Ուղիղ եթեր
Ներքին 3 ամիս առաջ - 13:54 07-07-2026

Հայ-իտալական հնագիտական արշավախումբը Շամիրամում նոր բացահայտումներ է արել

Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Շամիրամ հնավայրում հաջողությամբ ավարտվել է հայ-իտալական համատեղ հնագիտական արշավախմբի 2026 թվականի դաշտային պեղաշրջանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` արշավախումբը պեղումներն իրականացնում է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի և ISMEO-ի (Միջերկրածովյան և արևելյան ուսումնասիրությունների միջազգային ասոցիացիա) միջև երկարամյա գիտական համագործակցության շրջանակում։ Նախագիծը հայկական կողմից ղեկավարում է Վարդուհի Մելիքյանը, իտալական կողմից՝ Ռոբերտո Դանը։

«Մայիսի 26-ից հունիսի 25-ը տևած այս տարվա արշավը կենտրոնացած էր հնավայրի մի շարք առանցքային հատվածների ուսումնասիրության վրա՝ նպատակ ունենալով հստակեցնել Հայաստանի ամենաբարդ հնագիտական լանդշաֆտներից մեկի ժամանակագրությունը, գործառույթը և զարգացման փուլերը»- հայտնում են Հնագիտության և ազգագրության ինստիտուտից՝ ընդգծելով, որ Շամիրամը բացառիկ բազմաշերտ հնավայր է, որն առանձնանում է ընդարձակ ամրացված ժայռոտ սարահարթով, մի քանի հուշարձանային պաշտպանական գծերով, ընդարձակ բնակավայրերով և կարևոր թաղման համալիրներով։

Նոր հետազոտությունները վերահաստատել են հնավայրի բնակեցման բացառիկ շարունակականությունը՝ ուշ բրոնզի և երկաթի դարերից մինչև ուրարտական, հետուրարտական, հելլենիստական, ուշ անտիկ, միջնադարյան և հետմիջնադարյան ժամանակաշրջանները։

Ինստիտուտից տեղեկացնում են, որ 2026 թվականի պեղաշրջանի կարևորագույն արդյունքներից է թիվ 3 դամբարանի պեղումների շարունակությունը։

«Այն ուշ բրոնզի դարի մոնումենտալ թաղում է՝ համակենտրոն քարե շրջաններով, կենտրոնական քարե դամբանախցով, հարուստ թաղման գույքով, բրոնզե զենքերով, օբսիդիանից և մետաղից պատրաստված նետասլաքների ծայրերով, ինչպես նաև ծիսական զոհաբերության ենթարկված ձիու մնացորդներով։ Այս հայտնագործությունը կարևոր նոր տվյալներ է հաղորդում Հայաստանի ուշ բրոնզի դարի համայնքներում տեղական էլիտայի, թաղման ծեսերի և ձիու խորհրդանշական դերի ուսումնասիրության համար»,- նշված է կառույցի տարածած հաղորդագրության մեջ:

Պեղումների ընթացքում բացահայտվել են նաև կարևոր տվյալներ հնավայրի նախաուրարտական փուլերի վերաբերյալ։ Ուրարտական ամրոցի աշտարակներից մեկի հետևի հատվածում հայտնաբերվել է նաև միջին երկաթի դարի սենյակ՝ հրդեհի և ավերածությունների արտահայտված շերտերով, որին հաջորդում է ուրարտական պաշտպանական համակարգի կառուցումից ավելի վաղ թաղում։

«Այս հաջորդականությունը բացառիկ հնարավորություն է ընձեռում ուսումնասիրելու Արարատի մարզի տեղական երկաթեդարյան կենտրոնի վերափոխումը՝ Վանի թագավորության ընդարձակմանը նախորդող և դրա ընթացքում ընկած ժամանակաշրջաններում։

Հետազոտությունները շարունակվել են նաև հնավայրի ամրացված հատվածներում։ Wall 2-ի դարպասների համակարգի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ներկայումս տեսանելի L-աձև մուտքը, ամենայն հավանականությամբ, վերակառուցվել է հելլենիստական շրջանում՝ փոխարինելով երկաթի դարի ավելի վաղ շերտին։ Միաժամանակ Tower 3-ի պեղումներն ու մաքրումը վերահաստատել են ուրարտական ամրաշինության հուշարձանային բնույթը՝ բացահայտելով լավ պահպանված, մոտ 8,5 × 8,5 մ չափերով մեգալիթյան կառույց։ 2026 թվականի արշավը նոր հեռանկարներ է բացել նաև Շամիրամի հետուրարտական զարգացման ուսումնասիրության համար։ 7-րդ հատվածում (Area 7) բացահայտված սյուների խարիսխները, ուրարտական աշտարակներին հարող ճարտարապետական կառույցները և լավ պահպանված միջնադարյան շինությունները ցույց են տալիս, թե ինչպես են հնագույն ամրությունները դարերի ընթացքում պահպանել իրենց ազդեցությունը հնավայրի տարածական կազմակերպման վրա»,-հայտնում են Հնագիտության և ազգագրության ինստիտուտից,հավելելով, որ այս տարվա պեղաշրջանի արդյունքները ևս մեկ անգամ հաստատում են, որ Շամիրամը կենտրոնական Հայաստանի երկարատև պատմության ուսումնասիրման կարևորագույն հնավայրերից մեկն է՝ սկսած ուշ բրոնզի դարի թաղման ավանդույթներից և երկաթի դարի տեղական համայնքներից մինչև ուրարտական հուշարձանային ճարտարապետությունն ու հնավայրի վերօգտագործման և վերափոխման հետագա փուլերը։

Արշավախումբն իր խորին շնորհակալությունն է հայտնում բոլոր այն հաստատություններին և գործընկերներին, որոնք աջակցել են 2026 թվականի դաշտային աշխատանքներին։

Նախագիծը համաֆինանսավորվում է Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարության կողմից՝ Երևանում Իտալիայի դեսպանատան աջակցությամբ և համակարգմամբ։ Ընդգծվում է, որ հնագիտական նյութերի, մարդաբանական և այլ մասնագիտացված ուսումնասիրությունների ու հետագա վերլուծությունների արդյունքները կշարունակեն ընդլայնել պատկերացումները Շամիրամի պատմության և Հայաստանի հնագույն մշակութային լանդշաֆտում նրա ունեցած նշանակության մասին։

Ամենից շատ դիտված

19:08 Արտառոց դեպք՝ Գեղարքունիքի մարզում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ
22:24 Վեց նման հարձակում, և Yandex-ը կմնա առանց ենթակառուցվածքների. Լեոնիդ Յուլդաշև
17:48 Ինչպես է Պուտինը նշել ծննդյան օրը. Պեսկովը մանրամասներ է հայտնել
11:23 Վարդան Մալխասյանը մահացել է հիվանդանոցում՝ Արագածոտնի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով
18:13 Զելենսկին խոստացել է ընտրություններ անցկացնել ՌԴ-ի հետ 60-օրյա հրադադարի դեպքում
12:50 Գեղարքունիքում 2-ամյա տղան տանն անզգուշաբար քացախաթթու է խմել ու հիվանդանոցի ճանապարհին մահացել
23:14 Արդարացի խաղաղության մասին կարելի է մոռանալ. ՄԹ պահպանողականների առաջնորդ
20:14 Ոչինչ և ոչ ոք չի կոտրի Ուկրաինային. Լեհաստանի վարչապետն աջակցել է Զելենսկուն
20:28 Զելենսկին Թրամփի էներգետիկ հրադադարը քննարկել է Կանադայի, Ֆինլանդիայի և ՆԱՏՕ-ի առաջնորդների հետ
18:52 Ուժի մեջ է մտնում Ուկրաինայի և Ռուսաստանի միջև Էներգետիկ հրադադարը. Թրամփ