Երևան +17°
copy image url
Ներքին Խոսք 2 ամիս առաջ - 20:00 28-02-2024

Վստահություն չկա, որ քաղաքացին մահվանից հետո բիզնես պրոյեկտ չի դառնա

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Առողջապահության նախկին նախարար, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանն այսօր հայտարարեց, որ մարդկանց օրգանները փոխանցվեն դրա կարիքն ունեցողներին։ «Իմ մահվան դեպքում ես երբեք չեմ հրաժարվի իմ օրգանները հանձնելուց, եթե դրանք առողջ լինեն»,- ասաց նա։

Թորոսյանը միևնույն ժամանակ նշեց, որ համապատասխան օրենքը Հայաստանում դեռևս 2002 թվականին է ընդունվել, սակայն առ այսօր նման 1 դեպք անգամ չի արձանագրվել։ Նա կարծում է, որ նախևառաջ անհրաժեշտ է հանրային գիտակցությունը փոխել, որպեսզի մարդիկ հասկանան, որ իրենց մահվանից հետո իրենց առողջ օրգանները կարող են այլ մարդկանց կյանք պարգևել։

Oragir.News-ը առողջապահության հարցերով փորձագետ Անուշ Պողոսյանից հետաքրքրվեց, թե աշխարհում նման փորձ կա՞ և որքանո՞վ է այն կիրառելի Հայաստանում։ Ի պատասխան՝ Պողոսյանը նշեց, որ աշխարհում նման փորձ կա, սակայն Հայաստանի նման հին մենթալիտետ ունեցող երկրի համար մի փոքր խնդրահարույց և անընդունելի է։

Փորձագետը նաև ընդգծեց, որ Հայաստանում բացակայում է կայացած առողջապահական համակարգը, որը կկարողանա այդ պրոցեսն իրականացնել։

Անուշ Պողոսյանը նշեց, որ Իսպանիայում այս ծրագիրը տապալվեց, քանի որ տարբեր մենթալիտետային խնդիրների պատճառով մարդիկ դեմ էին դիակից փոխպատվաստում իրականացնելուն։ Նրա խոսքով՝ նման փոխպատվաստումներ կատարվում է օրինակ Բելառուսում, որտեղ կարծում են, որ դա կարելի է իրականացնել։

«Տարբեր երկրներ տարբեր մենթալիտետ ունեն, հարցին տարբեր կերպ են մոտենում, սակայն կարծում եմ, որ նախևառաջ անհրաժեշտ է, որ առողջապահական համակարգի հանդեպ վստահություն լինի, որպեսզի բնակիչը իր կենդանության օրոք հասկանա, որ հետմահու չի դառնալու պրոյեկտ, և իր օրգաններն օգտագործվելու են մեկ այլ պացիենտի կյանքը փրկելու համար»,- նկատեց նա։

Անուշ Պողոսյանը շեշտում է՝ հասարակությունն այսօր առողջապահական համակարգի հանդեպ վստահություն չունի։ Նա նշեց՝ հայտարարվում է, որ պետպատվերի տրամադրումը օֆերտայով է գործում, սակայն դա այդպես չի,ինչին նաև Արսեն Թորոսյանը անդրադարձավ, ուստի կարծում է՝ սա հանգեցնելու է նրան, որ այս ծրագիրն ու «բարեփոխումը» դառնա առողջապահական համակարգի հերթական տապալումը։

Հարցին, թե Հայաստանի պարագայում որոշման կիրառությունն ինչ վտանգներ ու ռիսկեր է պարունակում, մեր զրուցակիցը պատասխանեց, որ բազմազան ռիսկեր են առկա, որոնցից ամենակարևորն այն է, որ մարդը բիզնես պրոյեկտի չվերածվի։ Նա նկատեց, որ մարդու կենդանության օրոք, ով պատրաստ է իր օրգանները տրամադրել, կարող է տարբեր քրեական մոտիվների պատճառ դադնալ, ուստի անհրաժեշտ է, որ ճիշտ օրենսդրություն և ընթացակարգեր մշակվեն։

«Բացի այդ, մենք պետք է վստահենք և ապավինենք գերատեսչություններին՝ թե՛ ոստիկանական, թե՛ առողջապահական համակարգին։ Այսինքն՝ մենք պետք է հասնենք այդ փուլին, որ երկիրը նման խնդիրներ կարգավորելուն պատրաստ լինի։ Ռիսկերը բավականին շատ կարող են լինել»,- ասաց նա։

Անուշ Պողոսյանը հավելեց, որ մարդն իր կենդանության օրոք հետազոտություններ պետք է անցնի, դրանց հետ կապված դոնորային բանկ ստեղծվի, որտեղ նրա օրգանները կհաշվառեն։ Նա ասաց, որ բավականին լուրջ առողջապահական խնդիր կա, որը պետք է լուծվի․ «Թուղթը բերել և Ազգային ժողովում անցկացնելը չի նշանակում, որ մենք կարող ենք գործընթացն անել»։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված