Միլիոնավոր դոլարների վնաս են կրում հայ գյուղացիներն ու արտահանողները ռուսական շուկայի փակված դռների հետևանքով։ Եվ մարդկանց հետաքրքրում է, թե ե՞րբ կբացվեն ռուսական շուկայի փակված դռները։
Այս առումով շրջանառվում է 3 վարկած։
Առաջին վարկածը քաղաքական համատեքստ չունի։ «Ռոսսելխոզնադզորը» հայտնում է, որ Հայաստանից որոշակի սննդամթերքի ներմուծման սահմանափակումները պայմանավորված են հայտնաբերված խախտումներով, ոչ թե քաղաքականությամբ։ ՀՀ իշխանությունները ևս հույս են տալիս, որ խնդիրը քաղաքական չէ, ժամանակավոր է և շուտով կկարգավորվի։ Սա նշանակում է, որ հայկական ապրանք արտադրողներն ու արտահանողներն ինչ-որ ժամանակում կարող են վերացնել խախտումները, ապրանքը համապատասխանեցնել պահանջվող ստանդարտներին, և շուկան կրկին կբացվի։ Սակայն արտահանողները, ՍԱՏՄ-ն ու Էկոնոմիկայի նախարարությունը ոչինչ չեն ասում, թե ինչ են անում ռուսական շուկայի պահանջները բավարարելու ուղղությամբ։ Հետևապես՝ այս վարկածը թույլ է։
Երկրորդ վարկածը աշխարհաքաղաքական է։ Ասում են, թե Մոսկվան Արևմուտքի հետ գործարք է կնքել Հայաստանի մասին, սակայն ձևացնում է, թե վրդովված է, որ ՀՀ-ն ԵՄ անդամակցելու գործընթաց է հռչակել, ԵՄ-ի հետ համագործակցում է տարբեր ոլորտներում։ Եվ նրանք խանդի տեսարան են սարքում, հրաժարվում կատարել իրենց պարտականությունները, քանի որ Հայաստանը եվրոպացիների հետ ընկերություն է անում։ Սակայն խանդը քաղաքական կատեգորիա չէ, և լուրջ քաղաքականությունը խանդի վրա չեն կառուցում։ Հետևապես՝ ենթադրելի է, որ ռուսները շուկան փակել են, որ ԵՄ-ն բացի իր շուկան հայկական ապրանքի առաջ։ Այսինքն՝ սա մեծ գործարքի արդյունք է, ըստ որի՝ ՌԴ-ն հրաժարվում է ՀՀ-ում ունեցած իր ազդեցությունից և նպաստում, որ ՀՀ-ն ինտեգրվի ԵՄ տնտեսությանը։
Երրորդ վարկածը վերաբերում է ՀՀ-ում իշխանությանն ու ընդդիմությանը։ Այս վարկածը ներքաղաքական է։ Տևական ժամանակ ՔՊ-ն ու նրա խոսափողները հայտարարում են, թե ՌԴ-ն ՀՀ-ի դեմ հիբրիդային պատերազմ է վարում, ազդում ընտրությունների վրա, իշխանության ձևավորման վրա։ Ընդդիմադիր 3 մեծ ուժերը անուղղակի, երբեմն էլ ուղիղ մեղադրվում են Մոսկվայի այս ծրագիրը սպասարկելու մեջ։ Այս համատեքստում ենթադրելի է, որ Մոսկվան փակել է ռուսական շուկան հաջակցություն ընդդիմադիր ուժերի՝ որպես նվեր ռուսամետ ընդդիմությանը։ Ենթադրյալ հաշվարկն այն է, որ միլիոնների վնաս կրած մարդիկ կբարկանան, ոտքի կկանգնեն, իրապես կպայքարեն իշխանափոխության համար և կուզենան ռուսամետ իշխանություն, որը կբացի ռուսական շուկան հայկական ապրանքի առաջ։
Այսպիսով՝ եթե առաջին վարկածն է, և խնդիրը խախտումներն են, ապա կոնկրետ ժամանակ անց ՍԱՏՄ-ն ու Ռոսսելխոզնադզորը միասնաբար կկարգավորեն խնդիրն ու հայկական ապրանքի չափանիշները կհամապատասխանեցնեն ռուսական պահանջներին, և ռուսական շուկան վերստին կբացվի հայերի համար։ Այսինքն՝ ՍԱՏՄ-ի ջանքերով հարցը կկարգավորվի կոնկրետ ժամկետում։
Եթե երկրորդ վարկածն է, ապա անելիք ունի Նիկոլ Փաշինյանը։ Նա կարող է պարզեցնել ՀՀ քաղաքականությունը, պարզ ասել ռուս գործընկերոջը, որ ուզում ենք ԵՄ անդամ դառնալ, ուզում ենք դուրս գալ ռուսական ազդեցության գոտուց, պաշտպանել անկախությունն ու ժողովրդավարությունը։ Որպես ասվածի ապացույց՝ ՀՀ-ն ԵՄ-ին անդամակցելու հայտ կներկայացնի։ Դրանից հետո ռուսական շուկան փակ պահելն իմաստ չի ունենա, ու ռուսները նույնիսկ կխնդրեն, որ հայկական ապրանքն արտահանվի ոչ միայն ԵՄ, այլև մի քիչ էլ իրենց շուկա։
Վերջապես՝ երրորդ վարկածով անելիք ունի ընդդիմությունը։ Ընդդիմադիր ուժերը կարող են հայտարարել, որ ճանաչում են ընտրությունների արդյունքները, վերցնում են մանդատները, շարունակելու են քննադատել ՔՊ-ին, ձգտելու են իշխանության հաջորդ ընտրություններին։ Որոշ ուժեր կարող են հրաժարվել ռուսամետությունից, անկախության ու ժողովրդավարության պաշտպանության դիրքերում կանգնել, ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին միանալու նպատակ հռչակել։ Այսպիսի տրանսֆորմացիայից հետո Մոսկվան հույսը կկտրի, թե ՀՀ-ում ռուսամետ ուժերով կարող է իշխանություն ձևավորել։ Այսպիսի հուսահատությունից հետո ռուսական շուկան կրկին կբացվի հայկական ապրանքի առաջ։
Կարճ ասած՝ ռուսական շուկան բացելու հարցում անելիք ունեն ՍԱՏՄ-ն, Փաշինյանը և ընդդիմությունը։ Եթե նրանք իրենց անելիքն անեն, ապա ռուսական շուկան կբացվի։ Ամեն դեպքում՝ միլիոններ կորցրած գյուղացիներն ու արտահանողները կարող են իմանալ, թե կոնկրետ ով կարող է նպաստել ռուսական շուկայի բացմանը։
Թաթուլ Մկրտչյան