Շիրակի մարզի Անի համայնքի մի շարք բնակավայրեր կարկուտից հետո շարունակում են մնալ առանց էլեկտրաէներգիայի։ Ամենածանր իրավիճակում է հայտնվել հատկապես սահմանամերձ Բագրավան գյուղը, իսկ Հայկաձորում և Լանջիկում արդեն հոսանքամատակարարումը վերականգնվել է։
Նշենք, որ Բագրավանն ու Հայկաձորը ոչ միայն սահմանամերձ են, այլև փաստացի կտրված են Գյումրիից։ Դեպի բնակավայրեր կանոնավոր հասարակական տրանսպորտ չի գործում, և այնտեղ հասնել հնարավոր է հիմնականում սեփական ավտոմեքենայով կամ գնացքով, ինչը բնակիչների համար լրացուցիչ դժվարություններ է ստեղծում։
Կարկուտի հասցրած վնասներին այժմ ավելացել է նաև հոսանքազրկումը, որի հետևանքով բնակիչները բախվում են առօրյա բազմաթիվ խնդիրների՝ կենցաղային տեխնիկայի չաշխատելուց մինչև սննդամթերքի պահպանման դժվարություններ։
Հայկաձորի վարչական ղեկավար Նվեր Վարդանյանը
Oragir.News-ի հետ զրույցում ներկայացրել է մանրամասներ երեկվա իրավիճակից։
«Մեր հացահատիկի դաշտերի 90%-ը ընդհանրապես էլ քաղելու ենթակա չէ, կարկուտը ավիրել է։ Էս պահին դեռ գույքագրում չի եղել, որովհետև դեպքը նոր է եղել։ Կարկտակայաններ կան, աշխատել են, բայց էս էն դեպքն էր, որ կարկտակայաններն էլ չէին կարող օգնել։ Բնություն է, բնության դեմ ինչ կարող ենք անել»,-հայտարարել է Հայկաձորի վարչական ղեկավար Նվեր Վարդանյանը։
Իսկ Լանջիկի վարչական ղեկավար Գևորգ Աբաջյանը մեզ հետ զրույցում նշեց, որ գյուղում հոսանքը վերականգնվել է։
«Էս պահին ամեն ինչ կարգավորվել է, հոսանքը վերականգնվել է, բայց ավերածություններ են եղել, մեծ վնասներ ենք կրել»,- նշեց Գևորգ Աբաջյանը։
Անահիտ Չալիկյան