Մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ծառայությունն անվճար կլինի։
Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ARCA-ի զարգացման տնօրեն Ռուբեն Սաղոյանը՝ ներկայացնելով փոխանցումների նոր ծառայությունը։
Նրա խոսքով՝ նոր համակարգի շնորհիվ փոխանցումներ կատարելիս այլևս անհրաժեշտ չի լինի մուտքագրել քարտի 16-նիշանոց համարը․ բավական կլինի նշել ստացողի հեռախոսահամարը։
«Փոխանցումն անմիջապես հաշվեգրվում է ստացողի բանկային հաշվին, ոչ թե միայն քարտին։ Այսպիսով, գումարը միանգամից հասանելի է օգտագործման համար, և կարիք չի լինում սպասել, մինչև այն արտացոլվի բանկային հաշվում»,- ասաց Սաղոյանը։
Նրա խոսքով՝ ծառայության շրջանակում ամբողջությամբ պահպանվելու են փողերի լվացման կանխարգելման պահանջները, ինչը հնարավորություն կտա բանկերին իրականացնելու անհրաժեշտ վերահսկողությունը։
Սաղոյանը նաև տեղեկացրեց, որ ARCA-ի և բանկերի ներդրումների շնորհիվ նոր ծառայությունը մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը քաղաքացիների համար կլինի անվճար։
Նրա խոսքով՝ ընկերությունը հույս ունի, որ նույն մոտեցումը հնարավոր կլինի պահպանել նաև հաջորդ տարի։
Մերի Հակոբյան