Ներքին 1 ժամ առաջ - 13:39 22-07-2026

Սուտ խոստո՞ւմ, թե՞ անփույթ հայտարարություն. Լոռու մարզպետի տեսանյութից հետո քաղաքացիները խաբված մնացին

Մերի Հակոբյան

Լրագրող

Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանի հրապարակած տեսանյութը, որով քաղաքացիներին տեղեկացվում էր, թե Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան զբոսայգում 14 օր շարունակ՝ ամեն օր ժամը 17:00-ից, բացօթյա կրկես է գործելու, դժգոհության ալիք է բարձրացրել։ Պաշտոնական հայտարարությանը հավատացած բազմաթիվ քաղաքացիներ, այդ թվում՝ այլ մարզերից, երեխաների հետ այցելել են Վանաձոր, սակայն տեղում պարզել են, որ ներկայացումները տվյալ օրը չեն անցկացվում՝ հիասթափված ու վրդովված հեռանալով։

Ստեղծված իրավիճակին ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է նաև «Իմոնք» բարեգործական հիմնադրամի հիմնադիր, ղեկավար Աննա Հովհաննիսյանը, որը մանրամասն ներկայացրել է, թե ինչպես են իր ծանոթները Երևանից երեխաների հետ հատուկ եկել Վանաձոր՝ հավատալով մարզպետի հրապարակած հայտարարությանը։

«Ընկերներս Երևանից եկել էին հյուր՝ երեխաների հետ։ Ֆեյսբուքում պատահաբար տեսնում են Լոռու մարզպետի տեսանյութը, որտեղ ասում է՝ «Սիրելի վանաձորցիներ, ձեզ անակնկալ ենք արել, և 14 օր շարունակ կարող եք վայելել Շառլ Ազնավուրի այգում տեղակայված կրկեսը»։
Ասացին՝ «Կտանե՞ս երեխաներին»։ Ասացի՝ «Իհարկե»։ Թեև արդեն զգում էի, որ հաստատ ինչ-որ բան այն չէ, բայց մտածեցի՝ չասեն ամեն ինչ քաղաքականացնում եմ։ Լուռ նստեցրի մեքենան ու գնացինք։

Հասնում ենք… մարդ չկա։ Մի քանի ընտանիքներ հավաքված՝ տարբեր գյուղերից ու քաղաքներից, բոլորը երեխաների հետ։ Բոլորս իրար ենք նայում՝ չհասկանալով, թե ինչ է կատարվում։ Աչքս ընկավ հեռախոսահամարին, զանգեցի։
— Բարև ձեզ, կրկեսը ե՞րբ է։
— Միայն շաբաթ և կիրակի։
Ասում եմ.
— Բայց մարզպետը հայտարարել էր, որ 14 օր շարունակ կարելի է այցելել։ Լռություն…

Մարդիկ էս շոգին տարբեր բնակավայրերից երեխաների հետ եկել էին՝ հավատալով պաշտոնական հայտարարությանը։ Ի դեպ, որպես «անակնկալ» ներկայացված կրկեսի տոմսերն էլ վճարովի են։ Ես երբեք դեմ չեմ վճարել ծառայության համար։ Խնդիրը վճարը չէ։ Խնդիրն այն է, որ պաշտոնական էջով տեսանյութ ես հրապարակում, փիառվում, բայց մարդկանց փոխանցում ես ոչ ճշգրիտ տեղեկություն»,- գրել է Հովհաննիսյանը։

Oragir.News-ը կապ հաստատեց նաև Լոռու մարզպետարանի հետ՝ պարզաբանում ստանալու նպատակով։ Մարզպետարանից նախ նշեցին, որ իրավասու են պատասխանել լրագրողների հարցերին, սակայն թեման լսելուց հետո առաջարկեցին հարցերն ուղարկել գրավոր կամ կապ հաստատել անմիջապես Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանի հետ՝ նրա իսկ հրապարակած տեսանյութում հնչած հայտարարության վերաբերյալ պարզաբանում ստանալու համար։

Oragir.News-ը փորձեց կապ հաստատել նաև Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանի հետ, սակայն վերջինս չպատասխանեց հեռախոսազանգերին։ Հավելենք, որ քաղաքացիների դժգոհության հիմնական պատճառը այն է, որ, նրանց պնդմամբ, պաշտոնական հայտարարության բովանդակությունը չի համապատասխանել իրականությանը, ինչի հետևանքով բազմաթիվ ընտանիքներ ժամանակ և միջոցներ են ծախսել՝ այցելելով մի միջոցառման, որը տվյալ օրը չէր անցկացվում։


Մերի Հակոբյան

Ամենից շատ դիտված