչ մի հստակություն չկա։ «Մենք դեռ աշխատում ենք։ Վերջին թարմ նորությունն այն է, որ լրատվամիջոցում տեղի ունեցած խուզարկությունը Վերաքննիչ դատարանը ճանաչել է ապօրինի, ինչն էլ նշանակում է՝ ոտնահարվել են լրատվամիջոցի սեփականատեր Ալեքսան Ալեքսանյանի իրավունքները»,- ասաց Նելլի Ավետիսյանը։
Ընդդիմադիր քաղաքական գործիչների գնահատմամբ՝ այս գործողություններն ազատ մամուլին լռեցնելու փորձ են։ Նույն կարծիքին է նաև «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, կալանավորված Ալեքսան Ալեքսանյանի փաստաբան Լիանա Գասպարյանը։ «Առաջին ատյանի դատարանի որոշումը ճանաչվել է ոչ օրինական։ Վերաքննիչ դատարանը արձանագրել է, որ տեղի է ունեցել Ալեքսան Ալեքսանյանի իրավունքների խախտում, քանի որ «Տաշիր» առևտրի կենտրոնի 6-րդ հարկում տեղակայված «Արմատ մեդիայի» գործունեության վայրը պատկանել է Ալիկ Ալեքսանյանի»,- նշում է փաստաբանը։
Հիշեցնենք, որ «Ուժեղ Հայաստան» թիմի անդամ, «Արմատ մեդիայի» սեփականատեր Ալեքսան Ալեքսանյանն արդեն երկրորդ ամիսն է, ինչ կալանքի տակ է։ Փաստաբանը կալանքը գնահատում է ապօրինի՝ ընդգծելով, որ այս ընթացքում որևէ քննչական գործողություն չի կատարվել։ «Մինչև օգոստոսի 3-ը պետք է ներկայացնեն վերջինիս նկատմամբ ընտրված կալանքի ժամկետի երկարաձգման միջնորդություն»,- նշում է Լիանա Գասպարյանը։
Խորհրդարանական հունիսյան ընտրություններից առաջ նույն ճակատագրին արժանացավ նաև 7or.am լրատվական կայքը։ 2026 թվականի մայիսի 22-ին ՀՀ Քննչական կոմիտեի և ԱԱԾ-ի իրականացրած խուզարկությունից ու տեխնիկայի առգրավումից հետո, կայքի բնականոն գործունեությունն անորոշ ժամանակով խափանվել է։
Մեդիա կառույցները լրատվամիջոցի նկատմամբ իրականացված գործողությունը որակել են որպես խոսքի ազատության կոպիտ ոտնահարում և ԶԼՄ-ի գործունեության ուղղակի խոչընդոտում, քանի որ աշխատանքային բոլոր գործիքների առգրավումը խմբագրությանը զրկել է տեղեկատվություն արտադրելու տեխնիկական հնարավորությունից։ Կայքի իրավական խնդիրները ուղղակիորեն կապված են «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանի դեմ հարուցված քրեական վարույթի հետ։
Ըստ վերջին տեղեկությունների՝ 2026 թվականի հուլիսի 21-ին Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում տեղի է ունեցել նիստ՝ Թևանյանի կալանքի ժամկետի երկարաձգման հարցով։ Մինչ կայքի փակվելը, քաղաքագետ և կայքի համակարգող Երվանդ Բոզոյանը հանդես է եկել ակտիվ քաղաքական վերլուծություններով։
Oragir.News-ը ստեղծված իրավիճակի և որոշ հարցերի մեկնաբանության համար փորձեց կապ հաստատել քաղաքագետ, 7or.am կայքի համակարգող Երվանդ Բոզոյանի հետ, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան։
Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ 2025 թվականի նոյեմբերի 13-ին, խուզարկվել էին նաև «Իմնեմնիմի» փոդքասթի գրասենյակն ու հաղորդավարների բնակարանները [AntiFake.am]։ Փոդքասթի համահեղինակ և հաղորդավար Նարեկ Սամսոնյանի շահերի պաշտպան Ռուբեն Մելիքյանը
Oragir.News-ի հետ զրույցում հայտնեց, որ դատարանի որոշմամբ հրապարակային ելույթների սահմանափակում կա ինչպես Նարեկ Սամսոնյանի, այնպես էլ Վազգեն Սաղաթելյանի նկատմամբ։ «Հաշվի առնելով նաև, որ խոսքը վերաբերում է ավելի ցածր մակարդակի հրապարակայնությանը, թույլատրվեց փակ՝ առանձին վճարովի համակարգով վերականգնել «Իմնեմնիմի» հաղորդաշարի եթերները»,- ասաց փաստաբանը։
Նրա խոսքով՝ այս պահին վարույթը չի փակվել, այն գտնվում է քննության փուլում, սակայն որևէ էական արդյունք դեռ չկա։ «Ի սկզբանե առգրավվել էր գրեթե ողջ տեխնիկան։ Որոշ ժամանակ անց դրա մի մասը վերադարձվեց։ Առգրավվել էին նաև խոսափողներ, որոնք որևէ նշանակություն չէին կարող ունենալ տվյալ վարույթի շրջանակում։ Դրանք մոտ մեկուկես-երկու ամիս առաջ վերադարձվեցին։ Մնացած գույքի վերաբերյալ իրավական գործընթացը դեռ շարունակվում է»,- ասաց Մելիքյանը՝ քննչական գործողությունները գնահատելով ոչ իրավաչափ։
Հավելենք, որ ՀՀ Սահմանադրության և օրենքների համաձայն՝ իրավապահները պարտավոր են համակարգիչներից պատճենահանել անհրաժեշտ տվյալները և տեխնիկան անհապաղ վերադարձնել սեփականատիրոջը: «Զանգվածային տեղեկատվության մասին» ՀՀ օրենքով և ՄԻԵԴ նախադեպերով՝ լրագրողական աղբյուրների գաղտնիությունը պաշտպանված է: Տեխնիկան ամիսներով պահելը և լրատվամիջոցի աշխատանքը կանգնեցնելը խախտում է օրենքը և կարող է դիտարկվել որպես պաշտոնեական դիրքի չարաշահում (ՀՀ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդված):
Հասմիկ Մովսիսյան