«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արդարադատության նախարարությունը, պատասխանելով «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանը, տեղեկացրել է, որ վերջին տարիներին մերժվել է միայն մեկ կուսակցության գրանցում։ Խոսքը Արթուր Ղազինյանի կողմից հիմնադրված քաղաքական ուժի մասին է, որի պետական գրանցման դիմումը մերժվել է պետական ռեգիստրի պետի կողմից։
Մերժման հիմքը եղել է «Կուսակցությունների մասին» օրենքի պահանջներին չհամապատասխանելը։ Ըստ Արդարադատության նախարարության՝ խնդիրները կապված են եղել հիմնադիրների թվի կամ հիմնադիր համագումարի անհրաժեշտ որոշումների հետ։ Ղազինյանը, սակայն, նշել է, որ իր «Մեկ Հայաստան» կուսակցությունը վաղուց լուծարված է, չի մասնակցել ընտրություններին և գրանցման նոր դիմում չի ներկայացրել։
«Հրապարակ» թերթը գրում է․ Հրազդանում կառուցվող արհեստական բանականության տվյալների մշակման կենտրոնը, որն իրականացվում է Firebird AI ընկերության նախագծով, գտնվում է նաև անվտանգության կառույցների ուշադրության ներքո։ Ըստ հրապարակման՝ Մեթյու Քրոուն մի քանի անգամ այցելել է կենտրոն, իսկ վերջին երկու այցի շրջանակներում կենտրոնի տարածք է մտել նաեւ երկու բեռնատար՝ ինչ-որ սարքավորումներով, որոնք տեղադրված են եղել հատուկ հակահարվածային արկղերի մեջ։ Նման վերահսկողություն սովորաբար հատուկ ծառայությունների կողմից իրականացվում է, եթե պաշտպանական օբյեկտի մասին է խոսքը։
«Հրապարակ» թերթը գրում է. «Արդեն տեւական ժամանակ է՝ Ռուսաստանն արգելել է Հայաստանից պտուղ-բանջարեղենի ներմուծումն իր տարածք։ Իշխանական շրջանակները փորձում են կրկին խաբել մարդկանց, թե ռուսական արգելքները շրջանցելու ուղիներ են գտել։ Բացի այն, որ մի քանի ֆուռ մթերք է ուղարկվել տարբեր երկրներ՝ որպես փորձանմուշ, զարտուղի ճանապարհ էլ են գտել։ Իշխանական միջանցքներում պարծենում են, թե հայկական ելակը տանում են Վրաստան եւ այնտեղից թուրքականի անվան տակ արտահանում Ռուսաստան։ Ի դեպ, նշվում է, որ այդ այլընտրանքային ճանապարհից բոլորը չէ, որ օգտվում են։
Մեզ ասացին, որ այդ ուղին աշխատում է Տիգրան Ավինյանի ընտանիքի հետ կապվող ջերմոցների ելակի արտահանման համար։
«Հրապարակ» թերթը գրում է. «Որոշ տեղեկություններով, ռուսական գազի թանկացման պարագայում Փաշինյանի ընկերն ու դաշնակիցը դարձած Իլհամ Ալիեւը խոստացել է այլընտրանքային գազ մատակարարել Հայաստանին, մենակ չթողնել կրտսեր ընկերոջը։
Սխեման, ըստ մեր աղբյուրի, լինելու է այսպիսին․ Ադրբեջանը գազը գնելու է Ռուսաստանից եւ համեմատաբար էժան գնով տրամադրելու է Հայաստանին, իսկ թե ինչպես է դա իրականացվելու, տեխնիկական մանրամասների վերաբերյալ մեր աղբյուրները լռում են։ Միայն ենթադրում են, որ գազի գնի էժանացումը, հավանաբար, սուբսիդավորելու է Ալիեւը։
«Հրապարակ» թերթը գրում է․ Մեղրիի համայնքապետ Խաչատուր Անդրեասյան-ը պաշտոնից ազատել է իր տեղակալ Բագրատ Զաքարյանին։ Ըստ հրապարակման՝ համայնքապետարանում երկար ժամանակ տարաձայնություններ և վեճեր են եղել, իսկ պատճառներից մեկը Զաքարյանի ակտիվ ներգրավվածությունն ու խորհուրդներն են եղել համայնքի կառավարման հարցերում։ Մեղրիում իշխանությունը ձևավորվել էր ռոտացիոն սկզբունքով, քանի որ որևէ քաղաքական ուժ մեծամասնություն չէր ստացել։ Նշվում է նաև, որ Զաքարյանը կարող է առաջադրվել առաջիկա աշնան տեղական ընտրություններում։
«Փաստ» թերթը գրում է․ Ընտրությունների ընթացքում երեք ընտրատեղամասերում արդյունքների չեղարկումից հետո առաջացել է իրավական վեճ՝ կապված հետագա քայլերի հետ։
Պաշտոնապես արձանագրված ընտրական խախտումների դեպքում պատասխանատու մարմինները չեն ձեռնարկում օրենքով նախատեսված քայլերը և փորձում են միջազգային զեկույցների մեկնաբանությամբ արդարացնել անգործությունը։ Երեք ընտրատեղամասերում արդյունքների չեղարկումից հետո ԿԸՀ-ն, ըստ օրենքի, պետք է կամ վերաքվեարկություն նշանակեր, կամ նոր ընտրություններ անցկացներ։
Վենետիկի հանձնաժողովի զեկույցին հղում անելով՝ ԿԸՀ-ն փաստացի խուսափում է իրավական լուծումից, մինչդեռ լուրջ ընտրական խախտումները չպետք է մնան անհետևանք։ «Փաստ»-ը նաև ընդգծում է, որ այժմ Սահմանադրական դատարանը պետք է որոշի՝ պաշտպանվա՞ծ է ընտրողի ձայնը, թե՞ քաղաքական նպատակահարմարությունը կգերակայի օրենքի պահանջներին։