Ներքին 1 ժամ առաջ - 14:00 27-06-2026

Ընդդիմախոսների դեմ անհավասար պայքարում ևս մեկ գործիք է ներդրվում

Թաթուլ Մկրտչյան

Հեղինակ

Մարդու ազատությունը և տվյալների պաշտպանությունը ժողովրդավարության ցուցիչ են։ Հայաստանում այս առումով վիճակը վատ է, և առաջիկայում ավելի է վատանալու։

Կառավարությունը 2026 թ. հունիսի 25-ի նիստում հավանություն է տվել բջջային հեռախոսների միջազգային նույնականացուցիչների (IMEI) վերահսկման մեխանիզմներ ներդնելու և շտեմարան ստեղծելու նախագծին։ Մասնագետները նշում են, որ այս օրենքը ռիսկեր է առաջացնում անձնական տվյալների պաշտպանության տեսանկյունից և կարող է այլախոհներին ու լրագրողներին թիրախ դարձնել։

Էլ ո՞ր երկրներում է ներդրված IMEI մեխանիզմը, արդյո՞ք ազատ, ժողովրդավարական երկրների իշխանություններն այսպիսի մեխանիզմ են ներդնում և վերահսկում մարդկանց, քաղաքացիներին։ Փորձագետները նշում են, որ IMEI-ը ներդրված է Թուրքիայում, Ռուսաստանում, Թունիսում, Ադրբեջանում, Կոլումբիայում, Նեպալում, Եգիպտոսում, Հնդկաստանում, Պակիստանում, Ինդոնեզիայում, Կամբոջայում, Թաիլանդում, Իրանում, Նիգերիայում, Էկվադորում, Ուկրաինայում, Լիբանանում և Քենիայում։

Այս շարքում շուտով կհայտնվի Հայաստանը։ Ինչո՞ւ են ուզում վերահսկել մարդկանց, ստիպում, որ հեռախոսի IMEI կոդը գրանցվի։

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, թե սա արվում է գողացված կամ կորցրած հեռախոսները գտնելու համար։ Եթե այդպես է, ապա IMEI կոդը պետք է լինի ըստ ցանկության, ոչ թե պարտադիր։

Հաջորդ փաստարկը վերաբերում է կիբերհանցագործությունների դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը։ Հայաստանում իսկապես շատ են կիբերհանցագործությունները։ Սակայն դրանց մեծ մասը կատարվում է այլ երկրներից։ Հանցագործները գործում են այլ երկրներում գրանցված սարքերով։ Հետևապես՝ սա նույնպես թույլ փաստարկ է։

Ժողովրդավար երկրներում ևս շատ են կիբերհանցագործները։ Բայց այս երկրներում IMEI մեխանիզմը ներդրված չէ, քանի որ մարդու իրավունքները, ազատությունները և անձնական տվյալների պաշտպանությունը կարևոր են։ Եվ իշխանությունները չեն ներդնում այդ մեխանիզմները, քանի որ այդպիսով կարող են ռիսկի ենթարկվել մարդու իրավունքները, ազատությունները և անձնական տվյալների պաշտպանությունը։

Ի տարբերություն ազատ աշխարհի երկրների՝ ՔՊ-ական կառավարության համար ժողովրդավարությունը, մարդու իրավունքներն ու ազատությունները, անձնական տվյալների պաշտպանությունը կարևոր չեն։ Նիկոլ Փաշինյանի ուշադրությունն ավելի շատ սևեռված է նախկիններին, նրանց թիմակիցներին հետապնդելու, ունեզրկելու, վախեցնելու խնդիրների վրա։ Նա մեծ ջանքեր է գործադրում, որ ազատ աշխարհին համոզի, թե ՀՀ-ում կան չար, ռուսամետ ուժեր, որոնք դեմ են անկախությանն ու ժողովրդավարությանը։ Եվ Փաշինյանը նրանց դեմ պայքարում է ոչ միայն իր իշխանության, այլև միջազգային անվտանգության համար։

Քարոզարշավի շրջանում ԱԱԾ-ն զբաղված էր ընդդիմադիրներին գաղտնալսելով։ Ընտրակաշառքի կասկածներով բացված հարյուրավոր վարույթները վկայում են, որ ԱԱԾ-ն հսկայածավալ ու զանգվածաբար գաղտնալսել է ընդդիմադիրներին, նրանց անդամներին, համակիրներին։ Մարդուն գաղտնալսելը նրա իրավունքների խախտում է։ Սակայն սա չի կաշկանդում ՔՊ-ական իշխանություններին, քանի որ նրանց չեն մտահոգում մարդու իրավունքների խախտումը, ժողովրդավարությունը, անձնական տվյալների պաշտպանությունը և այլն։

IMEI մեխանիզմը, ենթադրաբար, այս թեմայի մեջ է։ Դրա արդյունքում կարող են ավելի շատ մարդկանց վերահսկել, ավելի շատ վարույթներ կհարուցվեն ընդդիմախոսների նկատմամբ։ Այսինքն՝ այս մեխանիզմի կիրառման հիմնական նպատակը քաղաքացիներին վերահսկելն է, ընդդիմախոսներին արագ հայտնաբերելն ու չեզոքացնելը։ Եթե իրոք այս է IMEI կոդերի ներդրման նպատակը, ապա կարելի է ասել, որ Հայաստանը ընտրել է ոչ ժողովրդավարական ուղի, ինչպես Ռուսաստանը, Թուրքիան, Ադրբեջանը և այլն։

Կարճ ասած՝ ողջամիտ կասկած կա, որ IMEI-ի ներդրումից հետո ԱԱԾ-ն ավելի կմեծացնի վերահսկողությունը քաղաքացիների նկատմամբ, ավելի կոտնահարվեն մարդու իրավունքներն ու ազատությունները, ավելի շատ քաղաքացիներ հետապնդումների ու հալածանքների կենթարկվեն, ավելի շատ ՀՀ քաղաքացիների անձնական տվյալներ կհայտնվեն օտար երկրների, օտար կազմակերպությունների, հաքերների ձեռքում։ Իսկ եթե այս հոռետեսությունն անհիմն է, ապա իշխանությունները կարող են կարճել բոլոր այն գործերը, որոնք հարուցվել են ապօրինի գաղտնալսումների հիման վրա, հույս ներշնչել, որ ժողովրդավարությունն ու մարդու իրավունքներն իրենց համար ևս կարևոր են։

Թաթուլ Մկրտչյան