Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին առաջին անգամ հրապարակավ պարզաբանել է պաշտպանության նախարար Ֆեդորովին պաշտոնանկ անելու իր որոշումը՝ հայտարարելով, որ այս կադրային փոփոխությունը պայմանավորված է Պաշտպանության նախարարության և Ուկրաինայի զինված ուժերի հրամանատարության միջև ծագած համակարգային բախմամբ, միևնույն ժամանակ հաստատելով, որ Ֆեդորովը կշարունակի մնալ իր թիմում։
Ինչպես հաղորդում է DW-ն, Կիևում Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ նախագահն ընդգծել է, որ պատերազմական պայմաններում ինքը չպետք է ստիպված լինի ընտրություն կատարել կողմերի միջև, և քանի որ նախարարն ու գլխավոր հրամանատարը չեն կարողացել արդյունավետ ու միասնական համագործակցություն հաստատել, այս որոշումն անխուսափելի էր։
Զելենսկիի փոխանցմամբ՝ Ֆեդորովի և ԶՈւ գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկու միջև տարաձայնությունները կրել են խորքային բնույթ և դրսևորվել տարբեր մակարդակներում՝ խանգարելով ամենօրյա փոխգործակցությանը, իսկ նախարարի նոր պաշտոնի մասին կհայտարարվի ավելի ուշ։
Ուկրաինայի ղեկավարն անդրադարձել է նաև պաշտոնանկության լուրից հետո առավոտյան սկսված բողոքի ակցիաներին՝ նշելով, որ լսում ու հասկանում է հանրության արձագանքը, միևնույն ժամանակ հայտնելով, որ ՆԳ նախարար Իգոր Կլիմենկոն դեռևս մնում է պաշտպանական գերատեսչության ղեկավարի հիմնական թեկնածուն, թեև վերջնական որոշում չկա, իսկ «Ժողովրդի ծառա» խմբակցությունը նախատեսում է լրացուցիչ խորհրդակցություններ անցկացնել՝ հաշվի առնելով տեղեկություններն այն մասին, որ Կլիմենկոն հրաժարվել է ընդունել այդ պաշտոնը։
Թամարա Քալանթարյան