Ասում են, թե Նիկոլ Փաշինյանը դրդում է ընդդիմությանը փողոցային պայքարի, որ հաղթահարի լեգիտիմության ճգնաժամը։ Արդյո՞ք այս ասեկոսեն հիմնավոր է։
Հիշենք, որ օրեր առաջ Փաշինյանն ԱԺ ամբիոնից կոչ էր արել ընդդիմադիր առաջնորդներին դուրս գալ փողոց ու հեղափոխություն անել։ Սակայն ընդդիմադիրներն այդ կոչն արհամարհում են։ Միայն Սամվել Կարապետյանն է հայտարարում ընդդիմադիր ուժերի միավորման, միասնական հանրահավաք կազմակերպելու, պայքարը շարունակելու և հաղթանակի հասնելու հույսի մասին։
«Մենք հրավիրում ենք համագործակցության բոլոր ընդդիմադիր ուժերին, որ միասին պայքարենք ու տանենք հաղթանակ։ Ես վստահ եմ՝ հաղթանակը հեռու չէ, հաղթանակը մոտ է, դրա համար պետք է անենք ճիշտ քայլեր։
Առաջարկում եմ դիմենք ԱՄՆ ղեկավարությանը, Եվրոպայի կարևոր պետությունների ղեկավարներին, ՌԴ ղեկավարին, Չինաստանի ղեկավարին և հուսով եմ՝ այս երկրներից կունենանք արձագանք»,- նշել է նա և հավելել. «Շուտով մենք միասին, բոլոր ընդդիմադիր ուժերով, կհրավիրենք հանրահավաք, որը ցանկանում եմ կոչենք ուժեղ և վստահելի հանրահավաք, քանի որ միայն այդ դեպքում կկարողանանաք ռեալ մեր ժողովրդի աջակցությունը ստանալ այդ հանրահավաքին»։
Փողոցային պայքարի հաջողության հետ կապված հանրային մեծ հույսեր չկան։ Փաշինյանի կառավարությունը մի քանի անգամ ապացուցել է, որ կարող է բռնություն կիրառել, նռնակ նետել ժողովրդի վրա, ցրել ցույցերն ու հանրահավաքները, բանտարկել ընդդիմության առաջնորդներին ու ակտիվիստներին։ Այս առումով փողոցային պայքարի հաջողությունը հարցականի տակ է։ Նույնիսկ եթե հաջողվի միավորել ընդդիմադիր ուժերին, միևնույն է, հաջողությունը երաշխավորված չէ։
Արտաքին աջակցության հարցում ևս հուսադրող շարժեր չկան, չհաշված Մոսկվայի ակնարկները։ Պուտինի չշնորհավորելը, հայկական ապրանքների դեմ ռուսական շուկայի դռները փակելն այս համատեքստում են։ Այսպիսով, Մոսկվան քաջալերում է ընդդիմադիր ուժերի փողոցային պայքարը։ Մոսկվայից բացի ոչ ոք չի պաշտպանում ընդդիմադիրներին։ Հետևաբար ենթադրելի է, որ արտաքին աջակցությամբ իշխանափոխության հասնելու հարցում ևս ընդդիմադիր ուժերը չեն հաջողելու, քանի որ ՀՀ-ում իշխանություն փոխելու հարցում միայն ռուսների աջակցությունը բավարար չէ։
Ներկայում ընդդիմադիր ուժերի մի մասը չի ճանաչում ընտրությունների արդյունքները։ Այս առումով կա լեգիտիմության ճգնաժամ։ Եթե ակտիվանա փողոցային պայքարը, ցույցերն ու հանրահավաքները, ապա վաղ թե ուշ ցուցարարների և իշխանությունների միջև կոնֆլիկտը կխորանա, և ի հայտ կգան հաշտեցնող միջնորդներ, որոնց ջանքերով ընդդիմադիրների հանդեպ ծայր առած զանգվածային բռնաճնշումները կդադարեն, իսկ ընդդիմությունը կճանաչի հունիսի 7-ի ընտրությունների արդյունքներն ու Փաշինյանի իշխանության օրինակարգությունը։
Այսպիսով, ընդդիմության փողոցային պայքարն ինքնին հաջողության հասնելու քիչ շանսեր ունի։ Համախմբված հանդես գալը կարող է անուղղակի ապացուցել Փաշինյանի նարատիվը, թե ռուսամետ ուժերն ուզում են հեղափոխություն անել, անկախության ու ժողովրդավարության դեմ են, խաղաղության և միջազգային անվտանգության համար սպառնալիք են և այլն։ ԱՄՆ-ն, ԵՄ-ն, ժողովրդավարական երկրները չեն կարող աչք փակել ընդդիմադիրների նկատմամբ կիրառվող զանգվածային բռնությունների վրա և կմեծացնեն Փաշինյանի իշխանության վրա ճնշումները՝ նրանից պահանջելով ռեալ քայլեր կատարել անկախության և ժողովրդավարության պաշտպանության ուղղությամբ։ Այս ճնշումներից հետո ի հայտ կգան ռուս բարձրաստիճան էմիսարներ, որոնց միջնորդությամբ կդադարեն բռնաճնշումները։ Դրանից հետո ընդդիմությունը, ենթադրաբար, կճանաչի Փաշինյանի լեգիտիմությունը, ինչի դիմաց Փաշինյանը կխոստանա, որ չի վերանայելու հայ-ռուսական օրակարգը։ Արևմուտքն էլ կդադարեցնի ճնշումները՝ ըմբռնելով, որ Փաշինյանն այս փուլում արմատական բարեփոխումներ անելու անկարող է։
Կարճ ասած՝ ընդդիմությունն այս պահին երկու քարի արանքում է։ Մոսկվայից նրանց դրդում են փողոցային ակտիվ պայքարի, ինչից ակնհայտորեն օգտվելու է Փաշինյանը և նույն Մոսկվայի աջակցությամբ հաղթահարելու է լեգիտիմության ճգնաժամը։
Թաթուլ Մկրտչյան