Արտաքին 3 ամիս առաջ - 10:18 28-06-2026

TikTok-ում 12 միլիոն դիտում հավաքած տեսանյութից հետո ՌԴ-ում ձերբակալվել է Պուտինին սպառնացող նախկին զինծառայողը

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զինված ապստամբությամբ սպառնացող և նրա հետ անհապաղ հանդիպում պահանջող ռուս նախկին զինծառայող Ալեքսանդր Լունինը, ով մեքենայով մեկնել էր Մոսկվա՝ Կրեմլի ղեկավարին անձամբ հանդիպելու փորձ կատարելու համար, վարչական պատասխանատվության է ենթարկվել և կալանավորվել 11 օրով:

Այս մասին հաղորդում է BBC-ն՝ հավելելով, որ նախկին զինվորականի հետ կապն ամբողջությամբ կորել էր Մոսկվա մուտք գործելիս, իսկ նույն գիշերը ռուսական իրավապահ մարմինները՝ առանց դատարանի համապատասխան օրդեր ցույց տալու, ներխուժել և խուզարկություն են իրականացրել Վորոնեժի մարզի Լիզինովկա գյուղում գտնվող նրա տանը՝ բռնագրավելով ընտանիքին պատկանող բոլոր համակարգչային սարքավորումներն ու կրիչները։

Թեև պաշտոնական մարմինները ձերբակալության իրավական հստակ հիմքերը դեռևս չեն հրապարակել, Լունինի կինը սոցիալական ցանցերում (ներառյալ՝ TikTok-ում, որտեղից տեսանյութը հետագայում օպերատիվորեն ջնջվել է) հաստատել է, որ ամուսինը ողջ է և գտնվում է մոսկովյան մեկուսարաններից մեկում։

Այս արտակարգ իրադարձության պատճառ էր դարձել Լունինի կողմից հրապարակված տեսաուղերձը, որտեղ նա Պուտինից խիստ պահանջել էր հանդիպում և հեռուստատեսությամբ ուղիղ եթեր տրամադրել, հակառակ դեպքում սպառնալով, որ ռուսական բանակի ստորաբաժանումներն իրենց զենքն ուղղելու են ընդդեմ Կրեմլի՝ հիմնավորելով, որ ռազմաճակատի առաջնագծից ստանում է հազարավոր զինվորների վկայություններ հրամանատարության կողմից անմարդկային վերաբերմունքի և ծանր պայմանների մասին:

Այս տեսանյութն ընդամենը 24 ժամվա ընթացքում համացանցում հավաքել էր ռեկորդային՝ ավելի քան 12 միլիոն դիտում, ինչն առաջացրել էր իշխանությունների անհանգստությունը, թեև Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փորձելով նվազեցնել միջադեպի կարևորությունը, հայտարարել էր, որ Կրեմլը տեղյակ է նախկին զինծառայողի ուղերձից, սակայն աշխատանքային գրաֆիկի պատճառով ժամանակ չի ունեցել մանրամասն ծանոթանալ դրան։

Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը