Խորհրդային բռնազավթումից ազատագրված մեր երբեմնի բախտակից երկրներում իրականացվել է դեսովետիզացում՝ վերանվանվել են բոլոր այն տեղանունները, որոնք բռնազավթման շրջանն են խորհրդանշում։ Երևանի ավագանին 2023-ի ընտրություններից առաջ Կասյան փողոցը վերանվանվեց Վազգեն Ա Վեհափառի անունով։ Դրանից մոտ 3 տարի անց Ամիրյան փողոցը վերանվանվեց Պապ թագավորի անվամբ։
Ինչո՞ւ վերանվանեցին Ամիրյան փողոցը, և ինչո՞ւ միանգամից բոլոր սովետական տեղանունները չեն վերանվանում։
Օրինակ՝ Ուկրաինայում տարիներ առաջ ընդունվել է դեսովետիզացման մասին օրենք, որով անվանափոխվել են բռնազավթման շրջանը խորհրդանշող բոլոր տեղանունները, որոնց թիվը մի քանի հազար էր։ Այսինքն՝ մեկ օրենքով մի քանի հազար տեղանուն միանգամից անվանափոխվել է, ստացել ազգային անվանում։ Նման օրենքներ են ընդունել նաև բախտակից այլ երկրներ։ Լեհաստանում չկա այդպիսի փողոց կամ տեղանուն, որը խորհրդային բռնազավթման շրջանի կնիքն է կրում։
Ամիրյանը 1902-1906-ին ՀՅԴ-ական է եղել։ ՀՅԴ-ից հեռանալուց հետո հրապարակել է «Ժամանակն է սթափվելու», «Դաշնակցության կրիզիսը» գրքույկները։ 1910-ին բանտից դուրս գալուց հետո Ամիրյանն անցել է Բոլշևիկյան կուսակցության շարքերը և Բաքվի պրոլետարիատի շրջանում քարոզչական գործունեություն ծավալել։ Բաքվի կոմունայի ժամանակ մտել է բոլշևիկյան ղեկավար խմբի մեջ։ 1917-1918-ին խմբագրել է «Բակինսկի ռաբոչի» թերթը։ Կոմունայի անկումից հետո՝ 1918-ի հուլիսի 30-ին ձերբակալվել է և սեպտեմբերի 20-ին գնդակահարվել 26 կոմիսարների հետ։
Այս կենսագրությունը ցույց է տալիս, որ Ամիրյանը հայ ազգի, Հայաստանի հետ ընդհանուր ոչինչ չունի։ Ո՛չ քաղաքական, ո՛չ մշակութային առումով հիմնավորված չէ նրա անվամբ տեղանունն անկախ Հայաստանում։ Նա հայտնի բոլշևիկ էր։ 26 կոմիսարները խորհրդային քաղաքացիների համար հերոսներ էին։ Եվ այդ հիմքով է նրա անվամբ փողոց կոչվել Երևանում։ Բայց խորհրդային բռնազավթումից ազատագրվելուց հետո անկախ Հայաստանում նրա անվամբ փողոցը, բնականաբար, պետք է անվանափոխվեր։
Հայաստանի անկախանալուց հետո՝ 1990-ականներին, այս փողոցը մի քանի տարի կոչվել է Վռամշապուհ արքայի անունով, այնուհետև կրկին ստացել նախկին անունը։ Այս հետընթացը բացառիկ չէ։ Այս շրջանում ՀՀ-ն նահանջ է արձանագրել անկախությունից։ Բանն այն է, որ 1995-ին ՀՀ-ում ռուսական ռազմաբազայի տեղակայումից և ՌԴ-ին մի շարք իրավունքներ վերապահելուց հետո ՀՀ-ում մեծացավ ՌԴ-ի ազդեցությունը, և վերջինիս ճնշման տակ էլ տեղի ունեցավ հետընթաց՝ վերականգնվեցին խորհրդային բռնազավթումը խորհրդանշող տեղանունները՝ որպես ապացույց, որ Հայաստանը շարունակում է մնալ ռուսական ազդեցության գոտում։
Այս հետընթացը տեղի է ունեցել նաև Եվրոպայի խորհրդին անդամակցելու գործընթացին զուգահեռ։ Այդ ժամանակ, ինչպես հիմա, ՀՀ իշխանությունները խաղում էին երկու լարի վրա, և՛ Եվրոպայի հետ էին խորացնում ինտեգրումը, և՛ Ռուսաստանի։ 2000-ին ՀՀ-ն դարձավ Եվրոպայի խորհրդի անդամ, եվրաինտեգրումն ամրագրվեց որպես արտաքին քաղաքական առաջնահերթություն։ Զուգահեռաբար վերականգնվեցին խորհրդային բոլշևիկների անվամբ տեղանունները։ Այսինքն՝ Ամիրյանի ու մյուս բոլշևիկների վերադարձը Երևան տեղի ունեցավ, այսպես կոչված, «և՛-և՛»-ի կամ փոխլրացման, կամ բալանսավորման քաղաքականության արդյունքում, որը շարունակվում է նաև Փաշինյանի օրոք։
Այս տեսանկյունից նորմալ է, որ Փաշինյանի իշխանությունը երեք տարին մեկ անգամ մեկ փողոց է անվանափոխում։ Այսպես ձևացնում են, թե ռուսական գործակալ չեն, անկախության և ժողովրդավարության ջատագով են։ Սակայն իրականում փորձում են ձգձգել գործընթացը մինչև ուկրաինա-ռուսական պատերազմի ելքը։ Եթե Ռուսաստանը պարտվի, ապա մյուս փողոցներն արագ կանվանափոխեն ազգային գործիչների անուններով, իսկ եթե հաղթի, ապա բոլշևիկները, ՀՀ անկախության և ժողովրդավարության հետ կապ չունեցողները կամ ՀՀ անկախության դեմ գործողները կրկին կգրավեն Երևանի փողոցները։
Կարճ ասած՝ Ամիրյանի փողոցն անվանափոխելու ուղերձն այն մասին է, որ Փաշինյանը ռուսական ազդեցության պահպանման ջատագով չէ, ուզում է դեսովետիզացում անել, սակայն շատ թույլ է, փոքրոգի, թույլ իշխանություն ունի և չի կարող միանգամից բոլոր փողոցներն անվանափոխել։ Առավելագույնը կարող է 3 տարին մեկ անգամ մեկ փողոց անվանափոխել։ Եվ եթե այս տեմպը պահպանվի, ապա մոտ 1000 տարի անց ՀՀ-ն կազատվի ռուսական մշակութային ազդեցությունից։
Թաթուլ Մկրտչյան