Արտաքին 4 ժամ առաջ - 14:37 21-07-2026

Կայուն հրադադար չի լինի, քանի դեռ կողմերի միջև վստահություն չկա. իրանցի վերլուծաբան

Մերի Հակոբյան

Լրագրող

Իրանի և ԱՄՆ-ի միջև լարվածությունը շարունակում է պահպանվել՝ չնայած հրադադարի և բանակցությունների մասին պարբերաբար հնչող հայտարարություններին։

Իրանցի քաղաքական վերլուծաբան Փույա Հուսեյնին Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ խնդրի հիմնական պատճառը կողմերի միջև վստահության բացակայությունն է և, իր գնահատմամբ, Վաշինգտոնի կողմից նախկին պայմանավորվածությունների խախտումները։

Նրա խոսքով՝ ռազմական գործողությունների ընթացքում ԱՄՆ-ն և Իսրայելը փորձել են ուժի միջոցով հասնել իրենց ռազմավարական նպատակներին՝ ներառյալ Իրանի միջուկային և հրթիռային ծրագրերի սահմանափակումը, ինչպես նաև տարածաշրջանում իրանամետ ուժերի ազդեցության նվազեցումը, սակայն այդ նպատակները չեն իրականացվել։

«Պատերազմի միջոցով չկարողացան Իրանին պարտադրել իրենց կամքը, և գործընթացը տեղափոխվեց բանակցությունների դաշտ։ Սակայն բանակցություններն էլ չավարտվեցին միակողմանի զիջումներով։ Ձևավորվեց փոխզիջումային համաձայնություն, որն ավելի շահավետ էր Իրանի համար՝ հատկապես պատժամիջոցների և տնտեսական հարցերի տեսանկյունից»,- ասաց Հուսեյնին։

Նա առանձնահատուկ անդրադարձավ Հորմուզի նեղուցին վերաբերող պայմանավորվածություններին՝ պնդելով, որ դրանցից մեկը հետագայում խախտվել է։ «Համաձայնագրով նախատեսվում էր, որ Հորմուզի նեղուցում նավերի տեղաշարժը պետք է իրականացվեր Իրանի վերահսկողության պայմաններում։ Սակայն, մեր գնահատմամբ, ԱՄՆ-ն փորձեց շրջանցել այդ պայմանավորվածությունը, ինչը հերթական անգամ վկայում է, որ Վաշինգտոնը բանակցությունները հաճախ օգտագործում է ժամանակ շահելու և նոր ճնշումների նախապատրաստվելու համար»,- նշեց վերլուծաբանը։

Փույա Հուսեյնին նաև պնդեց, որ Իսրայելը կարևոր դեր ունի բանակցային գործընթացների ձախողման մեջ։ «Իսրայելը մշտապես փորձում է ազդեցություն ունենալ ԱՄՆ վարչակազմի վրա, որպեսզի բանակցությունները չհանգեն կայուն արդյունքի։ Այդ պատճառով էլ լարվածությունը պարբերաբար վերադառնում է»,- ասաց նա։

Անդրադառնալով վերջնական հրադադարի հնարավորությանը՝ վերլուծաբանը նշեց, որ դրան հասնելը դժվար է, քանի դեռ կողմերի միջև պահպանվում է անվստահությունը։ «Միջուկային համաձայնագրի դեպքում Իրանը, միջազգային կառույցների գնահատմամբ, կատարել էր իր պարտավորությունները, սակայն մյուս կողմը չվերացրեց պատժամիջոցները։ Այդ փորձից հետո Իրանում վստահությունը զգալիորեն նվազել է։ Քանի դեռ շարունակվում են պայմանավորվածությունների խախտումները, կայուն խաղաղության հասնելը չափազանց բարդ կլինի»,- ընդգծեց նա։

Հուսեյնիի կարծիքով՝ իրավիճակը կարող է փոխվել միայն այն դեպքում, երբ հակառակ կողմը համոզվի, որ լարվածության շարունակումը քաղաքական և տնտեսական առումով ավելի մեծ վնաս է պատճառում հենց իրեն։ «Եթե խաղաղ բանակցություններ չեն ստացվում, ապա Իրանը կշարունակի, իր գնահատմամբ, պաշտպանել իր տարածքային ամբողջականությունն ու պատասխանել ցանկացած ագրեսիայի։ Միայն այն ժամանակ, երբ մյուս կողմը զգա, որ հակամարտության շարունակությունն այլևս ձեռնտու չէ, հնարավոր կլինի խոսել կայուն խաղաղության մասին»,- եզրափակեց իրանցի քաղաքական վերլուծաբան Փույա Հուսեյնին՝ անդրադառնալով Իրան-ԱՄՆ շարունակվող հակամարտությանը։ Մերի Հակոբյան

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի