ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը շարունակում է հանրությանը կերակրել «արտահանման նոր աշխարհագրության» և հաջողությունների մասին լավատեսական հույսերով։ Պաշտոնական ամբիոններից հնչող թվերը, սակայն, ոչ միայն չեն արտացոլում հայ գյուղացու և արտահանողի իրական աղետալի վիճակը, այլև բացահայտ հակասության մեջ են մտնում նախորդ տարիների նույն ժամանակահատվածի ցուցանիշների հետ։ Մինչ պաշտոնյաները հպարտանում են մի քանի հարյուր տոննա արտահանմամբ, դաշտերում տոննաներով բերք է փչանում։
Արտահանման ընթացիկ տեմպերը համեմատելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ՝ պաշտոնական տվյալների փուչիկը միանգամից պայթում է։
Նախորդ տարի Էկոնոմիկայի նախարարությունը հպարտությամբ
հայտնում էր, որ հունիսի 1-ից հուլիսի 7-ը Հայաստանից արտահանվել և ՌԴ է մտել 1507 ծիրանով բեռնված բեռնատար։ Դա նշանակում էր օրական շուրջ 90-100 բեռնատարի սահման հատում և տասնյակ հազարավոր տոննաների շարժ։
Այս տարի իրավիճակը կտրուկ փոխվել է։ Հունիսի 19-21-ն ընկած եռօրյակում, ըստ նախարար Գևորգ Պապոյանի հայտարարության, արտահանվել է ընդամենը 371 տոննա ծիրան։ Եթե սա վերածենք բեռնատարների (մեկ մեքենայում միջինը 20 տոննա), ապա խոսքը ողջ հանրապետությունից ընդամենը 18-19 բեռնատարի մասին է։
Նախորդ տարվա հարյուրավոր մեքենաների ֆոնին՝ ընթացիկ տեմպերը ոչ թե պարզապես ցածր են, այլ խոսում են համակարգային կոլապսի մասին։
Հայաստանից թարմ ծիրանը սովորաբար և ավանդաբար 95%-ից ավելի ծավալով արտահանվում է Ռուսաստանի Դաշնություն։ Մնացած չնչին տոկոսը տարիներ շարունակ բաժին է ընկել Բելառուսին, Ղազախստանին և Վրաստանին։ Այս տարի, սակայն, այս ավանդական շղթան ամբողջությամբ ջախջախվեց։
Վերջին ամիսներին Ռոսսելխոզնադզորը մի շարք սահմանափակումներ էր մտցրել հայկական գյուղմթերքի նկատմամբ, այդ թվում՝ ծիրանի, դեղձի, սալորի և այլ մրգերի նկատմամբ, ինչը նորից ակտիվացրել է արտահանման դիվերսիֆիկացման թեման։ Իսկ արդեն 2026 թվականի հունիսի 12-ից արգելքը դարձավ կատարյալ՝ հարվածելով ծիրանի սեզոնի հենց սրտին և պատանդ պահելով հայ գյուղացուն, ով տարիներ շարունակ կախված է եղել միայն մեկ շուկայից։
Այս ճգնաժամային ֆոնին էկոնոմիկայի նախարարությունը շտապեց հայտարարել, թե ծիրանի առաջին խմբաքանակները արտահանվել են Ուկրաինա, Վրաստան, և որոշակի ծավալներ էլ ուղղվելու են Լեհաստան։
Վերջին օրերին Հայաստանից ծիրանի արտահանման մասին քննարկումները ակտիվացել են հատկապես այն բանից հետո, երբ
հայտարարվեց, որ առաջին խորհրդանշական խմբաքանակը հասել է ԵՄ։ Սակայն առայժմ հրապարակված չեն տվյալներ, թե այդ խմբաքանակը քանի՞ տոննա է կազմել, և ի՞նչ ծավալների մասին է խոսքը։
Այս համատեքստում ԵՄ շուկա ծիրանի նույնիսկ փոքր խմբաքանակի մուտքը պաշտոնյաների կողմից ներկայացվում է որպես ռազմավարական քայլ և մեծ ձեռքբերում։ Սակայն իրականում սրանք սիմվոլիկ ծավալներ են։ Մի քանի տասնյակ տոննան չի կարող փրկել Հայաստանում սովորաբար արտադրվող և արտահանվող մի քանի հազար տոննա ծիրանը, երբ հիմնական հսկա շուկան փակ է։
Ըստ պաշտոնական վիճակագրության, 2023 թվականին Հայաստանից արտահանվել է մոտ 5 300 տոննա թարմ ծիրան (ցրտահարության պատճառով), 2024 թվականին ցուցանիշը կազմել է շուրջ 5 700 տոննա։ 2025 թվականի ծիրանի սեզոնին արտահանման ծավալները, ըստ պաշտոնական ամփոփումների, հասել են մոտ 51 677 տոննայի, ինչը ներկայացվել է որպես տարվա բարձր ցուցանիշներից մեկը։ 2026 թվականին տնտեսությունը բախվեց լոգիստիկ կոլապսի՝ ռուսական սահմանափակումների և այլընտրանքային շուկաների բացակայության պատճառով։
Եվ մինչ պաշտոնական հաղորդագրությունները փորձում են դրական ֆոն ստեղծել, արտահանողներն ու գյուղացիները հայտնվել են փակուղու առջև։
Արտահանողները, ովքեր արդեն կանխավճարներ էին տվել գյուղացիներին կամ պայմանավորվածություններ ձեռք բերել, չեն կարողանում բեռնատարներն ուղարկել սահմանային անցակետ՝ վախենալով, որ ապրանքը կվերադարձվի կամ կփչանա ճանապարհին։ Արդյունքում այլընտրանքային ճանապարհ չլինելու պատճառով միրգը փչանում է հենց սառնարաններում կամ այգիներում։
Հասմիկ Մովսիսյան