Մամուլ 2 ամիս առաջ - 08:52 15-07-2026

Արթուր Պողոսյանը տապալում է գործերի քննությունը, եթե ՔՊ-ին է վերաբերվում. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը դեռևս 2024 թվականին բարձրաձայնել էր Ազգային ժողովում տեղի ունեցած այն աղմկահարույց միջադեպի մասին, երբ Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում լրագրողներին բռնի ուժով դուրս հանեցին ԱԺ նիստերի դահլիճի օթյակից։ Այդ դեպքով նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 237-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելու առերևույթ դեպքի առթիվ։

Հաղորդման հիմքում եղել էր նաև «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանի դիմումը, որտեղ արձանագրված էր, որ բաց ընթացակարգով անցկացվող ԱԺ նիստի ընթացքում լրագրողներին զրկել են իրենց մասնագիտական պարտականությունները կատարելու հնարավորությունից։ Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողները ոչ միայն ականատես են եղել այդ ամենին, այլև փաստել են, որ ՊՊԾ աշխատակիցներին լրագրողներին օթյակից դուրս բերելու հրահանգը տվել է հենց ԱԺ աշխատակազմի ղեկավար, ՔՊ-ական Դավիթ Առաքելյանը, որը նաև անձամբ վերահսկել է այդ գործընթացը օթյակի միջանցքում։

Դեպքից հետո մի շարք լրագրողներ հրավիրվել են Քննչական կոմիտե և հարցաքննվել որպես վկաներ։ Ցուցմունքներ են տվել «Ժողովուրդ» օրաթերթի լրագրող Քնար Մանուկյանը, «Թիվ 5» հեռուստաընկերության լրագրող Կարինե Մանգասարյանը, «24News»-ի լրագրող Հերմինե Միքայելյանը և News.am-ի լրագրող Ռուզան Խաչատրյանը։ Նրանք ներկայացրել են իրենց տեսածն ու լսածը։

«Ժողովուրդ» օրաթերթը երեկ կրկին դիմել է ՀՀ Քննչական կոմիտե՝ հետաքրքրվելով, թե ինչ փուլում է գտնվում այս քրեական վարույթը։ Ի պատասխան՝ Քննչական կոմիտեից հայտնել են միայն, որ «քրեական վարույթը շարունակվում է»։

Այսօր իրավիճակն արդեն փոխվել է։ ՔՊ ընտրացուցակի վերջնամասում գտնվող Դավիթ Առաքելյանը գտնվում է արձակուրդում և օգոստոսի 2-ից այլևս չի զբաղեցնի ԱԺ աշխատակազմի ղեկավարի պաշտոնը։ Սակայն նրա մասնակցությամբ նախաձեռնված քրեական վարույթը շարունակում է մնալ նույն՝ «քննության փուլում» կարգավիճակում։

Այստեղ արդեն հարց է առաջանում՝ ուղղված ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանին. ի՞նչն է շուրջ երկու տարի քննվում մի գործով, որի առանցքային հանգամանքները տեղի են ունեցել բաց նիստի ընթացքում, ուղիղ եթերում, տեսանկարահանվել են, իսկ լրագրողները մանրամասն ցուցմունքներ են տվել։ Եթե նման գործը երկու տարի անց էլ չի հասնում իրավական հանգուցալուծման, ապա դա արդեն ոչ թե քննության բարդության, այլ քննչական մարմնի աշխատանքի արդյունավետության հարց է։

Արթուր Պողոսյանի ղեկավարած Քննչական կոմիտեի այս գործելաոճի հետևանքով լրագրողների խախտված իրավունքները շարունակում են մնալ առանց արդյունավետ պաշտպանության։ Իսկ երբ լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու վերաբերյալ քրեական վարույթը տարիներով մնում է անավարտ, դա վտանգավոր ազդակ է բոլոր նրանց համար, ովքեր կարծում են, թե լրագրողների իրավունքները կարելի է խախտել՝ առանց իրական իրավական հետևանքների։ Սա քննչական մարմնի կաշկանդվածության վառ դրսևորումն է. երբ խոսքը վերաբերում է Ալեն Սիմոնյանի թիմակցին՝ ՔՊ-ականին, նրանց վերաբերյալ գործերը տարիներով փոշոտվում են դարակներում»։

Ամենից շատ դիտված

18:00 Նախկին մարզպետի որդին հայհոյանքներ է տեղացել, խաթարել «ՀԿԵ» ՓԲԸ աշխատակիցների անդորրը
09:30 ՔՊ-ական խառնաշփոթ. անհատ ձեռնարկատեր, դպրոցի փոխտնօրեն, դաշնամուրի ուսուցչուհի
13:11 Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում․ հորատող տեխնիկայի մետաղական կառուցատարրի արանքում հայտնված 38-ամյա տղամարդը մահացել է
21:25 Արայիկ Հարությունյանը ադրբեջանական բանտում՝ նոտարի ծառայությունից օգտվել է
11:39 Ծառուկյանը Ռուֆիին հաղթելուց հետո մարտահրավեր է նետել Մարկ Ցուկերբերգին
09:24 Արման Ծառուկյանը նոկաուտով հաղթել է բրազիլացի Մաուրիսիո Ռուֆիին
22:16 Միլիոնների աստղին՝ ընդամենը 1 եվրո․ Քիմ Քարդաշյանի դատական գործի հանգուցալուծումը
10:09 Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից
12:06 Ամենամասշտաբային հարձակումը Մոսկվայի վրա. խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ
21:00 Հայկական ֆենոմենը պիտի բացահայտեինք ու դարձնեինք պետական քաղաքականություն. Հրանտ Խաչատրյան