Ներքին Միտք 59 րոպե առաջ - 23:01 19-06-2026

Աննախադեպ հետընտրական ճգնաժամ․ յոթ ուժ ընդդեմ պաշտոնական արդյունքների. Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է.

Աննախադեպ հետընտրական ճգնաժամ․ յոթ ուժ ընդդեմ պաշտոնական արդյունքների

Հայաստանի քաղաքական պատմության մեջ դժվար է հիշել մի դեպք, երբ ընտրությունների արդյունքները միաժամանակ վիճարկեն այսքան տարբեր քաղաքական ուժեր։ Սա սովորական հետընտրական վեճ չէ։

Նախկինում ևս ընտրությունների արդյունքները վիճարկվել են՝ 1996, 2003, 2008, 2013 և 2021 թվականներին։ Սակայն այդ դեպքերում նախաձեռնությունը հիմնականում կենտրոնացած էր մեկ թեկնածուի, մեկ դաշինքի կամ ընդդիմության սահմանափակ շրջանակի շուրջ։ Այսօր իրավիճակն այլ է. ընտրությունների արդյունքները վիճարկում է քաղաքական դաշտի զգալի հատվածը՝ գաղափարական և քաղաքական տարբեր բևեռներից։

Սա կարևոր քաղաքական փաստ է, ինչը վկայում է, որ խնդիրը համակարգային բնույթ ունի։ Երբ տարբեր քաղաքական ուժեր, որոնք բազմաթիվ հարցերում ունեն հակադիր դիրքորոշումներ, նույն հարցով դիմում են երկրի բարձրագույն սահմանադրական ատյանին, դա արդեն ընտրական գործընթացի նկատմամբ լայնածավալ, խորքային անվստահության ցուցիչ է։

Խնդիրը նաև լեգիտիմության տիրույթում է։ Իշխանությունը կարող է հենվել պաշտոնական արձանագրությունների և իրավական ընթացակարգերի վրա, սակայն լեգիտիմությունը միայն իրավական փաստ չէ։ Այն նաև հասարակական և քաղաքական վստահության արդյունք է։ Երբ ընտրական գործընթացի մասնակիցների զգալի մասը չի ընդունում արդյունքները որպես անվիճելի, անխուսափելիորեն առաջանում են լեգիտիմության հետ կապված հարցեր։

Երբ ընտրությունների արդյունքները վիճարկում է մեկ քաղաքական ուժ, դա կարող է ընկալվել որպես սովորական քաղաքական պայքարի դրսևորում։ Բայց երբ նույն ճանապարհն են ընտրում յոթ տարբեր քաղաքական ուժեր, դա արդեն քաղաքական համակարգին ուղղված լուրջ ազդակ է և ընտրական գործընթացի նկատմամբ վստահության ճգնաժամի մասին ահազանգ։

Սահմանադրական դատարանի առաջ այսօր կանգնած է ոչ միայն իրավական, այլև քաղաքական պատասխանատվության հարց։ Նրա որոշումը պետք է պատասխանի ոչ միայն ներկայացված դիմումներին, այլև այն հիմնարար հարցին, որը հուզում է հասարակությանը․ որքանո՞վ են ընտրությունների արդյունքներն արտահայտում քաղաքացիների ազատ կամարտահայտությունը և որքանո՞վ է ընտրական համակարգը վայելում հանրային վստահություն։

Անկախ ՍԴ-ի վերջնական որոշումից՝ մեկ բան արդեն ակնհայտ է․ յոթ քաղաքական ուժերի դիմումը Հայաստանի նորագույն պատմության մեջ աննախադեպ իրողություն է և վկայում է, որ հետընտրական գործընթացը վերածվել է ոչ միայն իրավական, այլև քաղաքական լեգիտիմության լուրջ փորձության։

Եթե դատարանը մակերեսորեն մերժի դիմումները՝ առանց էական փաստերի քննության, դա կարող է ավելի խորացնել անվստահությունը, քաղաքական փակուղին, իշխանության ճգնաժամը՝ ճանապարհ բացելով ցնցումների համար:

Ամենից շատ դիտված

14:56 Մահացել է Միսս Եվրոպա 2022-ում Հայաստանը ներկայացրած Վերա Սաֆարյանը
13:14 Ուկրաինական հարվածներից հետո Ռուսաստանում բենզինի ճգնաժամ է առաջացել
18:00 Մեկ հանճարեղ գլուխ, երկու աշխատավայր. ինչպես է Գևորգ Պապոյանը համատեղում բուհական միլիոններն ու պետական ծառայությունը
14:12 Ոչ մեկին հետաքրքիր չէ քո կտրատած լեշը. ինչպես է արձագանքել 51 կգ նիհարած Նինան իրեն ուղղված մեկնաբանությանը
13:23 Ընտրությունները ցույց տվեցին, որ ՀՀ բնակչության մեծ մասը դեմ է Փաշինյանի վարած քաղաքականությանը. ԱԺՄ
10:48 Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում․ Hyundai-ի վարորդի և 9 ուղևորների մոտից հայտնաբերվել է ընտրակաշառք տալու համար նախատեսված գումար
13:57 Պուտինը խելագար է, բայց պատրաստ ենք բանակցել. Զելենսկի
16:30 Փողոցային պայքարի շնորհիվ Փաշինյանը կհաղթահարի՞ լեգիտիմության ճգնաժամը
16:51 Փամբակ գետում ջրահեղձ եղած 7-ամյա երեխային դեռ չեն հուղարկավորել
21:53 Վանդալիզմ՝ Լոռու մարզում․ կոտրել են զինվորի հիշատակին տեղադրված հուշաքարը

Ձեզ գուցե հետաքրքրի